Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը դեմ է արտահերթ նիստին. «ԱԺ-ն չպետք է սարքել շուկա, մի աշխատեք, մահանա էր պետք»

Դեկտեմբեր 15,2014 14:56

«Այսօրվա իրավիճակը, որ եղավ, բնական եմ համարում, բայց միեւնույն ժամանակ չափազանցված եւ քաղաքական ներկայացման տարրեր եմ տեսնում, որովհետև առաջինը ՀՀԿ-ն է դատապարտել ազատամարտիկների ու Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցած միջադեպերը»,- այսօր ոչ իշխանական ուժերի բոյկոտը լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա ասաց, որ դեռ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հույս է հայտնել, որ ոստիկանությունը լավագույնս կկատարի իր վրա դրված պարտականությունները եւ կպարզի, թե ինչ է եղել. «Այսօր էլ հայտնաբերել են օրինախախտ քաղաքացուն, եւ խնդիրը գտնվում է իրավական տիրույթում: Մենք քաղաքական հայտարարություն արել ենք եւ դատապարտել: Այն, որ իրենք բոյկոտեցին և պահանջեցին մեզնից, որ ընդհատենք եւ արտահերթ նիստ հրավիրենք, ես հիմա իրենց հարց եմ ուղղում` կանոնակարգի այդ ո՞ր կետով մենք պետք է ընդհատեինք նիստը եւ այլ հարց քննարկեինք: Ես իմ գործընկերներին խնդրում եմ Հռոմի պապից ավելի կաթոլիկ չլինել եւ Ազգային ժողովը չսարքել շուկա»:

Ըստ Էդուարդ Շարմազանովի, կանոնակարգով հնարավոր չէ ընդհատել նիստն ու այլ հարց քննարկել: Եվ նրա խոսքերով ընդդիմության պատգամավորներն էլ դա շատ լավ գիտեն. «Եթե դա իմանալով հանդերձ` նման պահանջ են դնում, ուրեմն ընդամենը քաղաքական շոու են անում»:

Պարոն Շարմազանովը Արամ Մանուկյանի ծեծին գնահատական տալու համար արտահերթ նիստ հրավիրելը նպատակահարմար չի համարում. «Ո՞րն է նպատակը, կանգնենք, կուրծք ծեծենք, ասենք` ինչ վա՞տ է: ԱԺ նախագահն էլ է դատապարտել, ես էլ, իշխող կուսակցությունն էլ, բայց խնդիրը գտնվում է իրավական տիրույթում: Եվ եթե իրենց նպատակն աղմուկ անելն է, ապա դրա համար այլ տեղ կա»:

Հետո Շարմազանովը խոսքն ուղղեց բոյկոտողներին. «Եթե չեք ուզում աշխատել, գնացեք, մի աշխատեք, մահանա էր պետք ուղղակի, պատրվակ էր պետք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031