Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երաժշտությամբ զբաղվելը տիեզերական երևույթ է». Լեշեկ Մոժջեր 

Դեկտեմբեր 15,2014 13:58

«Ես ամեն օր փորձում եմ իմ ներաշխարհը կատարելագործել ու զարգացնել՝ ունակություններիս աճի հետ միասին, որպեսզի մարմնիս՝ նվագելուն պատրաստ կատարյալ վիճակից կարողանամ հանդիսատեսի հետ կիսվել զգացողություններով»,- այսօր լրագրողների  հետ հանդիպման ժամանակ ասաց լեհ  ջազ դաշնակահար և երգահան  Լեշեկ Մոժջերը:

Լեհ երաժիշտը Հայաստան է ժամանել  մի քանի ժամ առաջ: Այսօր «Արամ Խաչատրյան»  համերգասրահում ժամը 19-ին կկայանա  նրա մենահամերգը: Սա Լեշեկ Մոժջերի առաջին հյուրախաղային այցն է Հայաստան:  Դաշնակահարը  դասական ստեղծագործություններին նոր՝ ջազային մեկնաբանություն է տալիս, և չնայած  նախնական պայմանավորվածությամբ մենահամերգի ժամանակ պետք է կատարի  Շոպենի, Բախի, Պրոկոֆևի,  Կոմեդայի  ու իր հեղինակած ստեղծագործությունները, լրագրողներին ասաց, որ  դրանց ընտրությունը միանշանակ չէ:  Կատարելիք գործերը կընտրի  տեղում՝ բեմի վրա, երբ զգա, թե ինչպիսին է այսօրվա հանդիսատեսը:

Երկար ժամանակ նվագելուց հետո  լեհ դաշնակահարն ինքն իր փորձից է հասկացել, որ մեկուկես ժամ  դաշնամուրային մենահամերգ լսելը տաղտկալի է, այդ իսկ պատճառով սեփական լուծումն է առաջարկել. նվագելու ընթացքում իմպրովիզացիաներ է կատարում  դաշնամուրի հետ՝  լարերի վրա նվագելով  ապակիով կամ  երկաթի կտորներով: Այսօր  համերգի մասնակիցները  նման  հետաքրքիր լուծումներով  համարներ նույնպես կվայելեն. «Մինչև վերջ չգիտեմ, չեմ հասկանում՝ ինչ է երաժշտությունը: Գիտնականներն ասում են, որ ձայնն է   նյութականացնում մատերիան: Ես ինքս գտնում եմ, որ երաժշտությամբ զբաղվելը , կարելի է ասել, տիեզերական երևույթ է: Երաժշտությունը Երկիր մոլորակի  վրա  իմ ծնվելուց առաջ էլ է եղել, և ես փորձում եմ հնարավորինս շատ սովորել, իմանալ նրա ակունքների, պատմության, կառուցվածքի մասին:  Փորձում եմ կատարյալ մարզիկ լինել այդ ոլորտում՝ ի  շահ ժողովրդի, հասարակության, որի մաս եմ կազմում նաև ես»:

Լեշեկ Մոջերն անդրադառնալով հայկական երաժշտությանը, նշեց, որ շատ է սիրում Արամ Խաչատրյանին. Լեհաստանի երաժշտական դպրոցներում Արամ Խաչատրյանի գործերը կարևոր տեղ են զբաղեցնում: Ցավոք, այսօր նրա ստեղծագործությունները դաշնամուրով չեն հնչի, բայց դրանք կարձագանքեն լեհ  երաժշտի ներսում. «Կան երաժշտական շատ ուղղվածություններ, որոնք ինձ հետաքրքիր են, օրինակ՝ հնդկական էթնիկ մեղեդիները: Ինքս տանն ունեմ նաև հայկական ժողովրդական երաժշտության սկավառակներ և նույնիսկ հայ ընկեր՝ Տիգրան Համասյանը, որը, կարծում եմ, հրաշալի երաժիշտ է: Ուզում եմ հետաքրքիր լինել աշխարհի բոլոր մարդկանց համար ու հենց  այդ նպատակով երբեմն նշում եմ, որ  լեհերեն եմ նվագում, քանի որ  այդպես նվագելով ես էկզոտիկ եմ  դառնում մնացած երկրների երաժշտասերների համար»:

Սյունե Սևադա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031