Անհատի եւ ամբոխի խնդիրը 21-րդ դարում
Մեր Ազգային պատկերասրահում գտնվող ամենատպավորիչ գործերից մեկն է Եղիշե Թադեւոսյանի «Հանճարն ու ամբոխը» կտավը, որը մեր անվանի նկարիչը ստեղծել է 1909 թվականին: Պուանտիլիզմի՝ «կետային» տեխնիկայի ազդեցության տակ վրձնած գործի սյուժեն հասկանալի է առանց ավելորդ մեկնաբանությունների՝ «հանճարը», անձը, անհատականությունը «գլուխն առած» փախչում է ամբոխի աղաղակներից, ծաղրից, վիրավորանքներից: Այդ թեմային արվեստագետն անդրադարձել է նաեւ այլ ստեղծագործություններում, օրինակ՝ «Քրիստոսն ու փարիսեցիները» կտավում:
Անհատականության եւ ամբոխի հակադրության սյուժեն եվրոպական մշակույթում, կարելի է ասել, դարավոր պատմություն ունի, բայց առավել մեծ տարածում է գտել 19-րդ դարում: Պատճառը, հավանաբար, այն է, որ բուրժուադեմոկրատական հեղափոխությունների (իսկական) քարոզած «համընդհանուր հավասարության»՝ էգալիտարիզմի գաղափարները տապալվեցին, եւ պարզվեց, որ իշխանության եկած «երրորդ դասը» ոչնչով լավը չէր առաջին երկուսից՝ կղերականությունից եւ ազնվականությունից: Ավելին՝ կրկին արիստոկրատիայի պահանջարկ առաջացավ, բայց այս անգամ ոչ թե ծագման բերումով, այլ «ոգու»՝ նկատի ունենալով նախեւառաջ ամբոխից տարբերվող կյանքի ընկալումները: «Բանաստեղծն ու ամբոխը»՝ այդպես է կոչվում եվրոպական բարձր արժեքներ կրող ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի բանաստեղծությունը:
Սակայն այդպիսի «արիստոկրատներ» միշտ էլ կային: Սոկրատեսն՝ օրինակ: Մի պահ եղավ, երբ դեմոկրատական ամբոխը մահապատիժ էր պահանջում Աթենքի, այսպես ասած, «երկրապահների» համար (որոնք բոլոր ժամանակներում մերթ պատուհաս են դառնում, մերթ քավության նոխազ): Սոկրատեսը կտրականապես դեմ էր այդ մահապատժին: Ամբոխի դատավճիռը, սակայն, ի կատար ածվեց, բայց դրանից որոշ ժամանակ անց աթենքցիները ափսոսացին իրենց քայլի համար՝ չհիշելով, սակայն, որ փիլիսոփան իրենց այդ մասին զգուշացրել էր: Դա դեռ քիչ է՝ Սոկրատեսի ճառերն ու զգուշացումները սկսեցին նյարդայնացնել Աթենքի քաղաքացիներին, փիլիսոփային մեղադրեցին, որ նա իբր այլասերում է երիտասարդությանը եւ ընդհանրապես սրբապիղծ գաղափարներ է արտահայտում, ու նույնպես դատապարտեցին մահվան:
Էլիտարիզմի մեջ, հետեւաբար, կա նաեւ դրական տարր: Խոսքը պետական էլիտարիզմի մասին չէ, երբ պետական եւ քաղաքական այրերը չգիտեն եւ, որպես օրենք, չեն էլ ուզում իմանալ, թե ինչով են ապրում իրենց քաղաքացիները, իսկ իրենք՝ այդ «վերնախավի» ներկայացուցիչներն ապրում են րոպեական հաճույքներով՝ չմտածելով նույնիսկ անձնական ապագայի մասին: Նման «վերնախավը» սովորաբար կազմված է սահմանափակ, տգետ եւ «չտես» մարդկանցից:
Խոսքն իսկական «ոգու արիստոկրատիայի» մասին է, որը եվրոպական հասարակարգերում դարեր շարունակ շարժիչ ուժ էր՝ անկախ նրանից՝ հետապնդվո՞ւմ էր, թե՞ մեծարվում: «Առավոտի» մշտական հեղինակ Արմեն Պետրոսյանը հրապարակում ունի այս թեմայով, որի վերնագիրն է՝ «Հայի բախտ. Հայոց ողբերգությունը՝ արիստոկրատիայի բացակայությունը», որտեղ գիտնականը, մասնավորապես, նշում է, որ այս հարցում վրացիները շահեկանորեն տարբերվում են մեզանից: Դա իսկապես այդպես է, չնայած մենք պարբերաբար ծաղրում ենք հարեւաններին, թե իբր այնտեղ ամեն երկրորդն իրեն «իշխանի» տեղ է դնում:
Թող այդպես լինի: Ավելի լավ է՝ մարդիկ իրենց դնեն իշխանի տեղ, քան մեզ նման՝ «լավ տղու» տեղ: Որովհետեւ իշխանի հավակնություններ ունեցողը (եթե նույնիսկ ազնվական արմատներ չունի) անպայման հաց կուտի դանակ-պատառաքաղով, իսկ «լավ տղեն» պարտավոր է դա անել կովի նման ճպճպացնելով: Մանրո՞ւք է, քաղքենիությո՞ւն է՝ գուցե: Բայց ամեն ինչ սկսվում է մանրուքներից:
Իշխանի հավակնություններ ունեցողը կհամարձակվի հակադրվել ամբոխին, «լավ տղեն»՝ երբեք, նա միշտ «ժողովրդի կողքին» է: Եվ երբ վերը նկարագրած «վերնախավը» ամբոխին մանիպուլյացիաների է ենթարկում, հենց «արիստոկրատը» պետք է մարդկանց զգուշացնի: «Վերնախավը» կարող է հեքիաթներ պատմել արդարության, պայծառ ապագայի եւ ազգային իդեալների մասին, իսկ «ազնվականները» չպիտի կուլ գնան այդ խոսակցություններին, չպիտի հաճոյանան ամբոխին, այլ պարտավոր են բացահայտել վերնախավի իսկական մտադրությունները:
Ի դեպ, արդարության մասին: Երբ Սոկրատեսին դատապարտեցին, նրա աշակերտներից մեկը սրտնեղում էր, թե նրան դատապարտել են անարդար կերպով: Դրան ի պատասխան՝ փիլիսոփան հարցրեց՝ «քեզ ինչպե՞ս է ձեռնտու՝ ինձ մահվան դատապարտեն արդա՞ր, թե՞ անարդար կերպով»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.12.2014
Քանի դեռ քաղաքական ու պետական գործիչները սիրողական մակարդակի անհատներ են՝ առանց բարձրագույն քաղաքական ու պետական կառավարման կրթության ու փորձառության, նրանք տիկնիկներ են հանդիսանում բարձրագույն քաղաքական ու պետական կառավարման կրթությամբ մասնագետների համար, որոնց բարձրագույն դպրոցը դրսում է: Կարճ ասած՝ բանակային կառավարման բուրգը՝ դա ամենաարդյունավետ համակարգն է: Այդ ժողովրդավարական կամ տիկնիկավարական ընտրությունները մեզ համար չեն, մեզ մասնագետներ են պետք վերնախավում: