Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարսի եռակողմ հանդիպումը կարող է դառնալ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան գծով ՌԴ-ին հարավում շրջափակելու մեկնարկը»

Դեկտեմբեր 15,2014 15:30

Փորձագետները՝ մեր երեք հարեւանների մերձեցման հերթական դրսեւորման մասին

Չորեքշաբթի օրը Կարսում Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործոց նախարարները համատեղ հայտարարություն են ընդունել, որում ասվում է. «Քննարկելով տարածաշրջանում առկա իրավիճակը՝ մենք փոխադարձաբար վերահաստատում ենք աջակցությունը միմյանց ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Այս առթիվ մեկ անգամ եւս կոչ ենք անում շուտափույթ կերպով հանգուցալուծել Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ դրա շուրջ ծավալված հակամարտությունը, ինչպես նաեւ Վրաստանի տարածաշրջաններում` Աբխազիայում եւ Ցխինվալիում (Հարավային Օսիա) առկա կոնֆլիկտները: Այս հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի հիմնարար նորմերի` մասնավորաբար ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա»: Մեջբերումը՝ ըստ «Ազատություն» ռադիոկայանի: Նույն աղբյուրի համաձայն՝ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է. «Հայաստանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի հարեւանների հետ հարաբերություններում առկա խնդիրները կարգավորելու համար: Հայաստանը բանակցային այս ձեւաչափից դուրս է մնացել առկա խնդիրների պատճառով: Մենք կուզեինք, որ Հայաստանը եւս միանար մեզ` հարգելով հարեւանների սահմանները: Այդ դեպքում շղթան կամբողջանա: Տարածաշրջանային հակամարտությունների հարցում Թուրքիան իր միանշանակ աջակցությունն է հայտնում թե՛ Վրաստանին եւ թե՛ Ադրբեջանին»:

Kars-Akhalkalak-Tbilisi-Bak

Իր հերթին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ասել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի միջազգային համաձայնագրերի հիման վրա», իսկ Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին էլ հույս է հայտնել՝ «Կարսի հանդիպումը կարող է կենսական նշանակություն ունենալ տարածաշրջանում առկա սպառնալիքներին հակազդելու գործում»:

Ընդունված համատեղ հայտարարության մեջ անդրադարձ է եղել նաեւ Հայաստանը շրջանցող Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղու շինարարությանը. «Ընդգծելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կարեւորությունը՝ որպես Ասիան եւ Եվրոպան միմյանց կապող մրցակցային ուղի, որը կխթանի առեւտրային կապերի ընդլայնումն ու զարկ կտա տնտեսական զարգացմանը, նախարարները կոչ են անում բոլոր շահագրգիռ կողմերին անել ամեն հնարավորը՝ նախագիծը շուտափույթ կերպով ավարտին հասցնելու համար»:

Arman-Meliqyan_1

Մեր խնդրանքին՝ մեկնաբանել այս եռակողմ հայտարարությունը եւ մասնավորապես՝ գնահատել Վրաստանի դիրքորոշումն այս հարցում, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը պատասխանեց. «Կարսում Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը դարձավ այդ երեք պետությունների համերաշխության յուրօրինակ հավաստում՝ ՌԴ նախագահ Պուտինի՝ Թուրքիա կատարած պետական այցից անմիջապես հետո: Թուրքիայի պահվածքը հետաքրքրական է այն տեսանկյունից, որ, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներից մեկը, այդ երկիրը, փաստորեն, ՄԽ համանախագահների կողմից շրջանառության մեջ դրված Մադրիդյան սկզբունքներն է անտեսել, քանի որ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ միասնաբար պնդել է, որ, ի թիվս այլոց, նաեւ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության գերակայության սկզբունքով: Այսինքն՝ Թուրքիան մերժում է այդ Մադրիդյան սկզբունքների մասը կազմող ինքնորոշման իրավունքի վերաբերյալ դրույթը:

Սա անակնկալ չէր, սակայն այստեղ կարեւորն այն է, որ հակամարտությունների կարգավորման սկզբունքներին նվիրված համատեղ հայտարարությունը կարող է դառնալ Ռուսաստանի մեկուսացման հերթական արարը. ուկրաինական ճգնաժամը ապահովեց ՌԴ ցամաքային մեկուսացումն արեւմտյան ուղղությամբ, իսկ Կարսի եռակողմ հանդիպումը կարող է դառնալ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան գծով մեր հյուսիսային մեծ հարեւանին հարավում շրջափակելու գործնական փուլի մեկնարկը: Մեզ համար կարեւոր է նկատի ունենալ, որ Հայաստանը այդ գծից, այնուամենայնիվ, դուրս է մնում՝ շնորհիվ Իրանի հետ ունեցած ընդհանուր սահմանի»:

Vahram_Ter_Matevosyan

Իսկ թուրքագետ, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթեւոսյանը նկատեց, որ Կարսում երեք արտգործնախարարների կողմից ընդունված համատեղ փաստաթուղթն առանձնանում է կատարված շեշտադրումների եւ առաջադրած խնդիրների առումներով. «Այդ հանդիպումը Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան խորացող հարաբերությունների մասին վկայող հերթական միջոցառումն էր: Համատեղ հայտարարության մեջ Հայաստանին ու ԼՂՀ-ին վերաբերող խնդիրների առումով կրկին անգամ ականատես եղանք երկակի չափորոշիչների կիրառման եւ միջազգային իրավունքի ընտրովի մեկնաբանման փաստերին: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է Թուրքիայի արտգործնախարարը ճանաչում Վրաստանի տարածքային ամբողջականությունը, սակայն միեւնույն ժամանակ Աբխազիայի համար համարվում կարեւոր առեւտրային գործընկեր, Աբխազիայում կատարում ներդրումներ, փոխարտգործնախարարը այցելում է Աբխազիա եւ այլն:

Իսկ Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցություններում ընդունում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը, սակայն, հանդիպելով բախտակից Վրաստանին, թեւակոխում է «խորը ամնեզիայի» փուլ: Փաստաթղթում համատեղ ծրագրերին (մասնավորապես՝ Բաքու-Ախալքալաք- Կարս երկաթգծի շինարարությանը) անդրադարձը վկայում է եւս երկու անհերքելի իրողության մասին. մեր աչքի առջեւ Թուրքիան դառնում է անփոխարինելի հեռահաղորդակցային եւ էներգետիկ հանգույց եւ անշեղ գնում այդ ուղղությամբ, դա էր վկայում նաեւ «Հարավային հոսքի» չեղարկման եւ այն դեպի Թուրքիա ուղղորդելու, ավելին՝ այն «Թուրքական» անվանակոչելու փաստը: Ինչպես «Գազպրոմի» ղեկավար Միլլերը բանաձեւեց. «Եվրոպան Թուրքիային հանձնեց գազային պտուտակը»: Եվ երկրորդ հանգամանքը վերաբերում է Վրաստանին. մեր բարեկամ եւ մեզ համար չափազանց կարեւոր երկիրը 2004թ. ի վեր վերածվել է Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ ազդեցության գոտու:

Այն քաղաքական, տնտեսական, ֆինանսական, մշակութային, կրթական եւ հումանիտար ծրագրերը, որոնք Թուրքիան եւ նվազ չափով՝ Ադրբեջանը իրականացնում են Վրաստանում, իրենց հերթին առաջացնում են որոշակի պարտավորություններ, որոնք Վրաստանի իշխանությունները ստիպված են իրականացնել: Հուսով եմ, որ ՀՀ վարչապետի՝ Վրաստան կատարելիք այցի ընթացքում այս եւ հարակից այլ հարցեր կբարձրացվեն, եւ կլինի փոխշահավետ քննարկում: Լիահույս եմ, որ կքննարկվի նաեւ Կարս-Ախալքալաք երկաթգծին Հայաստանի մասնակցության ձեւաչափը»:

Jonni_Meliqyan

Պետկառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոննի Մելիքյանը նկատեց, որ Կարսի հանդիպումը հերթականն է արդեն ավանդական դարձած Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ համագործակցության ֆորմատի, որի սկիզբը դրվել էր դեռ Վրաստանի նախորդ իշխանությունների օրոք՝ 2012 թվականին. «Ասեմ, որ ոչ մի արտասովոր բան չի եղել, եւ Վրաստանը, ունենալով տարածքային խնդիրներ, մշտապես քվեարկել է տարբեր հարթակներում հօգուտ պրոադրբեջանական փաստաթղթերի՝ լինի դա ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը կամ այլ հարթակ: Այլ հարց է, որ այս եռակողմ ֆորմատից բացի՝ կան նաեւ հայ-վրացական ավանդական բարիդրացիական հարաբերություններ: Մեր երկրները գտնվում են տարբեր ինտեգրացիոն համակարգերում, սակայն, միեւնույն է, ունեն կայուն ջերմ հարաբերություններ՝ եւ անցնող տարվա արդյունքները, եւ միջպետական այցերը ցույց են տալիս, որ երկու կողմի մոտ էլ կա այն գիտակցումը, որ մեր երկրների միջեւ հարաբերությունները խորացնելու հնարավորություններ եւ ցանկություններ միշտ էլ կան»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031