Սակայն երդումից անցել է գրեթե մեկ տարի, բայց տնօրենի
հորդորով գործից ազատված երեք աշխատակիցները անգործ են
Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ջիվան Սիրականյանը՝ տղամարդու խոսք տալով, որ հետ կընդունի, հորդորել է նույն դպրոցի մաքրությամբ զբաղվող աշխատակիցներին ազատվելու դիմում գրել՝ պայմանով, որ ամենաշատը մեկ ամսից հետ է ընդունելու: Տնօրենը, ինչպես «Առավոտի» հետ զրույցում գործից ազատված աշխատակիցներն են պատմում, անգամ ծնողների գերեզմանով է երդվել, որ հետ է ընդունելու: Ինչպես պատմում են դպրոցի աշխատակիցներ Հերմինե Ալեքսանյանը եւ Տիգրանուհի Հայրապետյանը, այս տարվա փետրվարի 4-ին տնօրենը կանչել է եւ հայտնել, որ ազատման դիմում գրեն՝ պատճառաբանելով, թե կրճատումներ են, շատ խիստ ստուգումներ են եւ այլն: Սակայն աշխատակիցների մտքով անգամ չի անցել, որ այդ դիմումը ճակատագրական կդառնա, եւ կմնան անգործ:
«Ասաց՝ ես իմ ծնողների շիրիմով եմ երդվում, իսկ դուք կասկածո՞ւմ եք, ամաչեցինք, մտածեցինք՝ մարդը խոսք է տալիս, հո փաստաթուղթ իրենից չե՞նք ուզի, հավատացինք»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց 35-ամյա Հերմինե Ալեքսանյանը, որը երկու անչափահաս երեխաներ ունի եւ հիվանդ սկեսուր, եւ դպրոցի աշխատավարձը նրա ընտանիքի ծանր սոցիալական վիճակը փոքր-ինչ մեղմել է. «Ամուսինս արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան, այն էլ՝ լավ գիտեք, թե այս տարի այնտեղ ինչ վիճակ է»: Հերմինե Ալեքսանյանի խոսքերով՝ 2001 թվականից աշխատում են եւ ոչ մի խնդիր չեն ունեցել. «Այսքան ժամանակ որեւէ նկատողություն էլ չենք ստացել, ու միանգամից վերցնել, խաբեությամբ մարդուն զրկել աշխատանքից ու խիղճը հանգիստ ապրել՝ տրամաբանության մեջ չի տեղավորվում»:
Ըստ նրա՝ գյուղում այլ աշխատանք չկա, որ գոնե այլ աշխատանք անի. տնամերձ մի փոքր հողամաս ունեն, որտեղ կարտոֆիլ են միայն տնկում եւ դրանով փորձում գոյատեւել:
«Միգուցե ուրիշները չցանկանային «հավաքարար» աշխատել, բայց ես իմ երեխաներին արդար աշխատանքով եմ մեծացրել: Հետո էլ պետությունը ասում է՝ շատ երեխաներ ունեցեք, բայց այն գործն էլ որ գտնում ես, ձեռքիցդ խլում են. ունեցածներին չենք կարողանում պահել, ուր մնաց թե՝ էլի ունենանք»,- ասում է Հերմինեն:
Կարդացեք նաև
Տիգրանուհի Հայրապետյանն էլ 4 երեխաների մայր է, երեխաներից մեկը ուսանող է, երեքը՝ դպրոցական: Նա էլ, ինչպես Հերմինեն, այդ գումարով էր պահում երեխաներին:
Այս կանանց հետ տնօրենը նաեւ իր բարեկամուհուն է աշխատանքից ազատել, որպեսզի նրա որոշումը շահարկումների առիթ չտա:
«Մարզպետարան նամակ ենք գրել, կրթության եւ գիտության նախարարություն, ասում են, որ օրենքի սահմաններրում է դիմումը հաստատվել, բողոքելու համար դիմեք դատարան: Դե, արի դատարանին ապացուցի, որ մի գյուղի մարդ ենք, վստահեցինք, երդում տվեց, տղամարդու խոսք ու մինչեւ հիմա ասում է՝ ազատ տեղ չկա»:
Աստղաձոր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ջիվան Սիրականյանը, սակայն, երեկ մեզ հետ հեռախոսազրույցում կտրականապես հրաժարվեց, որ իր հորդորով են դպրոցի աշխատակիցները դիմում գրել: Պարոն Սիրականյանի խոսքերով՝ «Ինձ չի հետաքրքրում՝ ինչ են ասել, ինչ չեն ասել, իրենք դիմում գրել՝ ազատվել են, բավարարո՞ւմ ա ձեզ»:
Մեր այն հարցին, թե սոցիալական այս պայմաններում, երբ գործազրկություն է, մարդիկ աշխատանքի խնդիր ունեն, եւ հատկապես մարզերում աշխատատեղեր չկան, ինչո՞ւ են նրանք դիմում գրել՝ ազատվելու, պարոն Սիրականյանն ասաց, որ տրանսպորտի մեջ է, կիջնի՝ կզանգի:
Ավելի ուշ, երբ կրկին զանգահարեցինք պարոն Սիրականյանին, ասաց, որ «նախարարությունից մոտը մարդիկ կան» եւ չի կարող խոսել:
Մեկ ժամ անց դպրոցի տնօրենն ասաց, որ շատ հոգնած է, դպրոցում շինարարություն է գնում եւ չի կարող մեր հարցերին պատասխանել, ապա ասաց. «Դպրոցը վերանորոգված չէ, մարդկանց թվաքանակը քիչ է, չի բավարարում, 301 եւ ավելի աշակերտ ունեցող դպրոցը չի կարող այդքան տեխնիկական աշխատակից ունենալ: Առաջիկա տարում՝ նոր ֆինանսական տարում, պետությունը կամ դպրոցը տեսնենք՝ ինչ հնարավորություն ունի, կավելացնենք հաստիքների թիվը, թող գան աշխատեն, մեկն էլ իմ եղբոր կինն է»:
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.12.2014