Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ թույլ չեք տվել առանց Ձեր հուշելու իմ պաշտպանյալն իր լեզվով շարադրեր այն, ինչ կատարվել է

Դեկտեմբեր 15,2014 14:30

Գյումրիի վթարի գործով նոր մանրամասներ

Իմ պաշտպանյալ Մանվել Վարդանյանը, առանց փաստաբանի մասնակցության, 10.11.2014 թ. ժամը 22:50 րոպեից մինչեւ 23:55 րոպեն եւ 13.11.2014 թ. ժամը 10:05-ից մինչեւ 12:10 րոպեն, գտնվելով շոկային վիճակում, տվել է ցուցմունքներ եւ իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Հայտնում եմ, որ ես, որպես Մանվել Վարդանյանի պաշտպան, գործում ներգրավվել եմ 13.11. 2014թ. ժամը 12:20 րոպեին:

Երբ ես նրա հետ առանձնատեսակցություն ունեցա, նա գանգատվեց իր գլխի ցավերից, հայտնելով, որ վնասվել է գլուխը, ունի մարմնական վնասվածքներ, գտնվում է շոկային վիճակում, եւ անընդհատ կրկնում էր, որ իրեն դատեն թեկուզ 100 տարի, մեկ է, որովհետեւ շատ մարդ է զոհվել: Ասաց, որ հրդեհի մեղավորը ինքը չի, եւ երբեք չէր ցանկանա, որ իր մեղքով շատ մարդ զոհվեր: Հայտնեց նաեւ, որ «Գազելն» է շատ բարձր արագությամբ հարվածել իր «Կամազին»:

13.11.2014 թ. երեկոյան, արդեն լրատվական գործակալություններից մեկը տպագրեց նյութ, որը բառացի վերցված է որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումից, խախտելով իմ պաշտպանյալի անմեղության կանխավարկածը եւ խախտվել է նախաքննության գաղտնիությունը:

Եթե չկան փորձաքննություններ եւ փաստեր, ապա որ փաստերի հիման վրա է հիմնված առաջադրված մեղադրանքը եւ ինչու են հրապարակվում նախաքննության տվյալները, եթե օրենքով այն պետք է լինի գաղտնի: 10.11. 2013 թվականին իմ պաշտպանյալը վնասված գլխով ժամը 22:50 րոպեից մինչեւ 23: 55 րոպեն հարցաքննվել է, որպես կասկածյալ, նոր հետո հրավիրվել են բժիշկներ: Իսկ 13.11.2014 թվականին որպես մեղադրյալ հարցաքննվելիս, քննիչը բառացի թելադրել էր, որը բառացի նշում եմ ցուցմունքից, «…որ 2014 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 19:15-ի սահմաններում, ընթանալով Արթիկ քաղաքից դեպի Գյումրի քաղաք, Երեւան-Գյումրի ճանապարհի 108-րդ կմ ճանապարհի հատվածում խախտելով հ/հ ճեկի-ի 96 կետի, ձեւ N 1-ի 2 կետի 5 ճանապարհային նշանի «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, այն է՝ պարտավոր լինելով 2-րդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտենալով ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին…»: Խնդիրը կայանում է նրանում, որ իմ պաշտպանյալը, գտնվելով շոկային, հոգեբանական ծանր վիճակում եւ չունենալով իրավական գիտելիքներ, չէր կարող գրել կամ հասկանալ, թե որն է հ/հ ճեկի-ի 96 կետի, ձեւ N 1-ի 2 կետի 5 ճանապարհային նշանի «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետը եւ ինչ է դա նշանակում:

Ինչո՞ւ թույլ չեք տվել առանց Ձեր հուշելու իմ պաշտպանյալն իր լեզվով, ոչ իրավաբանական լեզվով գրեր այն, ինչին որ ինքը տիրապետում է եւ հասկանում է: Ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում շատ քչերը գիտեն, թե ինչ է հ/հ ճեկի-ի 96 կետի, ձեւ N 1-ի 2 կետի 5 ճանապարհային նշանի «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջը եւ բառացի կարող են տալ օրենքի հասկացությունը եւ մեկնաբանությունները:

Շիրակի մարզի դատախազությունը 28.11.2014 թվականին մերժել է քննիչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը, պատճառաբանելով, որ քրեական գործով նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, որոնց եզրակացությունը ստանալուց հետո անդրադարձ կկատարվի Մանվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքին: Դատախազությունն ինքը հաստատեց, որ փորձաքննություններից հետո հայտնի կդառնա Մ. Վարդանյանի մեղավորությունը, իսկ իմ միջնորդությունը հենց կայանում էր նրանում, որ քննչական մարմինը փորձագետ չլինելով կանխակալ մոտեցում էր ցուցաբերել՝ մեղադրելով միայն Մ. Վարդանյանին, մեղադրանքը տպելով թերթում: Քննիչները կարող են տալ միայն իրավական գնահատական, այլ ոչ թե եզրակացություն: 12.12.2014թ. ես առանձնատեսակցություն ունեցա Մ. Վարդանյանի հետ, որն ասաց, որ իրեն լավ չի զգում, ամեն օր, ամեն րոպե դեպքն աչքի առաջ է, եւ ես միջնորդեցի նշանակել դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություն, պարզելու՝ Մ. Վարդանյանը գտնվելով շոկային վիճակում, կարող էր տալ նմանատիպ ցուցմունք եւ գրեր, որ խախտել է հ /հ ճեկի-ի 96 կետի, ձեւ N 1-ի 2 կետի 5 ճանապարհային նշանի «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետը, թե ոչ: Իսկ իմ միջնորդությունը՝ Մանվել Վարդանյանին դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ, նույնպես մերժվել է, եւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկը պատասխանել էր, որ Մանվել Վարդանյանն առողջ է:

Ես դեկտեմբերի 11-ին միջնորդել եմ նշանակել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի մանրամասն հետազոտեն Մ. Վարդանյանի գլուխը եւ առողջական վիճակը, որովհետեւ դեպքի օրը նա վնասել էր գլուխը:

ԼԻԱՆԱ ԲԱԼՅԱՆ
ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Մանվել Վարդանյանի պաշտպան

«Առավոտ» օրաթերթ
13.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031