Վճռաբեկ դատարանը վերադարձրել էր
զինվորի պաշտպանի բողոքը
Զինծառայող Արսեն Ֆահրադյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 9 հոդվածների հատկանիշներով:
Նա բնութագրվել է դրական, նրան մեղսագրված հոդվածներից մեկի մասին վկաները տեղեկացել են դատարանում եւ ապշել: Նա նախկինում չի դատապարտվել:
X զորամասում տեղի ունեցած դատական դռնփակ նիստից հետո դատարանն Արսեն Ֆահրադյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում` 6 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման` պատժի կրման սկիզբը հաշվելով 2013 թվականի մարտի 25-ից:
Ըստ գործի նյութերի, 2013 թվականի հունվարի 29-ին կամ 30-ին` գիշերը, նա իրենց զորամասի դիրքի կացարանի շինության կողքին շանտաժի միջոցով, այն է` իր հետ ունեցած սեքսուալ բնույթի գործողությունները հրապարակելու սպառնալիքով, «սեռական կրքերին խաթարված ձեւով հագուրդ տալու նպատակով», շարքային Դ. Ն.-ին հարկադրել է «per os» եղանակով կատարել սեքսուալ բնույթի այլ գործողություններ: Արսեն Ֆահրադյանը կատարել էր հանցավոր արարք:
Կարդացեք նաև
Ըստ փորձագետի 2013 թ. փետրվարի 28-ի թիվ 78 եզրակացության՝ «անթույլատրելիության հիմքերը բացակայում են, այն արժանահավատ է եւ պետք է դրվի սույն դատավճռի հիմքում, քանի որ դրանում պարունակվող տվյալներն իրենց բնույթով օբյեկտիվ են»:
Դատարանը հաստատված է համարել այն, որ շարքային Արսեն Ֆահրադյանը նշանակված լինելով մարտական հերթապահության մարտական դիրքում` որպես դիտորդ, դիտորդի պարտականությունները կատարելու ժամանակ, նույն ջոկի նռնականետորդ, ժամկետային զինծառայող Դ. Ն.-ի կողմից իրեն ստելու եւ այդ կապակցությամբ «պատասխան տալ» չկարողանալու մասին արատավոր տեղեկությունը վերջինի եղբորը հայտնելու սպառնալիքով կատարել է շորթում: Նա շարքային Դ. Ն.-ին նշված մարտական հերթապահությունից վերադառնալուց հետո գումարտակում ներկայացրել է իրեն 10.000 ՀՀ դրամ գումար տալու, իսկ յուրաքանչյուր մարտական հերթապահությունից գումարտակի մշտական տեղակայման վայր վերադառնալուց հետո` 5.000 ՀՀ դրամ գումար տալու պահանջ: Դ. Ն.-ն Արսեն Ֆահրադյանին է տվել նրա կողմից պահանջած 10.000 ՀՀ դրամ գումարը:
Որպես դիտորդ, նա դիտորդի դիտակետի մոտ, ստորացրել է շարքային Դ. Ն.-ի պատիվն ու արժանապատվությունը` նրա հասցեին տվել է հայհոյանք, թքել վրան, այնուհետեւ ոտքով հարվածել է շարքային Դ. Ն.-ի ոտքին, նրան գցել է գետնին եւ ոտքը դնելով վերջինի կրծքավանդակին` ներկայացրել է իր զորացրվելու ժամանակ 100.000 ՀՀ դրամ գումար իրեն տալու պահանջ: Արսեն Ֆահրադյանը կատարել է հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 359-րդ հոդվածի 1-ին մասով:
Որպես դիտորդ, նա դիրքի ճաշարանում, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները՝ նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, ֆիզիկական բռնություն է գործադրել շարքային Դ. Ն.-ի նկատմամբ, սեղմել է պարանոցից, հարվածել կոկորդի շրջանին, որից հետո սեռական կրքերին խաթարված ձեւով հագուրդ տալու նպատակով, շարքային Դ. Ն.-ի կամքին հակառակ, «per os» եւ «per anum» եղանակներով կատարել է սեքսուալ բնույթի այլ գործողություններ:
Ըստ գործի նյութերի, մեկ այլ դրվագով էլ դիրքի զենքի լիցքավորման-լիցքաթափման վահանակի մոտ, շանտաժի միջոցով, այն է` իր հետ ունեցած սեքսուալ բնույթի գործողությունները հրապարակելու սպառնալիքով, ընկերոջը հարկադրել է «per os» եղանակով կատարել սեքսուալ բնույթի այլ գործողություններ:
Գործով անցնող վկաները՝ համածառայակիցները, որեւէ բան չեն նկատել նրա վարքագծում:
«Առավոտ» օրաթերթ
13.12.2014