Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱԺ ոչ իշխանական վեց խմբակցությունները հայտարարեցին, թե եթե արտահերթ նիստում չքննարկվի երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես ազատամարտիկներին ծեծի ենթարկելը և հարձակումը Արամ Մանուկյանի վրա, իրենց կբոյկոտեն արտահերթը: Ընդմիջումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե ԱԺ խմբակցությունների հետ խորհրդակցել են ու տեղեկացրեց. «Մենք բոլորս էլ համամիտ կլինենք, որ հայտարարության տեքստով, կամ քաղաքական ուժերի ղեկավարների ստորագրությամբ որևէ դատապարտող տեքստ կհրապարակվի»:
Սակայն Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե ուժերը կարող են այս հարցով արտահերթ նիստ հրավիրել 18.30-ից հետո: Հիմա նիստն ընդհատել անհնար է, հակառակ դեպքում, եթե կարևոր փաստաթղթերը, որոնք ներկայացված են կառավարության կողմից, չքննարկվեն, դա կլինի ձախողում ԱԺ-ի կողմից:
Հայտարարությամբ հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և նշեց, որ վեց խմբակցություններով համաձայնության են եկել և բոյկոտում են արտահերթ նիստը: Ոչ իշխանականները լքեցին դահլիճը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ