Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր տարուն ժամկետանց ապրանքներ են «սաղացնում» սպառողների վրա (Տեսանյութ)

Դեկտեմբեր 15,2014 12:50

Aravot.am-ի հարցին, թե որոշ խոշոր տնտեսվարողներ, տոնական օրերին, առիթն օգտագործելով ժամկետանց ապրանքներ են «սաղացնում» սպառողների վրա, այդ օրերին վերահսկողությունն ինչպե՞ս է կազմակերպվում, առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցն ասաց, որ հնարավոր չէ 24 ժամ վերահսկողություն իրականացնել, ուստի սպառողներն իրենք պետք է հետեւեն, որ սննդամթերքը լինի ժամկետի մեջ:

Ըստ ԱՆ մասնագետի, չի բացառվում, որ այն լինի ժամկետի մեջ, սակայն պահպանման պայմանները ճիշտ չլինեն: Տիկին Բակունցը խորհուրդ է տալիս ժամկետանց, կամ ոչ ճիշտ պայմաններում պահվող սնունդ հայտնաբերելիս, զգուշացնել խանութի պատասխանատուին:

Նունե Բակունցի մեկնաբանությունները`  տեսանյութում

Նախարարության մասնագետը քաղաքացիներին հորդորում է կասկածելի սննդի կետերից սնունդ չգնել, հատկապես, երբ երեխաների համար է, իսկ ուտելիս էլ անպայման ձեռքերը լվանալ, կամ խոնավ անձեռոցիկով մաքրել. «Ավելի ճիշտ է կազմակերպություններում պատրաստվածը գնեք: Երեխաների նյութափոխանակությունը մեծերի նյութափոխանակությունից 3 անգամ ավելի է, քանի որ աճող օրգանիզմ են, այդ պատճառով նրանք ավելի շատ են ուզում տարբեր տեսակի քաղցր հեղուկներ: Բայց պետք չէ չարաշահել կոֆեինով կամ գազավորված ըմպելիքները: Երեխաներին նախընտրելի է թարմ սնունդ տալ»:

Ամանորյա տոներին սնունդը օրերով պահելու սովորություն ունեցող տանտիկիններին էլ Նունե Բակունցը զգուշացնում է` 48 ժամից ավելի չի կարելի պատրաստած ուտեստ պահել. «Վտանգավոր են թթվասերը, մայոնեզը, կրեմային հրուշակեղենը, կաթնամթերքը, ձկնամթերքը առանց սառնարանի պահել, պատրաստման ժամանակ էլ պետք է հիգիենային հետեւել»:

Ըստ Նունե Բակունցի, հատկապես ձմռանը, պահածոներից արձանագրվող բոտուլիզմի դեպքերը ծանր ելքով են ավարտվում, եթե ժամանակին չեն դիմում բժշկի կամ օրգանիզմը թույլ է լինում:

ԱՆ մասնագետը սրտանոթային, երիկամային, շաքարային դիաբետ ունեցող հիվանդներին խորհուրդ է տալիս ալկոհոլը չչարաշահել, քանի որ այն թունավորում է օրգանիզմը. «Ալկոհոլը անոթները լայնացնում է, հետո անոթային սպազմ է առաջացնում: Ցածր թե բարձր տոկոսով ալկոհոլ պետք է օգտագործել շատ զգուշավոր, մենք պետք է կարողանանք տրամադրությամբ տոն սարքել, ոչ թե ալկոհոլով»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031