Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբերի 14-ը Գոհար Գասպարյանի ծննդյան օրն է

Դեկտեմբեր 15,2014 13:30

Գոհար Գասպարյան երեւույթի, նրա «առասպելական» հաջողությունների, աշխարհի հեղինակավոր բեմերում ունեցած շուրջ 4000 համերգների, մեր օպերային թատրոնում կերտած 21 դերերգերի մասին չէ, որ կուզենայինք խոսել այսօր, այլ ներկայացնել լեգենդար երգչուհու կյանքի՝ մինչ օրս հանրությանն անծանոթ էջերից մի քանիսը: Այս նպատակով «Առավոտը» դիմեց արվեստաբան, ՀՀ վաստակավոր գործիչ, երգչուհու 60 տարիների մտերիմ բարեկամ ու կենսագիր Սերգեյ Առաքելյանին:

«Գոհարը օպերային թատրոն եկավ 1948թ. վերջերին: Ընդունված կարգ էր՝ նորեկը քննություն պիտի հանձներ գեղխորհրդին, որի կազմում, նշանավոր երաժիշտներից բացի, այնպիսի դեմքեր էին, ինչպես, օրինակ՝ Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը… Թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ դասական ամենաբարդ ստեղծագործություններից կազմված երկժամյա համերգն այնպես հիացրեց բոլորին, որ միահամուռ որոշվեց երգչուհուն ամսական սահմանել 2500 ռուբլի աշխատավարձ. ամենաբարձրը 3000-ն էր, որ ստանում էին 2-3 արտիստներ»,- հայտնեց պարոն Առաքելյանը, հավելելով, որ այս մասին խոսվում էր ոչ միայն թատրոնի կուլիսներում, այլեւ քաղաքում:

Gohar_Gasparyan_1

Լուսանկարը՝ Սերգեյ Առաքելյանի ընտանեկան ալբոմից (1980թ.):

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ 1950-ականներին օպերային թատրոնում ֆինանսական ճգնաժամ էր եւ ոչ մեկն աշխատավարձ չէր ստանում: Միայն Գոհար Գասպարյանի տված մի քանի համերգներից գոյացած գումարով հնարավոր եղավ ոչ միայն այդ վիճակից դուրս գալ, այլեւ փակել թատրոնի ֆինանսական պարտքերը: Սերգեյ Առաքելյանը հատկապես նշեց, որ երգչուհու համերգներին ներկա գտնվելու համար տոմսարկղի մոտ գոյանում էին «գիշերային» հերթեր: Պարոն Առաքելյանը հիշեց 1959թ.: Երեւանում էր կոլորատուրային սոպրանո, հռչակավոր երգչուհի Մադո Ռոբենը, իսկ Գոհար Գասպարյանը թատրոնում տեղ էր զբաղեցրել հանդիսականի շարքերում: Հյուրախաղորդ երգչուհուն տեղեկացրել էին, որ իրեն լսելու է եկել հայ կոլեգան: Երբ ֆրանսիացի երգչուհու մուտքը հանդիսատեսը ողջունել է բուռն ծափահարություններով, նա խնդրել է դադարեցնել, ասելով՝ «ինձ համար մեծագույն պատիվ է, որ համերգիս իր շնորհն է բերել իմ պաշտելի երգչուհի Գոհար Գասպարյանը, որի հետ որոշ շրջան սովորել ենք նույն պրոֆեսորների մոտ: Դուք պատկերացնո՞ւմ եք իմ վիճակը… Մեղք չե՞մ… Հիմա ինչպե՞ս պետք է հանդես գամ կոլորատուրային սոպրանոյի ամենամեծ վարպետի ներկայությամբ…»:

Սերգեյ Առաքելյանի հավաստմամբ՝ այսօր էլ հանրությունը ոչինչ չգիտի Գոհար Գասպարյանի ծավալած հասարակական գործունեության մասին: «Գոհարը ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդների պատգամավոր էր եւ ամենայն լրջությամբ ու պարտաճանաչությամբ արձագանքում էր իրեն ուղղված յուրաքանչյուր խնդրանքի: Միայն Գոհարի հետեւողական աշխատանքի շնորհիվ էր, որ ոստիկանության կիսախարխուլ, մութ ու խոնավ սենյակներում գործող Անուշավան Տեր-Ղեւոնդյանի անվան երաժշտական դպրոցը տեղափոխվեց երկհարկանի շքեղ շենք: Ավելին՝ Գոհարը մի քանի անգամ այցելեց Կոտայքի (այժմ՝ Աբովյան) շրջկոմի քարտուղարին, անձնական գումարով էլ պատվիրեց կոմպոզիտորի հարթաքանդակը եւ ուսուցիչներից կազմված կամերային նվագախմբի հետ ելույթ ունեցավ դպրոցի բացման հանդիսավոր երեկոյին: Նրան դիմում էին տարբեր հարցերով՝ սկսած բնակարանի, վերջացրած դատական ատյանների անարդարացի վճիռների…»,- պատմեց պարոն Առաքելյանը:

Սերգեյ Առաքելյանի հայ արվեստի մեծերին նվիրված մատենաշարի հաջորդ՝ 15-րդ գիրքը, որին արդեն ձեռնամուխ է եղել, նվիրված է Գոհար Գասպարյանին: Դիտարկմանը՝ մատենաշարում արդեն կար «Գոհար Գասպարյան», արվեստաբանը պատասխանեց. «Գոհարի մասին քանի գիրք էլ գրեմ՝ ասելիքս չի սպառվի»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. Գ. Դեկտեմբերի 14-ին Ազգային օպերային թատրոնում կկայանա Գոհար Գասպարյանի անվան դասական երգեցողության մրցանակաբաշխությունը եւ գալա համերգ: Կապվեցինք մրցույթի կազմկոմիտեի նախագահ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանի հետ: Հարցին՝ երկրորդ անգամ անցկացվող Գոհար Գասպարյանի անվան մրցույթի աշխարհագրությունն այս տարի ընդլայնելով՝ հնարավոր չէ՞ր այն միջազգայնացնել, պարոն Ղազարյանը նախ նշեց, որ առաջին մրցույթի դափնեկիրներ Հասմիկ Թորոսյանը, Հովհաննես Այվազյանը, Դավիթ Բաբայանցը, Գուրգեն Բավեյանն այսօր պահանջված երգիչներ են նաեւ արտերկրում, հետո էլ հավաստիացրեց, որ կոնսերվատորիայի ռեկտորատը մշակույթի նախարարության հետ աշխատանքներ են տանում երկու տարին մեկ անցկացվող մեծանուն երգիչներ Գոհար Գասպարյանի, Տաթեւիկ Սազանդարյանի եւ Պավել Լիսիցյանի անվան հանրապետական մրցույթներն առաջիկայում միջազգայնացնելու ուղղությամբ, ինչը ժամանակատար գործընթաց է:

«Առավոտ» օրաթերթ
13.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031