Այսօր ՀՀ ԱԺ-ն ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրել է արտահերթ նստաշրջան` քննարկելու մի շարք փաստաթղթեր, այդ թվում նաև վարկային: Սակայն մինչ ՀՀ կառավարության արտահերթ նիստի որոշման նախագծի վերաբերյալ քվեարկությանն անցնելը, որում օրինակ` առաջարկվում է նիստերը սկսել ժամը 11.00-ին և այլն, ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, թե եթե ԱԺ-ն արտահերթ նիստով չքննարկի երկրում ստեղծված իրավիճակը` մասնավորապես ազատամարտիկներին ծեծելը, հարձակում Արամ Մանուկյանի վրա, իրենք կբոյկոտեն:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Հաշվի առնելով երկրում ստեղծված բեսպրեդել իրավիճակը, երբ տարբեր կարգի թափթփուկներ կարողանում են ազատ գործել, չակերտավոր հայրենասեր կարող է ապտակել և հարվածել մեր գործընկեր Արամ Մանուկյանին, ԲՀԿ-ն առաջարկում է ընդհատել նիստը, հրավիրել արտահերթ նիստ քննարկելու երկրում ստեղծված այս իրավիճակը, այլապես ԲՀԿ-ն հայտարարում է, որ ինքը բոյկոտելու է այս նստաշրջանը»:
Նույն հայտարարությամբ հանդես եկան նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ու ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ առաջարկեց քսան րոպե ընդմիջում և հորդորեց, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդակցություն հրավիրի, որպեսզի գտնեն ձև, թե ինչպես են արձագանքում ու դատապարտում Արամ Մանուկյանի և ազատամարտիկների նկատմամբ կատարվածը:
Կարդացեք նաև
Առաջարկն ընդունվեց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ