Տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող Ալիկ Խառատյանը պատրաստել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» oxv~evkauk աուդիո տարբերակը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից կազմակերպված, «Տեղական իրավապաշտպանության խթանում» կարգախոսով, երկօրյա դասընթացից հետո հատկացվող փոքր դրամաշնորհային մրցույթում հաղթող է ճանաչվել Իջեւանի բնակիչ, 29-ամյա Ալիկ Խառատյանը։
Ալիկի նախաձեռնությամբ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» oxv~evkauk աուդիո տարբերակը շուտով պատրաստ կլինի։
«Ամեն ինչ արվում է պրոֆեսիոնալ մակարդակով՝ թե ձայնագրությունը, թե ձայնագրվողը, գիրքը կարդացողը գործի մասնագետներ են։ Դրանից հետո կատարվելու են մոնտաժային աշխատանքները»,- պատմում է Ալիկ Խառատյանը։
Նրա հավաստմամբ՝ աուդիոգիրքը հասանելի կլինի համացանցում, եւ դրա օգնությամբ հաշմանդամություն ունեցող մարդիկ՝ հատկապես տեսողության խնդիր ունեցողները, կիրազեկվեն իրենց իրավունքների մասին ու կփորձեն պաշտպանել իրենք իրենց, այլ ոչ թե տարբեր հաստատություններում մշտապես խեղճ խնդրողի դերում կհայտնվեն:
Ալիկ Խառատյանն առաջին կարգի հաշմանդամ է՝ նա սեփական փորձով գիտի բոլոր խոչընդոտները, որոնց հանդիպում են տեսողական խնդիր ունեցող մարդիկ։
«Ութ տարեկան էի, երբ մեր տանը, արկի պայթյունից կորցրեցի տեսողությունս եւ ձախ ձեռքս»,- ասում է Խառատյանը:
Իջեւանի շրջանի Աչաջուր գյուղում ծնված եւ մեծացած Ալիկ Խառատյանը սովորել է Երեւանի տեսողության խանգարումներ ունեցող անձանց թիվ 14 հատուկ դպրոցում, որը բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո, ցանկություն ունենալով ստանալ բարձրագույն կրթություն, ընդունվում է Երեւանի պետական համալսարանի՝ Իջեւանի մասնաճյուղի հումանիտար ֆակուլտետի պատմության եւ իրավունքի հիմունքներ բաժինը:
«Ես գիտակցում էի, որ իմ տեսողության խնդիրը ուսման ընթացքում բազմաթիվ խոչընդոտների առջեւ է կանգնեցնելու ինձ, բայց ուսում ստանալու մեծ ձգտումն ինձ առաջ էր տանում: Համալսարանում սովորելիս մեծ եղբայրս էր ինձ ուղեկցում, իսկ դասախոսությունները լսարանում ձայնագրում էի, հետո բերում էի տանը նորից լսում ու սովորում: Եթե չէի հասցնում, կուրսեցիներիս էի խնդրում, որպեսզի գրած լեկցիաները ձայնագրեն ու տրամադրեն ինձ»,- պատմում է Ալիկ Խառատյանը:
Անձամբ բախվելով բազում խնդիրների, Ալիկը հասկանում է, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց ուսման համար առաջնային անհրաժեշտությունն են ներկայացնում աուդիոգրքերը։ «Շատ անձինք կան, ովքեր ցանկություն ունեն սովորել եւ ունակ են լավ սովորելու, բայց չեն դիմում բուհ, քանի որ ուղեկցող չունեն, կամ տանը իրենց համար գիրք կարդացող չկա: Իսկ դա լուրջ խնդիր է: Եթե բուհերում լինեն աուդիոգրքեր, մարդիկ անգամ կկարողանան հեռակա կերպով եւ շատ արագ կրթություն ստանալ, տանը իրենց համար մի քանի անգամ լսել աուդիոգրքերը ու սովորել»,- ասում է մեր զրուցակիցը:
Տեսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներում էլ աուդիոգրքեր չկան: Ալիկը հիշում է, թե ինչպես իր ուսման տարիներին ուսուցիչները ստիպված բարձրաձայն ընթերցում էին դասագրքերը:
«Բայց ժամանակը սուղ էր, եւ նրանք մեկ անգամ էին հասցնում կարդալ, իսկ երեխաների մոտ ընկալունակությունը տարբեր է, մեկը շուտ է ընկալում, մեկը` ավելի ուշ: Բրայլյան գրքեր էլ գրեթե չկային, ընդամենը մեկ, երկու գիրք էր: Իսկ աուդիոգրքերի առկայության պարագայում ուսուցումը շատ ավելի հեշտ եւ արագ կլինի»,-նշում է Ալիկը:
Քանի որ դպրոցից նա տիրապետում էր համակարգչային խոսող ծրագրերի, բուհն ավարտելուց հետո ինքնուրույն աուդիոմոնտաժ է սովորում: Ալիկ Խառատյանի ամենակարեւոր նպատակն է դառնում իրական դարձնել աուդիոգրքեր ձայնագրելու նախագիծը, որպեսզի տեսողական խնդիր ունեցող մարդիկ ստանան լավ կրթություն, իրազեկված լինեն իրենց իրավունքների մասին եւ ինտեգրված լինեն հասարակությանը:
«Եթե ֆինանսավորում լինի իմ այս ծավալուն եւ ամբողջական ծրագրի իրագործման համար, ես ինքս էլ աշխատանքային զբաղվածություն կունենամ եւ կստեղծեմ աուդիոգրքեր, որոնք հասանելի կլինեն համացանցում բոլորի համար: Դրա արդյունքում հաշմանդամություն ունեցող անձինք ավելի հեշտ կրթություն ստանալ եւ հասարակության ինտեգրվել կկարողանան»,- հավելում է երիտասարդը:
Պատրաստեց
ՎԻԿՏՈՐՅԱ ՓՈՇՈՏՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
13.12.2014