2015 թվականի հունիսին Բաքվում կկայանան 1-ին Եվրոպական ամառային խաղերը: Հայաստանը մասնակցելո՞ւ է դրան: Եթե այո, հայ մարզասերն ի՞նչ սպասելիքներ կարող է ունենալ:
«Առավոտը» զրուցեց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ:
– Ի վերջո, կողմնորոշվե՞լ ենք, Եվրոպական ամառային խաղերին Հայաստանը մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ:
– Փետրվարին պաշտոնապես կհայտարարենք, մասնակցելու դեպքում՝ նաեւ ձեւաչափի մասին:
Կարդացեք նաև
– Դա կախված է Հայաստանի մարզական պատվիրակության անվտանգության ապահովման լիակատար երաշխիքների՞ց:
– Դա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի առաջնային խնդիրն է, եւ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք ամենայն լրջությամբ: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն այդ խնդիրները քննարկել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի, ԵՎՕԿ-ի նախագահ Պատրիկ Հիկեի հետ, երբ նրանք այցելել էին Երեւան: Վերջերս էլ, երբ ես Բաքվում էի, հարցը կրկին բարձրացրեցի ԵՎՕԿ-ի 43-րդ համաժողովի մասնակիցների առջեւ եւ երկու օր անց ստացա առանց վերապահումների դրական պատասխան: Այդ պատասխանները մենք ստացել ենք ՄՕԿ-ի ու ԵՎՕԿ-ի նախագահների հետ միասին:
– Բաքվում առանձին մարզաձեւերի միջազգային պաշտոնական առաջնությունների մասնակցելու փորձ ունենք: Մի մրցավայրում անվտանգություն ապահովելը ավելի դյուրին է: Բայց սա համալիր մարզական միջոցառում է, եւ մեր մարզիկները միեւնույն ժամին գտնվելու են տարբեր ասպարեզներում:
– Հարցադրումը տեղին է: Ես էլ ուզում եմ, որ ժողովուրդը, լրատվամիջոցները հստակ իմանան ու վստահ լինեն, որ առանձին մարզաձեւերի առաջնությունները համեմատելի չեն միջազգային օլիմպիական կոմիտեների անցկացրած մրցաշարերի հետ: Պիտի մի բան հասկանանք, որ Եվրոպական ամառային խաղերը ոչ թե Բաքվի, այլ ԵՎՕԿ-ի, ՄՕԿ-ի միջոցառումն է: Եվ դրանց վարկանիշի, սկզբունքների, որոշումների վրա, որ ամրագրված են օլիմպիական խարտիայում, երբեւէ եւ որեւէ պարագայում եւ միջավայրում չեն ազդել: Այսինքն՝ նրանց կասկածելը կամ թերահավատորեն վերաբերվելը առնվազն լուրջ չեմ համարում: Եվ վստահ եմ, որ այն ամենը, ինչ նրանք խոստացել են, իրականություն կդառնա:
– Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված է 20 մարզաձեւ, որոնցից մեկը՝ ծանրամարտը, որը մեր հենակետային մարզաձեւերից, է եւ որից մեդալներ կարող էինք ակնկալել եւ չեմպիոններ տալ, Բաքվի առաջարկով փոխարինվել է սամբոյով: Չե՞ք կարծում, որ դա արվել է այնտեղ Հայոց Եռագույնը բարձրացնելու եւ օրհներգը հնչեցնելու հավանականությունը բացառելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով:
– Այդ որոշման հետ կապված ես չեմ կարող նրանց կողմից կարծիք հայտնել: Գուցե: Մեր մարզիկների մասնակցությունն արդեն իսկ հաղթանակ կլինի: Մենք նաեւ քաջ գիտակցում ենք, որ հայ մարզիկները այնտեղ մարզական դժվարությունների հանդիպելու են: Բայց նաեւ վստահ ենք, որ այդ դժվարությունները հաղթահարելու ենք պատվով, եւ վստահ եմ, որ Բաքվում մեր դրոշը բարձրանալու է, մեր օրհներգը հնչելու է: Նաեւ քաջ գիտակցում ենք, որ ինչքան դժվար է դրան հասնել, այնքան ավելի քաղցր, բարձր ու գնահատելի է հաղթանակը: Համոզված եմ, որ Ադրբեջանում մենք մեր ուժը առավելագույն չափով ցույց կտանք: Վստահ եմ նաեւ, որ շատ լավ ենք մասնակցելու: Որքան էլ ասենք, որ սպորտը քաղաքականությունից հեռու է, հեծանիվ չեմ հորինում, գիտենք, թե հայ մարզիկների, հայ հասարակության, հայ տեսակի համար ինչքան կարեւոր է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մի քանի անգամ Հայաստանի դրոշը բարձրացնելը, Հայոց օրհներգը հնչեցնելը եւ 25 հազար մարդու ոտքի կանգնեցնելը: Ահա թե ինչ ուժ ունի սպորտը:
– Ինչի՞ հենց 25 հազար մարդու:
– Որովհետեւ Բաքվում ըմբշամարտի եւ սամբոյի մարզադահլիճը այդքան մարդ է տեղավորում:
– Կանխակալ մրցավարությունը բացառո՞ւմ եք: Չէ՞ որ նույն Բաքվում մեր ըմբիշների, բռնցքամարտիկների հետ մրցավարները մեկ անգամ չէ, որ անարդար են վարվել:
– Կողմնակալ մրցավարությունը երբեք լիովին հնարավոր չէ բացառել՝ մանավանդ, կոնտակտային մարզաձեւերում, որտեղ կարելի է բռնցքամարտում տեղ հասած հարվածը, նոկդաունը, ըմբշամարտում՝ կիրառված հնարքը չնկատել կամ պակաս գնահատել: Մենք երբեք մրցավարի օգնության կարիք չենք ունեցել: Մենք ընդամենը ցանկանում ենք, որպեսզի մեզ չխանգարեն, մրցավարությունը արդար լինի: Եվ դա ապահովելու ուղղությամբ նույնպես աշխատում ենք:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.12.2014