Հոդվածաշարի նախորդ մասերում մենք փորձեցինք հասկանալ եւ բացատրել ԲՀԿ-ի ու անձամբ Գագիկ Ծառուկյանի քաղաքական առաջընթացի գաղտնիքը, բայց ոչ հասկանալ կարողացանք եւ ոչ էլ բացատրել: Շարունակելով մեր ջանքը՝ փորձենք միանգամայն այլ կողմից մոտենալ հարցին:
Վերջապես ո՞ւմ է ձեռնտու ԲՀԿ-ի ու անձամբ Ծառուկյանի քաղաքական առաջընթացն ու հաղթարշավը: Առաջին հերթին, իհարկե, Ծառուկյանի մտերիմներին ու մերձավորներին, ինչպես նաեւ՝ ԲՀԿ շարքային ու ոչ շարքային անդամներին: Ինչպես նաեւ՝ ոչ իշխանական եռյակի (քառյակի, հնգյակի եւ այլն) անդամներին: Առաջին հերթին՝ ՀԱԿ-ին, որովհետեւ Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը վաղուց ի վեր վերաճել է ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի քաղաքական համագործակցության: Այս պահի դրությամբ եռյակի (քառյակի, հնգյակի եւ այլն) մյուս անդամներն էլ են շահագրգռված ԲՀԿ-ի ու անձամբ Ծառուկյանի առաջընթացով, որովհետեւ վերջիններիս առաջընթացն ուղղակիորեն իրենց էլ է վերաբերում:
Քոչարյանականներին չենք մոռացել: Չնայած Տեր-Պետրոսյանը եռյակի հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ իրենք որեւէ առնչություն չունեն եւ չեն ունենալու Ռոբերտ Քոչարյանի եւ քոչարյանամետ ուժերի հետ, քոչարյանականներից շատերը թաքուն հույսեր ունեն, եւ նրանցից շատերը նույնիսկ վստահ են, որ ԲՀԿ-ի ու անձամբ Ծառուկյանի քաղաքական հաջողությունն անուղղակիորեն հանդիսանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հաջողությունն ու ձեռքբերումը: Այդպես մտածողները լավ են հիշում, որ Ծառուկյանի ԲՀԿ-ի հիմնադիր նախաձեռնողը հենց Ռոբերտ Քոչարյանն էր:
Այսուհանդերձ, շատերս նաեւ գիտենք, որ քաղաքականության մեջ մշտական թշնամիներ ու մշտական բարեկամներ գոյություն չունեն, ու նաեւ պատկերացնում ենք, որ նույնիսկ Քոչարյանի ու Ծառուկյանի արանքով կարող է սեւ կատու անցնել, եւ շատ հնարավոր է՝ արդեն անցած էլ լինի, եւ մինչեւ անգամ երկրորդ ու երրորդ նախագահների միջով կարող է սեւ կատու անցնել, եւ հնարավոր է՝ արդեն անցած էլ լինի, եւ անձամբ մեր քաղաքագիտական վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում ամեն ինչ փոփոխական է, եւ հաստատուն ոչինչ չկա, եւ հաստատուն միակ բանը, որ գոյություն ունի, շահն է՝ հիմնականում դրամի ու իշխանության տեսքով, եւ որ ասում ենք՝ չկան մշտական բարեկամներ ու մշտական թշնամիներ, էդ ասելով՝ ոչ թե Վազգեն Մանուկյանի եւ ուրիշների ասածն ենք մեխանիկորեն կրկնում, այլ էս վերջին երկու տասնամյակների Հայաստանի ներքաղաքական կյանքի փորձից ելնելով ենք Վազգենի եւ ուրիշների էդ ասածը կրկնում, եւ ավելի քան հիմքեր ունենք կրկնելու, որովհետեւ էս վերջին տարիներին մեր քաղաքական գործիչներից լիքը բարեկամներ թշնամացան, եւ լիքը թշնամիներ բարեկամներ դարձան, եւ դրան էլ գումարած՝ առաջին նախագահի քաղաքագիտական վերլուծությունը, որն անցյալ տարի սկսվել եւ առ էսօր շարունակվում է, ընդ որում՝ ոչ միայն սկսողի կողմից է շարունակվում, եւ աչքներիս առաջ ոչ իշխանական եռյակը համալրվում է միանգամայն նոր քաղաքագիտական վերլուծաբաններով, եւ ամենահետաքրքիրն այն է, որ բոլոր համալրողների քաղաքագիտական վերլուծության օբյեկտն էլ ԲՀԿ-ն է, ավելի ճշգրիտ՝ անձամբ Գագիկ Ծառուկյանը, եւ էս փաստն էսքան պարզ ու հասկանալի արձանագրելով՝ առանձնապես չենք պնդում, թե՝ մեր ժամանակներում ու մեր ներքաղաքական կյանքում փողն է ամեն ինչ որոշողը. չենք պնդում, որովհետեւ կոնկրետ փաստեր չունենք, բայց հակառակն էլ պնդելու իրավունք չունենք, որովհետեւ հակառակ փաստերն էլ չունենք. այսինքն՝ փաստեր չունենք, որ Ծառուկյանի քաղաքական համախոհները՝ Տիգրան Կարապետիչն էլ ներառյալ, զուտ գաղափարական տեսանկյունից ոգեւորված՝ իրենց ուշ աշնանային զորակցությունը հայտնեցին եռյակին ու հիմնականում Ծառուկյանին: Եթե մի քիչ շուտ միանային, միգուցե աշունը մի քիչ ավելի թեժ ստացվեր, չնայած անձրեւներն էլ մյուս կողմից էին աշնան թեժությանը խփում:
Միգուցե ձմեռն ու գարունն ավելի թեժ ստացվեն:
Կարդացեք նաև
Բոլոր դեպքերում, Տիգրան Կարապետիչն այլեւս չի կարող գլուխ գովել, թե՝ ինքը կենտրոնն է:
Կենտրոնն արդեն ու այսուհետ Գագիկ Ծառուկյանն է:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ
13.12.2014