«Մարդու իրավունքների եվրոպական չափանիշները եւ Եվրոպական դատարանում կառավարության լիազոր ներկայացուցչի դերը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովման հարցում» միջազգային համաժողովում ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ասաց. «Վաղուց անցել են այն ժամանակները, երբ յուրաքանչյուր պետություն իր ներքին գործն էր համարում, թե ինչ չափով են պաշտպանված կամ ինչու են հալածվում իր քաղաքացիները»:
Ըստ նրա՝ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում յուրաքանչյուր երկիր ձգտում է զարգացնել սեփական իրավական համակարգը՝ գերակայություն տալով մարդու արժանապատվությանը, նրա իրավունքներին եւ ազատություններին:
ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանն անդրադարձավ պետության կառավարության ներկայացուցչի ինստիտուտին, ասելով, որ այն կոչված է լրացնելու Եվրոպական կոնվենցիայով ստեղծված «իրավապաշտպան դատական համակարգը» եւ նպաստելու դատարանի գործունեության արդյունավետության ապահովմանը:
Ըստ Գ. Կոստանյանի՝ կառավարության լիազոր ներկայացուցիչը պետության փաստաբանն է Եվրոպական դատարանում եւ որպես պետության փաստաբան, նա պարտավոր է հնարավորինս պաշտպանել պետության շահերը, ներկայացնել պետության դիրքորոշումը: «Չնայած նախադեպային զարգացած իրավունքի առկայությանը, Եվրոպական դատարանը ներկայումս կանգնած է բարդ մարտահրավերների առջեւ, մասնավորապես՝ յուրաքանչյուր տարի զգալիորեն ավելանում են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների դեմ ներկայացվող գանգատների թիվը»:
Կարդացեք նաև
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն էլ իր խոսքում անդրադարձավ գանգատների թվի ավելացմանը, հայտնելով, որ 10 տարվա կտրվածքով ՄԻԵԴ է ընդունվել 32500 գանգատ, իսկ 2013թ.՝ 65900 գանգատ: Գլխավոր դատախազը իր ողջույնի խոսքում անդրադարձավ նախադեպային դարձած մեկ գործի՝ «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործին, երբ 2011թ. վճռում խախտում էր ճանաչվել այն, որ ՀՀ-ն չի նախատեսում զինվորական ծառայությունից բացառություն այն անձանց համար, ովքեր կրոնական համոզմունքների պատճառով չեն կարող ծառայել զինված ուժերում: «Այս վճռի հիման վրա Հայաստանում նախատեսված զինվորական ծառայությունից դուրս այլընտրանքային ծառայության հնարավորություն նշված կատեգորիայի անձանց համար»,- ասաց նա:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանում ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Եվրոպական դատարանի վճիռների գնահատման արդյունքում ԵԽ նախարարների կոմիտեի Եվրոպական դատարանի վճիռների կատարման վերահսկողության ստորաբաժանման կողմից այդ գործը այս տարի փակվեց:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ