Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ծեծում ազատամարտիկներին

Դեկտեմբեր 15,2014 11:30

Հայաստանում միջին ռանգի պաշտոնյաների մի խումբ կա, ովքեր պաշտոնների են եկել զուտ քաջնազարյան ոճով, ովքեր մշտապես պղտոր ջրում ձուկ են որսում: Նրանք այդ «գործի» չափազանց բարձր կարգի պրոֆեսիոնալներ են, սակայն նրանց գործունեության ճանապարհին՝ մշտապես խանգարող մի հանգամանք կա. այդ մարդիկ իրենց պաշտոնեական գործունեության հետ ոչ մի կապ չունեն, այսինքն՝ ոչ մասնագիտություն ունեն, ոչ կրթություն, ոչ գիտելիք, իսկ ավելի բարձր իշխանավորները՝ ժամանակին զուգընթաց, վաղ, թե ուշ պարտադրված են լինելու նրանց փոխարինել՝ շատ թե քիչ կրթված, իհարկե՝ անպայմանորեն իրենց վստահելի և նվիրված մարդկանցով, որի պատճառով նրանք իրենց մասնագիտական, գիտական և կրթական վակումը փորձում են կոմպենսացնել, իրենց ամենացածրից՝ մինչև ամենաբարձր ղեկավարների՝ անհարկի պաշտպանությունը ստանձնելով և «անմնացորդ նվիրվածությունը» ցուցադրելով:

Ասվածի վառ ապացույցը՝ վերջին երկու-երեք օրերին ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանի, Ռազմիկ Պետրոսյանի, Սուրեն Սարգսյանի և ՀԱԿ-ի Հրազդանի կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի վրա կատարված հարձակումներն էին ու ծեծը: Անկախ այդ ազատամարտիկների անձերի տեսակից, մի բան ակնհայտ է. այդ մարդիկ՝ մեր բոլորի փոխարեն՝ գիտակցաբար իրենց վրա են վերցրել թշնամու կրակը և փրկել մեր մայրերին, քույրերին, երեխաներին: Ուրեմն ինչ, նրանց այդ վարմունքը սխալ է եղել և ոմանք փորձում են պատժել այդ «դավաճաններին»:

Եթե այդ ամենն այդպես է, ապա ասեք իմանանք, որպեսզի մենք էլ հիշենք, թե մեզանից՝ ամեն մեկս ինչ օգտակար քայլ է արել այս երկրի համար և ամեն մեկիս ինչ պատիժ է սպասվում: Փաստորեն, այս երկրի արտոնյալներն ու հերոսները անգրագետներն ու հանցագործներն են, իսկ մնացածները՝ մեղավորներ ու դավաճաններ:

Իսկ մենք շարունակաբար զարմանում ենք արտագաղթի այս վայրի հոսքի վրա, ոչ մի բացատրություն չենք գտնում, փոխանակ հասկանալու, որ ընդամենը գործում է վերը նշված բանաձևը. Մարդիկ երկրից հեռանում են ոչ միայն նրա համար, որ չեն կարողանում գոյատևել, այլ հիմնականում՝ նաև նրա համար, որ նրանք դավաճաններ են և մնալով՝ պետք է անպայման պատժվեն այդ «հերոսների» կողմից: Իհարկե, համոզված եմ, որ այդ մարդիկ վախկոտ չեն և չեն վախենում պատժից, ուղղակի նրանք պատրաստ չեն պատիժը կրելու իրենց ազգի «հերոսների» կողմից:

Ասեմ, որ ակամայից տրվեց նաև վերջին տարիներին ամենաշատ չարչրկված՝ այնուամենայնիվ, ինչու± է այսքան մեծ արտագաղթի հոսքը, առեղծվածի պատասխանը: Անկեղծ ասած, տհաճ է շարունակել խոսել այս թեմայի մասին, որի պատճառով դադարեցնում եմ և կփորձեմ տալ հիմնական՝ ինչու± են ծեծում ազատամարտիկներին, հարցի պատասխանը:

Եվ այսպես. երկրում առկա են բազմաթիվ և բազմապիսի չլուծված խնդիրներ, որոնք իշխանությունների համար ստեղծել են՝ մեղմ ասած, անբարենպաստ մարտահրավերներ, որոնց լուծումը նրանք չեն կարողանում տալ, որի հետևանքով երկրում՝ բառիս բուն իմաստով, բոլոր ուղղություններով ստեղծվել է ծայրահեղ և անկառավարելի վիճակ, որից ելքը՝ իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում ցույց տալ, որն էլ իր հերթին, ժողովրդի մոտ ստեղծել է աներևակայելի դժգոհությունների ալիք:

Հանգամանքների նման դասավորությունը շփոթության մեջ է գցել իշխանական ողջ կազմին, ովքեր պարտադրված են լուծել այս բարդագույն թնջուկը:

Իսկ լուծման՝ ընդամենը երկու եղանակ կա. կամ պետք է իրականում լուծել խնդիրը, որն ինչպես արդեն ասացի, իշխանություններին՝ ոչ մի կերպ չի հաջողվում լուծել, կամ պետք է լեզու գտնել ժողովրդի հետ, որպեսզի նա ըմբռնումով մոտենա և ետ վերցնի իր կողմից պարտադրված (ժողովուրդն արդեն սովահարվում է) կերպով դրված պահանջները: Քանի որ, մեր խելացի ու հեզ ժողովուրդը՝ մեծագույն ցանկության դեպքում անգամ, ի վիճակի չէ հրաժարվել դրանից, ուստի իշխանություններին «այլ բան չի մնում անել», քան ժողովրդին պարտադրել՝ հրաժարվելու այդ մտադրությունից, որի ի կատար ածման ամենահմուտ գործիքը՝ նրանց հլու՝ անգրագետ, անկիրթ կամակատարներն են:

Իսկ վերջիններիս խանգարող ամենապինդ, չջարդվող՝ դիմակայող ուժն ազատամարտիկներն են, ովքեր անցել են պատերազմի բովով, թրծված են և հավատարիմ են ժողովրդին, ուստի փորձում են ջարդել նրանց, իսկ մնացյալը՝ զուտ տեխնիկայի հարց է…

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031