«Ուշագրավ են տվյալները Եվրոպական դատարանի դատական իրավազորությունն ընդունելուց ի վեր Հայաստանի դեմ ներկայացված գանգատների եւ դրանց կապակցությամբ կայացված վճիռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Եվրոպական դատարանի կողմից վարվող հաշվառման տվյալների համաձայն՝ 2002-2014թ. սեպտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետության դեմ ՄԻԵԴ է ներկայացվել ավելի քան 2000 գանգատ: 2014թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ՀՀ վերաբերյալ կայացվել է 49 վճիռ»,- «Մարդու իրավունքների եվրոպական չափանիշները եւ Եվրոպական դատարանում կառավարության լիազոր ներկայացուցչի դերը մարդու իրավունքների արդյունավետ ապահովման հարցում» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:
Ըստ նրա՝ 2014թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ներկայացվել է 15 մլն 260 հազար եվրոյի համարժեք փոխհատուցման պահանջ, որից բավարարվել է շուրջ 574 հազար եվրոն եւ Եվրոպական դատարանի կողմից բավարարված գումարը ամբողջությամբ փոխհատուցվել է: Ի դեպ, բավարարված գումարից 146 հազար եվրոն վճարվել է ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին եւ ըստ Գ. Կոստանյանի՝ դա Հյուսիսային պողոտային առնչվող գանգատներին էր վերաբերում, երբ կառուցապատողները իրենք են նախաձեռնություն ցուցաբերել:
Համաժողովին ելույթ են ունեցել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՄԻԵԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը:
Գ. Հարությունյանը առանձնակի անդրադարձավ «կառավարության լիազոր ներկայացուցիչ» կարգավիճակին, ասաց, որ այդ հասկացությունը նեղացնում է գործառույթը, քանի որ կողմը երկիրն է, վճիռը երկրի դեմ է:
Կարդացեք նաև
Համաժողովի մանրամասները՝ քիչ հետո:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ