Էբոլան մարդուց մարդ փոխանցվում է արցունքի, թքի, քրտինքի, արյան միջոցով
Այսօր Աղվերանում առողջապահության նախարարության կազմակերպված ԶԼՄ_-ների համար շնչառական վարակների եւ այլ կենսաբանական ռիսկերի համաճարակաբանության վերաբերյալ իրազեկման դասընթացի ժամանակ՝ առողջապահության նախարարության հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը լրագրողներին ներկայացրեց Էբոլա վիրուսի վտանգավորության աստիճանը:
«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մայրը իր 2 -ամյա երեխային որոշեց կերակրել չղջիկի մսով: Որոշ ժամանակ անց երեխան մահացավ, եւ ծնողները մտածեցին, որ երեխան մահացել է մալարիայից, բայց երբ սկսեցին մահանալ երեխայի հարազատները, եւ տարածաշրջանում մահացության դեպքերը հաճախակի բնույթ կրեցին, բժիշկները պարզեցին, որ գործ ունեն Էբոլայի հետ»,-ասաց Լիանա Թորոսյանը: Նա ասաց, որ, չնայած այս վիրուսը հայտնաբերվել է 1976 թվականին, բայց, մեկուսացված պայմաններում պահելով՝ տարածում չի գտել, մինչեւ վարակված չղջիկի մսի համտեսումը:
Այն երկրները, որտեղ այս հիվանդությունը տարածված է, մեծ տարածում ունի նաեւ մալարիան եւ այդ շփոթությունն էլ բերել է վարակի կտրուկ տարածմանը: Թե ինչու այս հիվանդությունը աֆրիկյան երկրներում լայն տարածում ստացավ, մասնագետը նշեց. «Ուշ հայտնաբերվեց, ուշ ախտորոշվեց եւ քանի որ այդ երկրներում ավանդություն կա դիակը 10 օր պահելու, բարեկամների տներով, համայնքով պտտելու, այդ իսկ պատճառով վարակն արագ է տարածվում»:
Կարդացեք նաև
Ըստ բժշկուհու՝ հիվանդությունը 90%-ով ավարտվում է մահով: «Վիրուսն ունի 5 ենթատեսակ, բայց մարդու համար ամենավտանգավոր տեսակ համարվում է զաիռ եւ ռեստոն տեսակները: Ներկայումս համաճարակային իրավիճակը պայմանավորված է զաիռ ենթատեսակով»,-ասաց Լիանա Թորոսյանը:
Հիվանդության փոխանցման համար ռիսկի գործոն են համարվում արցունքը, թուքը, քրտինքը, մեզը, արյունը: Մասնագետը նշեց, որ Էբոլան, ինչպես յուրաքանչյուր վիրուս ունի կեռիկներ, որոնցով կառչում է անոթի պատին, թափանցում արյունատար համակարգ եւ հասնում ներբջջային տարածություն: Արյան շրջանառության մեջ փնտրում, գտնում է իմունային բջիջներ եւ սկսում ոչնչացնել դրանք:
Լիանա Թորոսյանը, նկարագրելով հիվանդության ընթացքը, ասաց, որ վիրուսի գաղտնի շրջանը 2-21 օր է, բայց հաճախ տեւում է 4-10 օր: Առաջին 4 օրը նույն գրիպանման երեւույթներն են՝ ջերմություն, թուլություն, մկանացավ, կոկորդում ցավեր, բայց արդեն 5-6 երրորդ օրերին դրանց միանում է փսխում, լուծ, ցան եւ սկսում է լյարդ-երիկամային անբավարարություն, խախտվում է անոթների թափանցելիությունը, եւ արդյունքում ունենում են արտաքին եւ ներքին արյունահոսություն՝ մարդուն հասցնելով մահվան:
Էբոլա հիվանդությունը, ըստ մասագետի, այն հիվանդությունն է, որի դեպքում պարտադիր վիրուսակիրը գտնվում է հոսպիտալային՝ մեկուսացված պայմաններում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Լիանա Թորոսյանի ներկայացմամբ՝ վիրուսի համար դեռեւս որեւէ բուժում չի առաջարկում, չնայած 2 տեսակ պատվաստանյութ փորձարկման փուլում են:
Բժշկուհին նշեց, որ Հայաստանը, չունենալով ուղիղ չվերթ աֆրիկյան երկրների հետ, վարակից զերծ է մնում, չնայած սահմանային անցակետերում եւ օդանավակայանում մեր երկրի այցելուները ստուգում են անցնում: «Առողջապահության եւ արտաքին գործերի նախարարությունը, թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, երբ Հայաստան պետք է տարբեր երկրներից հյուրեր ժամանեին, աֆրիկյան երկրներից եկող մասնակիցներին մուտքի արտոնագիր չտրվեց»,-ասաց Լիանա Թորոսյանը:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ