Մեղրու տարածաշրջանի Կուրիս գյուղում այս տարի էլ համայնքի ղեկավարի ընտրությունն անցնում է առանց պայքարի: 1996.թ-ից մինչեւ օրս համայնքը ղեկավարող Սուրիկ Գրիգորյանն ընտրություններին մասնակցում է առանց մրցակցի: Այս անգամ գյուղապետի պաշտոնի համար առաջադրված Վարդան Գալստյանը մինչեւ վերջ չմասնակցեց ընտրապայքարին եւ ընտրություններից առաջ ինքնաբացարկ հայտնեց:
Գործող գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը փոխանցեց, որ անցած տարիներին էլ գյուղապետի պաշտոնի համար պայքարել ցանկացողներ չեն եղել: «Ոչ մի անգամ մրցակիցներ չեմ ունեցել, չգիտեմ, թե ինչու չեն ընտրապայքարին մասնակցում: Ես հիշում եմ, 1996թ.-ին, երբ ես գյուղապետ ընտրվեցի, այդ տարի էլ ոչ մեկը չէր ցանկանում գյուղապետ դառնալ: Ես գյուղում չէի, ժողովուրդը հավաքվել եւ առաջարկել էր, որ ես թեկնածությունս դնեմ: Այդ ժամանակ չէի աշխատում, թեկնածությունս դրեցի ու ընտրվեցի: Ցածր էր աշխատավարձը, 4 տարի շարունակ 16 հազար դրամով աշխատեցի: 1996թ.-ից առ այսօր շարունակում եմ ղեկավարել համայնքը: Ես ժողովրդից գոհ եմ, կարծում եմ, ժողովուրդն էլ ինձանից է գոհ», -ասաց Կուրիսի գյուղապետը, ում առաջադրել է հանրապետական կուսակցությունը: Նրա խոսքով` ընտրությունները նորմալ են ընթացել գյուղում, լարվածություն չի եղել:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ