Ձորաստանի գործող գյուղապետ Ավետիս Ավետիսյանի խոսքով` իրենց գյուղում համայնքի ղեկավարի ընտրություններն անցնում են առանց լարվածության ու ընդհարումների, թեեւ մրցակցություն կա գյուղում: Ասում է` իրենց գյուղում միշտ մրցակիցներ եղել են ընտրություների ժամանակ, բայց երբեւէ գժտություններ, բախումներ չեն գրանցվել, նման երեւույթներ բացառում է նաեւ այսօրվա ընտրության ընթացքում: «Մեր գյուղում ընտրությունները միշտ հանգիստ են անցնում, ծերացած գյուղ է, տարեց մարդիկ են հիմնականում, գիտակցորեն են մոտենում ընտրություններին, ընդհարումներ մեզ մոտ երբեք չեն լինում», -ասաց գյուղապետի թեկնածու, գործող գյուղապետ Ավետիս Ավետիսյանը: Վերջինս չի թերագնահատում մյուս թեկնածուին, ուժեղ մրցակից է համարում եւ սպասում ընտրության արդյուքնների ամփոփմանը: Որեւէ կանխատեսում այժմ չի ուզում անել: «Փակ ընտրություն է, վերջում պարզ կլինի: Ով կհաղթի, թող վայելի այս պաշտոնը: Շատ նորմալ կընդունեմ, եթե մյուս թեկանծուն հաղթի, իմ բնավորության մեջ չկա, որ ընտրության պատճառով իմ վերաբերմունքը բնակչի հետ, նորընտիր գյուղապետի հետ փոխեմ: Ձորաստանն աչքի է ընկնում իր համախմբվածությամբ, միասնականությամբ, նույնիսկ արտասահմանում ապրող մեր հայրենակիցների հետ է կապը ամուր, մշտապես աջակից են լինում գյուղին, օժանդակում ամեն հարցով: Ամեն տարի օգոստոսին նշում ենք մեր գյուղի օրը, տարբեր վայրերում` այդ թվում նաեւ արտասահմանում ապրող մեր գյուղացիները հավաքվում են գյուղում, միասին նշում ենք էդ օրը: Նույնիսկ էդ հանդիպումների ժամանակվա ծանոթություններից ամուսնություններ էլ են լինում», -ասաց գյուղապետը եւ հավելեց, որ իր ղեկավարման 14 տարվա ընթացքում գյուղի համար շատ բան է արել, դրական ակնկալիքներ ունի իր ընտրազանգվածից:
Նրա հավաստամամբ` Ձորաստանում ընտրությունների ժամանակ, մարդիկ ընտրություններին իրենց վստահության քվեն տալիս են՝ հաշվի առնելով մարդկային գործոնը, եւ ոչ թե` կուսակցական լինելու հանգամանքը:
«Կուսակցության խնդիր չկա այստեղ, գյուղի միասնությունն ու համախմբվածությունն է միշտ կարեւոր դեր ունեցել ամեն հարցում, երբեւիցե չեմ թողել կուսակցականացվի իմ համայնքը, մարդկայնին գործոնն է կարեւոր», -ասաց Ձորաստանի գյուղապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Ավետիս Ավետիսյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ