«Եթե ժողովուրդն առանց վախի մթնոլորտի, իրենց կամքով, առանց ծանոթ- բարեկամ հաշվի առնելու գնա ընտրության, ապա ես կընտրվեմ: Իսկ, եթե զանգերի քանակն ավելանա, մարդիկ իրենց կամքով չընտրեն, ես չեմ անցնի: Ինչքան շատ լինեն ուժեղ մարդիկ, չլսեն ոչ մեկին, նորմալ գնան ընտրության` էդքան իմ ընտրվելու հանրաավորությունը մեծ կլինի», – ասաց Կապանի տարածաշրջանի Ձորաստանի գյուղապետի թեկնածու, անկուսակցական Գեւորգ Հարությունյանը: Վերջինիս մրցակիցը Ձորաստան գյուղի գործող գյուղապետ, հանրապետական կուսակցության անդամ Ավետիս Ավետիսյանն է: Գեւորգ Հարությունյանի խոսքով` ինքն առաջադրվել է գյուղացիների պահանջով եւ տրամադրված է հաղթանակի:
«Եթե դրել եմ թեկնածությունս, ուրեմն ակնկալիքներ ունեմ, որ կհաղթեմ: Ժողովրդի պահանջով եմ առաջադրվել, 1-1.5 տարի առաջ ասացին, որ դնեմ թեկնածությունս, դրա կարիքը կա: Հույսս դրել եմ ժողովրդի վրա, հավատում եմ իմ ժողովրդին, թե չէ ուրիշ շանս չունեմ: Ես սրան-նրան զանգելու, խնդրելու բնավորություն չունեմ, ով կընտրի-կընտրի: Մարդ է եղել, որ ասել հավանում է իմ թեկնածությունս, բայց չի կարողանալու իմ օգտին քվեարկի, ասացի՝ դա արդեն կարեւոր չի, ես համարում եմ, որ դու արդեն ինձ ես ընտրել», -ասաց 1991թ.-ից մինչեւ 2000թ. Ձորաստանում գյուղապետ աշխատած Գեւորգ Հարությունյանը: Ներկայումս նա Կապանի թեթեւ ատլետիկայի մարզադպրոցի տնտեսվարն է:
Գյուղապետի մյուս թեկնածուին` գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Ավտիս Ավետիսյանին ուժեղ մրցակից է համարում եւ ընդգծում, որ Ձորաստանում կարեւոր դեր է խաղում մարդկային գործոնը, ոչ թե կուսակցական լինելու հանգամանքը:
«Գյուղապետի աշխատանքը հեշտ աշխատանք չի, պետք է ծառայի գյուղացուն, իսկ ես էդ մարդը չեմ, որ գամ չծառայեմ»,- ասաց Ձորաստանի գյուղապետի թեկնածու, անկուսակցական Գեւորգ Հարությունյանը:
Ձորաստանում ընտրելու իրավունք ունի 55 հոգի:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ