Սյունիքի մարզի Կուրիս համայնքում այսօր տեղի ունեցող գյուղապետի ընտրություններին առաջադրված գյուղապետի միակ թեկնածուն գործող ՀՀԿ-ական գյուղապետը՝ Սուրիկ Գրիգորյանն է: Նա 18 տարի այս համայնքի ղեկավարն է:
Նա Aravot.am-ին պատմեց, որ գյուղացիները կեսօրից են ակտիվացել, ժամը 14:00-ի տվյալներով, գրանցված 45 ընտրողից մոտ 25-ը ընտրության է գնացել:
«Հիմա գալիս են, նորմալ է: Կարծում եմ՝ մասնակցությունը լավ կլինի, որովհետեւ զանգում են ինձ, ասում են՝ գալիս ենք»,-ասաց գյուղապետը:
Նրա խոսքով, ՀՀԿ-ն պաշտպանում է իր թեկնածությունը, իսկ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դժգոհ չէ իր աշխատանքից. «Ինչով օգնի կուսակցությունը, օրենքի սահմաններում ամեն ինչով էլ օգնում է: Իսկ մարզպետն ինչ ասի, ես գյուղապետի թեկնածության հարցով հետը չեմ խոսել, բայց նորմալ է ամեն ինչ, ստուգումներով ամեն ինչով, իմ աշխատանքը նորմալ է եղել, մարզպետը եթե դժգոհ լինի, անվստահություն կհայտնի: Դժգոհելու առիթ չկա, ես իմ իրավունքներն ու պարտավորությունները գիտեմ, օրենքի սահմաններում ամեն ինչ արվում է»:
Կարդացեք նաև
Նա իրեն Սուրիկ Խաչատրյանի «դրածոն» չի համարում, ասաց բոլոր մարզպետերի օրոք էլ աշխատել է. «Նոր չեմ թեկնածությունս առաջադրում, բոլոր մարզպետերի հետ էլ աշխատել եմ»:
Մեր հարցին, ձեզնից բացի ոչ ոք ռիսկ չի՞ արել թեկնածություն առաջադրել, ինչո՞ւ եք միայն դուք գյուղապետի թեկնածու, գյուղապետն ասաց անկուսակցական մի թեկնածու էլ էր առաջադրվել, բայց կեսից ինքնաբացարկի դիմում ներկայացրեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ