Այսօր Սյունիքի մարզի չորս գյուղական համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում: Կապանի տարածաշրջանի Անտառաշատ եւ Գորիսի տարածաշրջանի Քարաշեն գյուղերում համայնքի ավագանու ընտրություններ են, իսկ Կապանի Ձորաստան եւ Մեղրու Կուրիս գյուղերում բնակիչները համայնքի ղեկավար են ընտրում: Կուրիսում համայնքի ղեկավարի ընտրությունն անցնում է առանց պայքարի: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար նախապես 2 թեկնածու էր առաջադրվել`անկուսակցական, ինքնաառաջադրված Վարդան Գալստյանն ու գործող գյուղապետ, ՀՀԿ-ից առաջադրված Սուրիկ Գրիգորյանը: Սակայն, անկուսակցական թեկածուն ինքնաբացարկ է ներկայացրել եւ գործող գյուղապետն առանց մրցակցի է մնացել:
Ի տարբերություն Կուրիս գյուղի` Կապանի Ձորաստան գյուղում համայնքի ղեկավարի պաշտոնի համար միաժամանակ երկու թեկնածու է պայքարում: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար նախապես երեք թեկնածու էր առաջադրվել, որոնցից մեկի` անկուսակցական, ինքնաառաջադրված Իգնատ Դավթյանի, ինքնաբացարկ ներկայացնելուց հետո այժմ ընտրապայքարում մնացել են գործող գյուղապետ, ՀՀԿ-ից առաջադրված Ավետիս Ավետիսյանը եւ ինքնաառաջադրված, անկուսակցական, Կապանի թեթեւ ատլետիկայի մարզադպրոցի տնտեսվար Գեւորգ Հարությունյանը: Սյունիքի մարզի Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից քիչ առաջ տեղեկացանք, որ ժամը 14:00-ի դրությամբ` Ձորաստանում 55 ընտրողից 38-ն արդեն մասնակցել է ընտրության, իսկ Կուրիսում 45 ընտրողից` 16-ը: Հանձնաժողովը դժգոհություններ, դիմում-բողոքներ չի ստացել մինչ այժմ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ