Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Արդյոք այս բռնությունները Սուրիկ Խաչատրյանին նորից մարզպետ նշանակելու եւ Գորիսում կատարված բռնությունը կոծկելու պատճառո՞վ չէին»

Դեկտեմբեր 14,2014 15:15

Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ անպատժելիությունը կարող է անկառավարելի վիճակ ստեղծվել Հայաստանում

Aravot.am-ը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանից հետաքրքրվեց, թե արդյոք իրավապաշտպանը կապ է տեսնում «Նախախորհրդարանի» անդամների ավտոմեքենաների հրկիզման, ազատամարտիկների եւ Հայ ազգային կոնգրեսի անդամների վրա հարձակումների մեջ: Նա պատասխանեց, որ եթե ուղղակի կապ չկա այդ բռնությունների միջեւ, ապա անպայման կա անուղղակի կապ. «Եթե բռնությունը չի պատժվում, նա կարող է ծնել իրար հետ  ոչ կապված բռնություններ: Երբ «Նախախորհրդարանի» անդամների դեմ բռնությունները չբացահայտվեցին, տրամաբանական էր, որ կարող էին շարունակվել այլ բռնություններ: Եթե նույն ձեռքն է անում այս ամենը, (շատ հավանական է, որ նույն ձեռքն է անում, գուցե, ոչ) ապա հստակ դա ինչ-որ իշխանամետ կենտրոնից է հրահանգվում՝ իմանալով, որ իրենք չեն պատժվելու: Կա մեկ այլ վարկած, որ եւս իշխանամետ կենտրոնից հրահանգվել է «Նախախորհրդարանի» դեմ բռնությունները, տեսնելով որ անպատիժ է մնում մի ուրիշ իշխանամերձ ուժ որոշել է նույն ձեւով շարունակել եւ գնացել է այդպիսի բռնությունների: Սա անպատժելիության մթնոլորտն է Հայաստանում»:

Ավետիք Իշխանյանը համարում է, որ կատարվածը փորձություն էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համար, սակայն ըստ նրա՝ այդ քննությունը ոստիկանապետը չի հանձնել. «Երկու վարկած կարող է լինել այստեղ՝ մեկ, որ ոստիկանությունը այնքան պրոֆեսիոնալություն չունի, որ կարողանար բացահայտել դա, որն ուղղակի ամոթ է. 6 մեքենաների հրկիզումը եւ մեկի ծեծը, եթե անկարող է բացահայտել, ապա կարելի է ոստիկանությունը փակել: Կամ, իմանալով, թե ովքեր են, ոստիկանությունը համարձակություն չունի բացահայտելու, թե ովքեր են, եւ հենց ոստիկանությունն է պատասխանատու, որ դրանից հետո այսպիսի դեպքեր եղան: Ոստիկանություն ասելով ես ոստիկանության օղակն ի նկատի չունեմ. Ոստիկանության համակարգն է սրա մեղավորը: Եթե ինքը չի կազմակերպել թո՛ղ բարի լինի բացահայտի, այս դեպքում մենք հիմքեր ունենք մտածելու, որ ինքն է կազմակերպել»:

Նա համարում է, եթե այս դեպքերը չբացահայտվեցին, ապա հարձակումները կարող են շարունակություն ունենալ եւ դառնալ անվերահսկելի. «Այս անպատժելիությունը կարող է բերի այլ օղակների կողմից բռնություն կիրառելուն եւ վենդետայի, կարող է անկառավարելի վիճակ ստեղծել Հայաստանում»:

Ավետիք Իշխանյանը վերջում հավելեց. «Արդյոք այս բռնությունները Սուրիկ Խաչատրյանին նորից մարզպետ նշանակելու եւ Գորիսում կատարված բռնությունը կոծկելու պատճառո՞վ չէին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031