Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորյա տագնապներ

Դեկտեմբեր 14,2014 14:12

Հունվարի մեկն էր` Ամանորի առաջին օրը: Հյուրասիրելով և ճանապարհ դնելով մի քանի հյուրերի, որոնք եկել էին մայրիկի տոնը շնորհավորելու, Գոռը փոքր-ինչ գինովցած վիճակում տանից դուրս եկավ, այցելեց մի քանի բարեկամների, հարազատների, մոտիկ ընկերների, որոշակի ժամանակ անցկացնելով, բայց ուղեղում Մարինեն էր: Երկու օր առաջ նրանք գժտվել էին այն բանից հետո, երբ Մարինեն առանց իրեն տեղյակ պահելու գնացել էր ընկերուհու ծննդյան օրը շնորհավորելու: Իսկ Գոռի խանդոտ հարցին Մարինեն պատասխանել էր, որ ինքը ազատ մարդ է և պարտադիր չէ, որ իր ամեն մի գործողության համար պետք է նրան տեղյակ պահի:

Գոռը ուշ ժամի տուն վերադարձավ մռայլ տրամադրությամբ: Ալկոհոլը և բարեկամների հետ ժամանակ անցկացնելը չէր թեթևացրել նրա ապրումները: Մարինեն նույնիսկ չէր բարեհաճել զանգահարել իրեն, իսկ ինքը գտնում էր, որ առաջինը նա պետք է շնորհավորեր իր Ամանորը` որպեսզի քաղեր իր «մեղքը»:  Մայրը ուրախ դիմավորեց որդուն` ասելով.

-Մարինեն եկավ, հյուրասիրեցի, երկար զրուցեցինք, սպասեց քեզ, բայց քանի որ դու շատ ուշացար նա էլ նեղացած գնաց:

-Մարինե՞ն,-զարմացավ Գոռը:

-Հա՚, Մարինեն, քիչ առաջ այստեղ էր և խնդրեց քեզ հաղորդել, որ այս տոն օրերին տան տերերը երկար ժամանակով չպետք է բացակայեն և բջջային հեռախոսն էլ` չանջատեն:

-Բայց ես հեռախոսս չեմ անջատել,-արդարացավ Գոռը և գոտու վրա ամրացրած պատյանից հանեց բջջայինը:

Իսկ իրականում Գոռը ոչ թե անջատել, այլ չէր վերալիցքավորել բջջայինը, որը լրիվ լիցքաթափվել էր և աշխատելու ընդունակ չէր:

-Դե՛, լավ, ես գնացի,-ասաց Գոռը, Ամանորյա առատ սեղանի վրայից վերցրեց օղու չբացված շիշը, խցկեց վերարկուի ծոցագրպանը և դուրս թռավ տանից: Փողոցում իր բախտից տաքսի շուտ հանդիպեց, ձեռքով նշան արեց, որ կանգնի, վարորդը կտրուկ արգելակեց և մեքենան կանգ առավ հենց նրա  կողքին, արագ ներս խցկվեց առաջին դռնից ու սլացավ ուղիղ դեպի Մարինեենց տուն:

Տեղ հասավ, վճարեց ճանապարհավարձը, դժվարությամբ ցած իջավ մեքենայից, շորորալով ուղղվեց դեպի հանդիպակաց շենքի վերջին մուտքը: Գինովցած մեքենա նստելը արել էր իր չար գործը: Շնչակտուր հասավ մինչև հինգերորդ հարկ, կանգնեց ծանոթ դռան առջև, խորը շունչ քաշեց, ուղղեց հագուստը և սեղմեց զանգի կոճակը: Դուռը բացեց Մարինեի մայրը:

-Բարև’, շնորհավո~ր Ամանոր և Սուրբ Ծնունդ, ցանկանում եմ երջանկություն, առողջություն,-շուտասելուկի նման արտասանեց Մարինեի մայրը և ուրախացած ներս հրավիրեց Գոռին:

-Ձեզ նույնն եմ ցանկանում, մորաքույր Սոֆի, առաջին հերթին առողջ լինեք, երջանիկ լինեք, երկար տարիների կյանք ունենաք,-արձագանքեց Գոռը` ներս մտնելով:

-Է~հ,-դժգոհեց Սոֆի մորաքույրը,- թողնում են որ..

-Իսկ ի՞նչ է պատահել,-զարմացավ Գոռը:

-Էլ մի’ հարցրու, նա բոլորովին խելքը թռցրել է, չի հասկանում, թե ինչ է անում,-սկսեց մորաքույր Սոֆին:

-Ու՞մ մասին է խոսքը,-իբր չհասկանալով` հետաքրքրվեց Գոռը:

-Այդ սրիկան անընդհատ  անգրագետ նամակներ է գրում ու գրում, ես հաճախ դրանք նույնիսկ պատռում եմ, աղբաման գցում, որ չընկնեն Մարինեի ձեռքը: Այդ տղան հիվանդ է, խելագարի մեկը, և ի՞նչ է գտել իմ աղջիկը նրա մեջ, չեմ հասկանում:

-Այո~,-արձագանքեց Գոռը:

-Դե’, ասա’, ինչ անեմ ես նրա հետ. նա ոչինչ չի ուզում լսել, ջահել է, իսկը փոքր երեխա, չնայած արդեն երկու տարի է, որ ավարտել է դպրոցը և քո շնորհիվ էլ այս տարի ընդունվեց ինստիտուտ:

-Ես էլ  եմ այդպես կարծում, բայց ի՞նչ կարող ես անել, սերը դաժան բան է,-խորը հոգոց հանելով արտաբերեց Գոռը:

-Ի՞նչ է ուզում այդ լակոտը, մի գլուխ գրում ու գրում է դատարկ խոսքեր, իսկ ես չեմ ուզում, որ իմ երեխան ընկնի այդ խելագարների անիծված տունը,-նորից խոսեց տիկին Սոֆին:

-Սոֆի’ մորաքույր, ես էլ եմ Մարինեին ասել, որ նա սխալվում է, որ այդ տղան այնքան էլ իրեն հարմար զույգ չէ, որ հետագայում նա դրա համար դառնորեն կզղջա, բայց նա իրենն է պնդում՝ թե սիրում եմ, սիրում եմ… Վիկտոր Հյուգոն իր ,Թշվառներըե վեպում հոր լեզվով այսպես է ասում իր որդուն. ,Լավ է` ես քեզ պատժեմ ավելի շուտ, քան կյանքը կպատժիե: Փորձեք նրան պատժել, իսկ հետո արդեն ուշ կլինի,-փիլիսոփայեց Գոռը:

-Դե’, խմի’ր, կե’ր, մի գլուխ խոսում եմ, ես էլ չգիտեմ` ի՞նչ անեմ:

-Շնորհակալություն, մորաքույր Սոֆի, այսօր այնքան տներ եմ այցելել, ամեն տեղ մի փոքր  խմել եմ, կերել և այլևս տեղ չի մնացել, չեմ ամաչում:

-Ախր, ամբողջ մի ամիս անընդհատ պատրաստվում ենք Ամանորին, այնքան ենք դես ու դեն վազում, զայրանում, աշխատում, հոգնում, որ արդեն ուտել էլ չենք ուզում,-դժգոհեց Սոֆի մորաքույրը:

-Այդպես է, բոլորն էլ ցանկանում են առատ սեղան բացել, հյուրասիրել եկողներին, մի քիչ էլ չափը անցնում են` երևի ուրիշներին զարմացնելու համար, բայց դե ավանդույթ է, չես կարող հետ մնալ,-հանգստացրեց Գոռը:

-Հիմա շատերը արտասահման են գնում, քաղաքից դուրս գալիս կամ ռեստորաններում նշում Ամանորը, երևի ճիշտ են անում,-ինքն իրեն խոսեց տիկին Սոֆին:

-Կամաց-կամաց այդ մշակույթն էլ մեզ մոտ կձևավորվի,-եզրակացրեց Գոռը:

Երկար զրուցելուց հետո`  Գոռը տեղից վեր կացավ և հրաժեշտ տվեց տան տիրուհուն, չնայած նրան, որ նա հորդորում էր մի քիչ էլ սպասել, համոզելով, որ Մարինեն շուտով կգա: Սոֆի մորաքույրը  Գոռին շատ հարգանքով էր վերաբերվում, որը ավարտել էր բարձրագույնը, արդեն կայացած տնտեսագետ էր և շատ կցանականր, որ նա դառնար Մարինեի ամուսինը և ոչ թե այն ,լակոտըե:

Գոռը աստիճաններով արագ ներքև իջավ: Հանկարծ ներքևից ոտնաձայներ լսվեցին: ,Մի՞թե Մարինեն  էե,-անցավ նրա մտքով, սակայն հետո պարզվեց բարձրացողը ուրիշ մեկն էր:

Երբ նա փողոց դուրս եկավ իսկույն նկատեց, որ հանդիպակաց կանգառին իրեն տուն տանող երթուղայինն էր մոտենում և արագ կտրեց, անցավ փողոցը արգելված տեղից: Երթուղայինը կանգ առավ, Գոռը դանդաղորեն մոտեցավ դռանը, իսկ դուռը ներսից բացվեց և ո~վ, զարմանք, Մարինեն պատրաստվում էր ցած իջնել այնտեղից: Ինչպիսի~ երջանիկ պատահականություն:

-Շնորհավո~ր Ամանոր և Սուրբ Ծնունդ,-տեսնելով Գոռին` ուրախ բացականչեց Մարինեն:

-Շնորհավո~ր,-մռայլ արձագանքեց Գոռը, բռնեց նրա ձեռքը  և ցած թռցրեց երթուղայինից:

-Դու մեր տա՞նն էիր:

-Այո’:

-Դե, ի՞նչ, մայրս ամեն ինչ պատմեց:

-Իհարկե, ես հիմա ավելի շատ բան գիտեմ, քան երեկ:

-Վերադառնա՞նք տուն,-հարցական նայեց Գոռի թթված դեմքին:

-Բայց արդեն շատ ուշ է:

-Դե, լավ, գնացինք,-համոզող տոնով ասաց Մարինեն և թևանցուկ անելով Գոռին` անցան փողոցը:

Այդպես գինովցած վիճակում Գոռը նորից հինգ հարկ բարձրացավ վերև` ի պատիվ իր սիրելի Մարինեի:

-Իրար գտա՞ք,-ուրախացավ մայրը, երբ նրանք տուն մտան:

-Գտա,-ժպտալով ասաց Գոռը,-ով փնտրում է, նա միշտ էլ գտնում է:

Նորից նստեցին սեղանի շուրջ, բաժակ բարձրացրեցին, իրար շնորհավորեցին, զրուցեցին: Ուշացած եկան նաև Մարինեի հայրը, եղբայրը` կնոջ հետ, շնորհավորեցին իրար Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, առողջություն և հաջողություններ մաղթեցին:

Գիշերը կիսվել էր, արդեն ժամը երեքն էր: Գոռը նայեց ժամացույցին, կտրուկ վեր կացավ տեղից և պատրաստվեց հրաժեշտ տալու, բայց Մարինեի մայրը հանկարծ առաջարկեց գիշերել իրենց տանը` պատճառաբանելով, թե շատ ուշ է, տրանսպորտ չի գտնվի, հազար ու մի փորձանք կարող է պատահել: Իհարկե, այդ ուշ ժամին և գինովցած վիճակում նպատակահարմար չէր Գոռին տուն ճանապարհելը: Մարինեն փորձեց տաքսի պատվիրել, որը հաջողությամբ չավարտվեց, քանի որ բոլոր ծառայություններն էլ միաբերան, խոսքերը մեկ արած ասում էին, որ «ազատ մեքենա չունեն»:  Գոռը տեսնելով, իրավիճակի բարդությունը և գիտակցելով իր վիճակի ծանրությունը, արդեն չառարկեց առաջարկությանը և ընդունեց այն:

Սցենարը կարծես նախօրոք գրված սերիալի մաս լիներ: Տանեցիները արագ քաշվեցին իրենց սենյակները, իսկ Մարինեն Գոռին առաջնորդեց իր նեղլիկ ննջասենյակը, արագ հանգցրեց լույսը և նեղացած տոնով հրամայեց.

-Հանվի’ր և պառկի’ր, ես քեզ համար արդեն անկողին եմ պատրաստել:

-Մի՞թե այդ ես եմ,-բարձրաձայն արտաբերեց Գոռը մթության մեջ:

-Այո, այդ դու ես, էլ ուրիշ ո՞վ,-լսվեց Մարինեի զայրացկոտ ձայնը:

Գոռը դանդաղ հանվեց և պառկեց առաջարկված անկողնում` զգալով առաջացած վիճակի անհեթեթությունը, որի մեջ հայտնվել էր իր անխոհեմ քայլի հետևանքով: Իսկ Մարինեն պառկեց ծալովի մահճակալի վրա, որը դրել էր Գոռի մահճակալի կողքին: Այլ կերպ հնարավոր էլ չէր այն տեղավորել սենյակի փոքրության պատճառով:

Գոռը լուռ պառկած էր անկողնում և մթության մեջ լսում էր Մարինեի անհանգիստ շնչառությունը, որը կարծես թե դժվարությամբ էր հարմարվել նոր տեղին:

Սկսվում էր ծանր, դժվար ու տենդագին գիշերը: Գինովցած վիճակը և Մարինեի ֆիզիկական ներկայությունը նրան խելքահան էին անում: Ալկոհոլը ավելի ու ավելի էր հաղթում ու մթագնում նրա ուղեղը, հազար ու մի խառնիխուռն մտքեր թափառում էին գլխում և չէր համարձակվում որևէ խոսք ասել կամ գործողության դիմել:

Իսկ գուցե Մարինեի մայրը  իրեն ծուղակն է գցել` նրան հանձնելով իր խղճին, փորձելով այդպիսով վերջ դնել նրա չարաճճիություններին: Գոռը այդ մտքից սարսփեց, վեր կացավ, նստեց անկողնում, մթության մեջ շոշափեց, գտավ տաբատը, այնտեղից հանեց  ծխախոտատուփը և վառիչը: Գինովցած վիճակում ծխելը կարծես պարտադիր է դառնում: Վերջացրեց ծխելը, նորից պառկեց անկողնում, բայց այդպես էլ չկարողացավ քնել:

Իսկ առավոտը արդեն մոտենում էր և լույսը մեղմորեն ներս էր թափանցում պատուհանից ներս: Գոռը կամացուկ նստեց անկողնում, դանդաղորեն հագավ շորերը, երկար նայեց ու զմայլվեց քնած Մարինեի պատկերով, ապա միացրեց բջջայինը, լուսանկարեց իր սիրելի գեղեցկուհուն, խորը հոգոց հանեց ու ծանր խոհերով, գողունի լքեց Մարինեենց բնակարանը, երբ բոլորը դեռ քնած էին:

Նա արդեն ճանապարհին խորհում էր այն մասին, թե արդյոք, Մարինեն իրականում քնած էր, թե այդպես ձևացրեց: Իսկ եթե հանկարծ ինքը տեղի տար ու չկարողանար տիրապետել իր զգացմունքներին գինովցած վիճակում և չարաբաստիկ քայլ կատարեր Մարինեի նկատմամբ, ինչ էր լինելու հետո…

Չէ’, ինքը սիրում է ազատությունը և չի կարող խոչընդոտել ուրիշի ազատ ընտրությանը, որքան էլ Մարինեն ցանկալի է իր համար և սիրահարված է նրան: Ամեն ոք ինքն է պատասխանատու իր արարքների համար, թեկուզ դրանք լինեն անհեթեթ և նունիսկ չտրամաբանված: Մեր օրերում պարտադրված ամուսնություն չպետք է լինի…

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031