Այսօր առավոտից տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են սկսվել Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր և Տավուշ մարզերի թվով 35 համայնքներում, որոնցից 26-ում` համայնքի ղեկավարի և 9-ում` ավագանու անդամի ընտրություններ:
«Մարտունու կանանց համայնքային խորհրդից» 10 դիտորդ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Նորաբակ գյուղի 23/1 ընտրատեղամասում հետեւում է գյուղապետի ընտրություններին: Միակ թեկնածուն այս համայնքում ՀՀԿ-ական գործող գյուղապետն է ՝ Վազգեն Ասատուրյանը:
215 ընտրողից ժամը 12:00-ի տվյալներով ընտրության է գնացել 52-ը: «Մարտունու կանանց համայնքային խորհրդի» նախագահ Անահիտ Գեւորգյանը Aravot.am-ին ասաց, որ ընտրություններն ընթանում են բնականոն, մթնոլորտը խաղաղ է, խախտումներ չեն արձանագրվել: Այս գյուղն ամբողջությամբ փախստականներով է բնակեցված, գյուղապետն էլ է փախստական:
Ընտրողների պասիվությունը, Անահիտ Գեւորգյանը բացատրեց նրանով, որ գրանցված բնակիչների մեծամասնությունը ձմռանը գյուղում չեն ապրում. «Նախընտրական հանդիպման ժամանակ գյուղապետն ասաց, որ 150 մարդ մասնակցի, դա արդեն լավ ցուցանիշ կհամարվի»: Նա չուներ տեղեկություն, թե գյուղում փաստացի քանի բնակիչ կա բնակվող;
Կարդացեք նաև
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 4 տեղական հասարակական կազմակերպության ընդհանուր թվով 109 դիտորդ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ