Լրահոս
Օրվա լրահոսը

Եռյակը մեռավ, կեցցե եռյակը…

Դեկտեմբեր 14,2014 11:00

Այն, որ բոլոր ժամանակներում էլ իշխանությունները մշտապես և բոլոր հարցերում ժողովրդին հուսախաբ են անում, դա այնքան էլ տարօրինակ չէ, ավելին՝ «նորմալ է» և այդ թեմայով չեմ ուզում խոսել, քանի որ բոլորն ամեն ինչ գիտեն և սովորական են մոտենում դրան: Իսկ թե, վերջին 20 տարվա ընթացքում ընդիմադիր կոչվող քաղաքական ուժերն ու քաղաքական գործիչները քանի-քանի անգամ են հուսախաբ արել ժողովրդին, դժվարանում եմ ասել, քանի որ այդ թիվը բավականին մեծ է: Ասեմ որ, այն պարզապես մեծ թիվ չէ՝ դասական իմաստով, որ հիշվի կամ չհիշվի: Այն ուղղակի գոյանում է՝ ամեն անգամ մեկով ավելանալով և այդ անգամների թիվը հիշելն է դժվար: Միայն մի բան հստակ կարող եմ ասել, որ այն միանիշ թիվ չէ և նվազագույնը՝ երկնիշ է և 20-ից ոչ պակաս:

Այսօր՝ բոլոր առումներով, շատ տարօրինակ վիճակ է ստեղծվել երկրում: Խոսքը գնում է ժողովուրդ-ընդդիմություն փոխհարաբերության մասին: Իշխանությունը՝ արդեն կամաց-կամաց մոռացվում է և փաստացի մնացել է երկու կողմ՝ ժողովուրդ և ընդդիմություն: Իշխանությունը՝ կարծես խաղից լրիվ դուրս է եկել: Նա անելիք չունի: Նա իր անելիքը լրիվ արել է…: Ժողովրդի հույսը ընդդիմությունն է, ընդդիմության հույսը՝ ժողովուրդը: Փորձենք այս համատեքստում վերլուծել ժողովուրդ-ընդդիմություն իրական փոխհարաբերությունը և տեսնենք, թե այս պահին ինչպիսի իրավիճակ է տիրում, ինչ ելքեր կան և ուր ենք գնում: Երբ ժողովուրդը մնում է իր հույսին, նա կամ հաշտվում է եղած իրավիճակի հետ և սկսում է յոլա գնալ` իրեն բաժին հասած կյանքի քուլաներում, կամ այլ ճանապարհ չտեսնելով հույսը դնում է Տիրոջից սպասվող փրկության վրա և իր բաժին խաչը կրելով, փորձում է քայլել կյանքի անորոշ քարքարուտներով: Ժողովուրդներն՝ ընդհանրապես, հայ ժողովուրդը՝ մասնավորապես, դժվար են ինքնակազմակերպվում և ընդվզում` իրենց կյանքը փոխելու համար: Հենց այս դեպքերում է, որ առաջնորդի կամ առաջնորդող ուժերի անհրաժեշտություն է առաջանում, որը վիճակի թելադրանքով` ժողովրդին պետք է առաջնորդի դեպի բաղձալի ցանկության իրականացում: Վերջին 20-25 տարիների ընթացքում հայ ժողովուրդը բազմիցս է հայտնվել նման իրավիճակներում և բոլոր դեպքերում էլ առաջնորդները կամ առաջնորդող ուժերը՝ այսպես, թե այնպես հուսախաբ են արել ժողովրդին (անուններ չտամ): Փոխանակ դասեր առնելու տապալված արդյունքներից, զարմանալիորեն՝ ժողովրդի մեջ միշտ խոսում է լավատեսությունը. հույսը  վերջինն է մեռնում և հաջորդ իսկ՝ նմանատիպ իրավիճակում դարձյալ վստահում ու հավատում է, ու դարձյալ խաբվում (ցավոք, այս հարցում մեր ժողովուրդն անուղղելի է): Ինչպես արդեն նշեցի, վերջին տարիներին հայ ժողովուրդը նման իրավիճակներ շատ է ապրել և դրանց վիճակագրության, վերլուծության բարձրաձայնման վերաբերյալ խնդիր չենք դնում: Այսպես, թե այնպես, դրանց մասին համարյա բոլորը գիտեն: Ավելին, հավանաբար ամեն մեկն իր վերլուծությունն ու կողմնորոշումն ունի և գիտի, թե հաջորդ անգամ ինչ պահելաձև պետք է որդեգրի: Իհարկե, այստեղ ես բնավ չեմ պնդում, որ ստեղծված իրավիճակից միակ փրկությունն իշխանափոխությունն է, սակայն պնդում եմ, որ առաջնորդները կամ առաջնորդող ուժերը պետք է խորը ընկալեն ժողովրդի տրամադրությունները և իրենց հաշիվ տան, արդյո՞ք ունակ ու պատրաստ են առաջնորդելու ժողովրդին և համատեղ իրականացնելու նրա առաջ քաշած պահանջները: Եթե ունակ են և կարող են, ապա փառք ու պատիվ, իսկ եթե ոչ, ապա պետք է ազնիվ լինեն և չկեղծեն: Չափազանց մեծ մեղք է, երբ ժողովրդին հույս ու խոստում է տրվում և հետագայում, մեղմ ասած՝ խաբում նրան:

Այժմ երկու խոսք՝ նմանատիպ վերջին իրադարձությունների մասին, որը սույն նյութի հիմնական ասելիքն է: Վերջին ամիսներին երեք քաղաքական ուժեր կամ ինչպես ասում են, եռյակը՝ Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ և Ժառանգություն կուսակցությունները հայտարարեցին իրենց միավորման և պատրաստակամության մասին, որ պատրաստ են առաջնորդել ժողովրդին՝ որպես գերնպատակ հռչակելով մոտակա իշխանափոխությունը: Այսպես ասած, այդ նպատակի իրականացման ճանապարհին եռյակը անցկացրեց երկու հանրահավաք և երկուսում էլ հավաստեց իր հավատարմությունը՝ իր տված խոստմանը, այն է՝ միայն իշխանափոխություն: Հոդվածը գրելու պահի դրությամբ տպավորություն կա, որ եռյակի ներսում լուրջ հակասություններ են առաջացել և եռյակը՝ կարծես լեթարգիական քնի մեջ է, որքան էլ, որ տարբեր ամբիոններից հայտարարեն, թե այս պահին իրենք զբաղված են մարզերում եռյակի շտաբներ ձևավորելով: Կարծում եմ, որ և արտաքին որոշ շահագրգիռ ուժերին, և իշխանություններին հաջողվեց համատեղ սեպ խրել եռյակի կուսակցությունների միջև և աստիճանաբար մարել եռյակի հայտարարած մարտարշավը: Տարիների փորձը և կանխատեսումները մեզ բերում են հետևյալ եզրահանգմանը. եռյակը մեռավ, կեցցե եռյակը…

Հարգելի հայրենակիցներ, հարգելի քաղաքական գործիչներ, հարգելի քաղաքական ուժեր, ժողովրդի առջև հատարարություններ անելուց առաջ, մի լավ ծանր ու թեթև արեք, լավ հաշվեք ձեր հնարավորություններն ու ցանկությունները, որից հետո միայն բարձրաձայնեք ձեր մտքերը: Ժողովուրդը խաղալիք չէ, որ փորձում եք խաղալ նրա նուրբ լարերի վրա: Դա ամենաաններելի երևույթն է, որը երբեք չի ներվում և Տիրոջ, և հենց նույն ժողովրդի կողմից…

Լրջացեք և ձեզ համար ուրիշ խաղալիք գտեք…

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

 Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացեր» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. david says:

    Եռյակը չմեռավ, ազգն է հոգևվարքի մեջ:Կեցցե փուչիկների ազգը:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Եռյակը մեռնելուց առաջ ծնվա՛ծ պիտի լիներ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031