Մայրաքաղաքի խուլ համրերի մարզադահլիճում ավարտվեց Հայաստանի ձյուդոյի առաջնությունը, որին մասնակցեց 106 մարզիկ:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Հայաստանի մեծահասակների առաջնությունը սովորաբար անցկացնում ենք դեկտեմբերին, քանի որ մեր մարզաձեւի միջազգային օլիմպիական ցիկլը տարբերվում է մյուսներից: Մասնավորապես, արդեն հունվարի 6-ից Ձյուդոյի եվրոպական միությունը Ավստրիայում սկսում է օլիմպիական հավաքները: Դրանք լինելու են տասը, որոնց մասնակցում են օլիմպիական խաղերի հավակնորդները: Այնպես որ, մեր օլիմպիական ու ազգային հավաքականները կազմավորելու նպատակով ենք հանրապետության առաջնությունը կազմակերպում տարեվերջին: Ազգային հավաքականում կարող են ընդգրկվել նաեւ այն ձյուդոիստները, որոնք դեռ պատրաստ չեն հանդես գալ վարկանիշային մրցաշարերում, որոնք շարունակվելու են մինչեւ 2016 թվականը: Իսկ օլիմպիական հավաքականի թեկնածուներին եւս մեկ անգամ տեսնելը անհրաժեշտ է: Երկուշաբթի օրվանից ազգայինը Ծաղկաձորում 12 օրով բազային ուսումնամարզական հավաք է անցկացնելու, որից հետո, հավանաբար, չորս հոգի կգործուղվի Ավստրիա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ