Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը չի ափսոսում, որ թարգմանել է Ջեմալ Փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանությունը» գիրքը:
Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանգամանորեն բացատրեց, թե ինչու է նախաձեռնել երկու տարի առաջ հրատարակված այդ գրքի թարգմանությունը. «Այդ գիրքը գրավեց իմ ուշադրությունը մի քանի պատճառներով. նախ՝ այն ցույց է տալիս Թուրքիայում բավականին հետաքրքիր հասարակական մի զարգացում, այսինքն՝ թե ինչպես է թուրք մտավորականն ապրում էվոլուցիա՝ Ցեղասպանությունը ժխտողից դառնում դրանով հետաքրքրվող և, ի վերջո, «ցեղասպանություն» տերմինը կիրառող: Բացի այդ, գրքում երևում են նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ ներթուրքական ընկալումները: Գրքի հասցեատերը, ըստ էության, հայ ընթերցողն է: Դրա համար էլ գրքի թարգմանությունն ու ներկայացումը հայ ընթերցողին, կարծում եմ, կարևոր էր: Մյուսը քարոզչական նպատակն էր: Քանի որ Հասան Ջեմալը «գովազդված» թուրք մտավորական է, պետք է հայ ընթերցողը տեսներ, թե այդ «առասպելական» Հասան Ջեմալն իրականում ինչ է մտածում և ինչ է գրում: Գրքի թարգմանությունն այս առումով արդարացված է»,- ասաց Ռ. Մելքոնյանը և հավելեց, որ ի սկզբանե նախատեսված է եղել գիտական թարգմանություն, այսինքն՝ առաջաբան թարգմանչի կողմից, որտեղ պարզաբանվում և ներկայացվում է գիրքը ոչ մասնագետ ընթերցողների համար, ինչպես նաև գիտական տողատակ բացատրություններ, մեկնաբանություններ և այլն:
«Մենք պատրաստ էինք նույնիսկ հոնորար առաջարկել Հասան Ջեմալին, սակայն հետո պարզվեց, որ նա իր հեղինակային իրավունքները հանձնել է «Հրանտ Դինք» հիմնադրամին։ Այստեղ արդեն մենք պայմանավորվեցինք հիմնադրամի հետ, և ես գրքի թարգմանությունն ուղարկեցի նրանց»,- ասում է պարոն Մելքոնյանը:
Հիմնադրամը, սակայն, նպատակահարմար չի գտել գրքին առաջաբան կցել: Թարգմանիչն ասում է, որ պայմանագրում կա հատուկ կետ, ըստ որի՝ թարգմանիչը պետք է տեղյակ լինի տեքստում արված ցանկացած փոփոխությունից, սակայն, նրա պնդմամբ, ինքը գրքի մասին իմացել է շնորհանդեսից մեկ օր առաջ, իսկ գիրքը տեսել է շնորհանդեսի ժամանակ. «Արդեն տպագրված գրքում ես տեսա, որ իմ կողմից արված որոշ մեկնաբանություններ և պարզաբանումներ ընտրողաբար հեռացվել կամ աղճատվել են,- ասում է նա,- օրինակ՝գրքում տեղ գտած ,-1992-93 թթ. հայերը գրավեցին Ղարաբաղը և օկուպացրին Ադրբեջանի 10 տոկոսը» տողերին ես պարզ մի մեկնաբանություն էի տվել. «Այս նախադասությունը հակասում է պատմական իրողություններին, և թարգմանիչը չի կիսում այն»: Այս մեկնաբանությունը հանվել է հիմնադրամի կողմից»,- ասաց Ռ. Մելքոնյանը և տեղեկացրեց, որ արդեն դիմել է «Հրանտ Դինք» հիմնադրամի իրավաբանին՝ թարգմանված գրքում փոփոխություններ անելու համար բացատրություն պահանջելու:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ