Լրահոս
Օրվա լրահոսը

Բացակայող իրերի ցուցակը

Դեկտեմբեր 13,2014 21:37

Մինչեւ 69 թվականը մեր տանը չկար հեռուստացույց՝ առաջին սեւ-սպիտակ «Օգոնյոկ» հեռուստացույցը ես շատ լավ հիշում եմ (9 տարեկան էի): Մինչեւ 63 թվականը մեր տանը սառնարան չկար: Թե ինչպես էին պահվում մթերքները, չեմ կարող ասել՝ ըստ ամենայնի, ընդհանրապես չէին պահվում: Նույն՝ 63 թվականին մեր տուն եկավ գազը: «Բաքսիներ» այն ժամանակ, ինչպես հայտնի է, չկային՝ կար մի սարքավորում, որը կոչվում էր «կուբ»՝ չնայած ամենեւին էլ խորանարդի տեսք չուներ: Դա գլանաձեւ մետաղյա մի կառույց էր, որը դրվում էր վառարանի վրա, եւ հենց այդտեղ էր ջուրը տաքանում: Սկզբից վառարանն աշխատում էր փայտով, իսկ 63 թվականից հետո՝ գազով:

Արդյոք գազի, սառնարանի, հեռուստացույցի, իսկ այնուհետեւ համակարգչի, ավտոմեքենայի առկայությունից կամ բացակայությունից իմ կյանքը շա՞տ էր փոխվում: Չեմ կարծում: Որովհետեւ այն, ինչ ինձ պետք է, ես ունեմ՝ այդ ամեն ինչից անկախ: Եվ դա վերաբերում է ոչ միայն ինձ՝ այլ աշխարհի բոլոր մնացած  մարդկանց: Պարզապես ոչ բոլորն են դա գիտակցում:

…Մեր թվարկությունից առաջ 3-րդ դարում Մակեդոնիայի թագավոր Դեմետրիոսը, գրավելով Մեղարա քաղաքը, հրամայել էր պահպանության տակ վերցնել փիլիսոփա Ստիլպոնի տունը եւ խնդրել էր վերջինիս ներկայացնել իրեն պատճառած «նյութական վնասի» ցուցակը: Բայց փիլիսոփան հրաժարվել էր նման ցուցակ ներկայացնել՝ ասելով, որ ոչ մի վնաս չի կրել՝ իր դաստիարակությունը, կրթությունը, գիտելիքները եւ բանականությունը մնացել են իր հետ: Omnia mea mecum porto՝ իմ ունեցվածքը կրում եմ ինձ հետ:

 

Արամ Աբրահամյան  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մուշեղ says:

    Հարգելի Արամ
    Բացակայող իրերը այն իրերն են, որոնց կարիքը զգում ես, բայց չունես։ Դեռևս մի 30 տարի առաջ Հայաստանում համակարգչի, էլ չեմ ասում ինտերնետի, կարիք ունեցողներին մատների վրա կարելի էր հաշվել։ Այսինքն մի 30 տարի առաջ այսօրվա ավագ սերնդի համար համակարգիչը պակասող իր չէր և դրանից նրանց կյանքում որևէ բան չէր կարող փոխվել։ Բայց հիմա՞։ Մտիր, օրինակի համար, Facebook և կտեսնես թե այդ նույն սերնդի համար որքան մեծ կորուստ կլիներ համակարգչի ու ինտերնետի բացակայությունը։
    Մի փոքր դիտողություն ևս, որքան գիտեմ լատիներեն “բոլոր” բառը գրվում է omnia այլ ոչ թե omnea:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031