Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ շաբաթ առաջ քարաթափման հետեւանքով փակված Շիշկերտ գյուղի ճանապարհն արդեն բաց է

Դեկտեմբեր 13,2014 21:30

Այսօր կեսօրից արդեն  բաց է Սյունիքի մարզի Շիշկերտ Գյուղը Կապանին կապող միակ ճանապարհը, որը փակվել էր դեկտեմբերի 6-ին ճանապարհին տեղի ունեցած խոշոր ծավալի քարաթափման  հետեւանքով: Մոտ 50 կմ Կապանից հեռու գտնվող Շիշկերտ գյուղը մեկ շաբաթ շարունակ կտրված էր մնացել մարզկենտրոնից: Խիստ անհրաժեշտության դեպքում` մարդիկ ստիպված ոտքով էին անցնում   ճանապարհի փակ հատվածը եւ մյուս կողմից` Ծավ գյուղից,   մեքենայով  գնում   դեպի Կապան: «Մարդիկ կային, որ շաբաթ-կիրակի օրերին  գյուղ էին եկել եւ  ճանապարհը փակվելուց հետո մնացել գյուղում, նույնիսկ մի քանի օր չեն կարողացել գործի գնալ: Ստիպված մեքենաները թողել են էստեղ ու ուրիշ մեքենայով  Ծավ գյուղից  քաղաք գնացել», -ասաց Շիշկերտ գյուղի մշտական բնակչուհի Քարամելան: Ծավ եւ Շիշկերտ գյուղերն ընդգրկող Ծավ գյուղական համայնքի ղեկավար Սեյրան Զաքարյանն Aravot.am-ին փոխանցեց, որ ճանապարհն այժմ ամբողջովին բաց է երթեւեկության համար,    վտանգ ներկայացնող ժայռաբեկորների  պայթեցման ու քարերի մաքրման աշխատանքներն ավարտվել են:

Նշենք, որ ժայռաբեկորների մեծության պատճառով հնարավոր չէր լինում  քարամաքրման եւ հողահեռացման աշխատանքներ իրականացնել Ծավ-Շիշկերտ ճանապարհահատվածի վրա:  Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանի խոսքով` դեկտեմբերի 6-ի քարաթափումն արտառոց էր,  ժայռաբեկորները շատ մեծ էին, ուստի պայթեցման աշխատանքները երկար տեւեցին: «Սյունիքի մարզային փրկարարական ծառայության աշխատակիցները մայրաքաղաքից եկած  հատուկ փրկարար ջոկատի տղաների հետ միասին այս օրերին  պայթեցման աշխատանքներ  են իրականցրել տվյալ հատվածում: Ժայռերի բեկորները շատ մեծ են եղել, ոչ մի տեխնիկա չէր կարող մաքրել դրանք,   վտանգավոր ժայռաբեկորները պայթեցումների միջոցով  մանրացրել ենք, կանխել վտանգը: Նույնիսկ 100 խորանարդ մետր ծավալով մի մեծ բեկոր էլ ստիպված ենք եղել մի քանի անգամ պայթեցնել, 6 օր տեւեց մեր աշխատանքը: Այդ ճանապարհը ժայռոտ տեղանքում է, հողմահարվում է  եւ միշտ էլ քարաթափում է լինում, բայց այս մեկը  խոշոր ծավալի քարաթափում էր»,- նշեց պարոն Հարությունյանը:  Կապանի ճանապարհաշինարարական ընկերության աշխատակիցները պայթեցումներից հետո ճանապարհը մաքրել են քարերից եւ այն երկկողմանի երթեւեկելի դարձրել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ժամը 17-ի սահմաններում  Սյունիքի մարզի  Ծավ եւ Շիշկերտ գյուղերն իրար միացնող  միջպետական  ճանապարհի 3-րդ կիլոմետրի վրա  խոշոր փլուզում էր տեղի ունեցել, որի հետեւանքով երկկողմանի փակվել էր ճանապարհն ու բազմաթիվ դժվարություններ առաջացրել բնակիչների համար: Դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ-ի, տրանսպորտի եւ կապի նախարարության, Սյունիքի մարզպետարանի, Կապանի ճանապարհաշինարարական ընկերության աշխատակիցները:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031