Ջեմալ Փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, օրերս Հայաստան եկավ հայերեն թարգմանված իր գրքի («1915. Հայոց ցեղասպանությունը») շնորհանդեսին, ներողություն խնդրեց, «ցեղասպանություն» բառը կիրառեց, բայց չասաց՝ ինչպես է մոտենում Հայոց ցեղասպանությանը իրավական տեսանկյունից:
«Թուրքիան իր քարոզչական քաղաքականության մեջ որոշակի նոր տարրեր է մտցրել, և 2015 թ. ընդառաջ՝ այդ տարրերն ավելի են ուժգնանում: Դրանց մեջ կարևոր տեղ է զբաղեցնում, այսպես կոչված, ազատ, բայց պատասխանատու թուրք մտավորականության ստեղծումը, հանրայնացումն ու նրանց միջոցով թուրքական «մեսիջների» տարածումը ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ հայ հանրության մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը և բացելով փակագծերը՝ հավելեց. «Թուրքիայում «գովազդվում են» մի քանի մտավորականներ, որոնք հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից, բայց որոշակի սահմաններում, այսինքն՝ իրենց գործունեությամբ որևէ կերպ չեն վտանգում Թուրքիա պետության շահերը, անվտանգությունը, չեն խոչընդոտում թուրքական քարոզչությանը, հակառակը՝ անուղղակիորեն նպաստում են այդ պետության և՛ իմիջի բարձրացմանը, և՛ Ցեղասպանության համատեքստում նրա ժխտողական քայլերին: Այդ մտավորականները հայ-թուրքական երկխոսության, հաշտության «ջատագովներն» են: Սրանք ընդունում են «ցեղասպանություն» տերմինը, բայց խուսափում են փոխհատուցման դաշտ ներթափանցելուց: Նրանք իրենց «մեսիջները» տեղ հասցնելու համար «զրուցակիցներ» են փնտրում Հայաստանում, հայկական շրջանակներում»:
Ըստ թուրքագետի՝ այդ մտավորականների շարքում է նաև Հասան Ջեմալը, որի հետ հանդիպումը «Մոսկվա» կինոթատրոնում շատերի զայրույթն ու դժգոհությունն էր շարժել. «Մենք Ջեմալ Փաշայի թոռանը 100 տարի չտրված հարցեր ունեինք, մենք չէինք գնացել նրան ծափահարելու: Բայց մեզ ուղղակի թույլ չտրվեց հարցեր տալ հեղինակին: Նա իր պապից վրեժ լուծած հայերին անվանեց հրոսակներ, ԱՍԱԼԱ-ի գործողությունները որակեց որպես ահաբեկչություն՝ թույլ չտալով, որ դահլիճն իր կարծիքը հայտնի այդ բառերի մասին: Պալատական թուրք մտավորականը մի քանի հարցերում էլ բավականին դիմակազերծվեց՝ Ցեղասպանության իրավական գնահատականի բացակայություն, Ղարաբաղի հարցում՝ ադրբեջանական, ալիևյան հռետորաբանության կրկնություն»,- ասաց Ռ. Մելքոնյանը՝ ընդգծելով, որ բնական է համարում այդ ամենը. «Մենք չէինք ուզում, որ Հասան Ջեմալը գար և հայանպաստ տեսակետներ արտահայտեր, ընդամենն ուզում էինք, որ նրա հետ լիներ առողջ բանավեճ. ոչ թե միայն մենք լսեինք նրան, այլև նա լսեր մեզ, ինչը տեղի չունեցավ այդ ժամանակ, բայց, փոխարենը, տեղի ունեցավ հաջորդ օրը՝ Երևանի պետական համալսարանում, երբ թուրքագիտության ամբիոնի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Հասան Ջեմալը մոտ 2.5 ժամ պատասխանեց ուսանողների և դասախոսների հարցերին: Այդ ժամանակ նա մի քանի կարևոր շեշտադրումներ արեց, որոնցով իր կերպարն ամբողջացավ: Հասան Ջեմալն իր հայտարարություններով ինքն իրեն դասեց թուրքական պալատական մտավորականների դասին՝ նշելով, որ որոշ հարցերում ինքը թուրքական պաշտոնական թեզի կրողն ու տարածողն է, մասնավորապես՝ դեմ է հողային փոխհատուցմանը և սահմանների փոփոխությանը»,- նշեց պարոն Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ Հասան Ջեմալը ագրեսիվ տոնայնությամբ է պատասխանել հայ ուսանողների որոշ հարցերի և նույնիսկ հայտարարություն է արել, թե ինքը չի եկել Երևան՝ լսելու՝ հայերն ինչ են զգում: Եկել է ասելու, թե ինքն ինչ է մտածում:
Կարդացեք նաև
«Հասան Ջեմալին, ըստ էության, «մերկացրին», նրա իրական կերպարը բացահայտեցին 3-4-րդ կուրսերի թուրքագետները, և դա շատ ուրախալի է: Չնայած նա հետո ինձ մեղադրեց, որ ես եմ կազմակերպել այդ ամենը, ես եմ պատրաստել ուսանողներին, հարցերը, ես դիկտատոր դասախոս եմ և այլն»,- պատմեց Ռ. Մելքոնյանը և հավելեց, որ ուսանողները հանդիպման վերջում նաև իրենց հավաքական գնահատականն են տվել Հասան Ջեմալի պատասխաններին. «Ասացին, որ այդ օրվա հանդիպումից իրենց քաղած դասն այն էր, թե ինչպես կարելի է դիվանագիտորեն խուսափել ցանկացած հարցից»,- ասաց Ռ. Մելքոնյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ