Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

 Գրիպով հիվանդները պետք է շատ հեղուկ խմեն, բայց ոչ թոքերի, սիրտ-անոթային, երիկամային խնդիրներ ունեցողները

Դեկտեմբեր 13,2014 20:00

Գրիպից աշխարհում տարեկան  մինչեւ 500 հազար մարդ է մահանում

«Եթե դուք ունեք ջերմության բարձրացում, դող, ցավ կոկորդում, հազ եւ գլխացավ, մկանացավ, թուլություն եւ հոգնածություն, ապա այդ ըստ մասնագետների, կարող է լինել եւ հասարակ մրսածության եւ գրիպի ախտանիշ: Սովորական գրիպի դեպքում գաղտնի շրջան համարվում է 1-3 օր եւ 3-5 օր մարդն ունենում է արտահայտված վիճակ: Եվ որքան էլ խորհուրդ է տրվում այդ օրերին շատ հեղուկ օգտագործել, պետք է չմոռանալ, որ թոքերի, սիրտ-անոթային, երիկամային հիվանդներին չի կարելի շատ հեղուկ խմել. նման հիվանդները պետք է դիմեն բժշկի եւ ինքնաբուժմամբ չզբաղվեն»,- այսօր, առողջապահության նախարարության կողմից ԶԼՄ-ների համար կազմակերպված շնչառական վարակների եւ այլ կենսաբանական ռիսկերի համաճարակաբանության վերաբերյալ իրազեկման դասընթացի ժամանակ ասաց առողջապահության նախարարության հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների բաժնի պետ՝ Լիանա Թորոսյանը՝ հավելելով, որ այսօր ում կոկորդը ցավում է` ասում են՝ գրիպ եմ:

«Այս հիվանդությունը  դասվում է եւ ամենաթեթեւ, եւ ամենածանր հիվանդությունների շարքին՝ բերելով  այնպիսի վիճակների, որ չի կարելի դրան մատների արանքով նայել»,- ասաց բժշկուհին:

Նա ասաց, որ ամեն տարի աշխարհում գրիպից մահանում է 250-500 հազար մարդ, իսկ մինչեւ 3 մլն մարդ՝  հիվանդանում է գրիպով. առավել խոցելի են համարվում  մինչեւ 5 տարեկան երեխաները:

«Գրիպը համարվում է հանրային առողջության գերակա խնդիրներից մեկը, որին պետք է ուշադրություն դարձնել,- ասում է Լիանա Թորոսյանը՝ ավելացնելով,-Որպեսզի մարդ կարողանա ճիշտ պայքարել գրիպի դեմ, նա պետք է նախ առաջինը տարբերի այն հարբուխից եւ մրսածությունից»:

Մասնագետն ասում է, որ անկախ գրիպը սեզոնային է, թե թռչնագրիպ կամ պանտեմիկ՝ գործ ունենք գրիպի հարուցչի հետ, եւ թե ինչու է այսքան շատ խոսվում գրիպի մասին Լիանա Թորոսյանը նշում է, որ գրիպը լինելով ամենաթեթեւ, ամենաբարդ եւ ամենանենգ հիվանդությունը՝ կարող է համաճարակ, բռնկում պանտեմիկ ներուժով օժտված լինել: Նա՝ խոսելով տնտեսական ռիսկերի մասին, ասաց, որ մարդկանց աշխատունակությունը ընկնում է, ինչը բացասաբար է ազդում, եւ մասնավոր, եւ պետական հիմնարկների աշխատանքի արդյունավետության վրա:

Խոսելով գրիպի հետեւանքով առաջացած ռիսկերից՝ Լիանա Թորոսյանը ներկայացրեց անցած տարվա մահացության դեպքերը. «Ունեցանք գրիպի մահացության 3 դեպք, քանի որ նրանցից մեկը բժշկի դիմել էր հիվանդության 40-րդ օրը, 2 շաբաթ ունեցել էր 40 աստիճան ջերմություն, չէր խմել որեւէ ջերմիջեցնող: Հաջորդը՝ հղի էր, որին սկեսուրը ասել էր, թե ոչինչ կանցնի ու դարձյալ բժշկի ուշ էին դիմել եւ երրորդը՝ խրոնիկ թոքային հիվանդություններով անձնավորություն էր, որը գրիպով հիվանդացել էր ու անուշադրության մատնել»:

Թե ինչպես պետք է գրիպի հարուցիչը նվազեցնենք մեր կյանքում՝ Լիանա Թորոսյանը ասաց. «Օդակաթիլային վարակների նվազեցման միակ ճանապարհը՝  շփման սահմանափակումն է: Իմունիտետի բարձրացումը, անհատական հիգիենային հետեւելը եւ ինքնաբուժմամբ չզբաղվելով՝ կարող ենք նվազեցնել գրիպի դրսեւորումները մեր կյանքում»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031