Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հ/Կ ներկայացուցիչները մտահոգված են. «ՀԿ-ների մասին նոր օրենքով պետական վերահսկողությունը կարող է ուժեղանալ» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 13,2014 18:12

«Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նոր նախագծում փոփոխությունների վերաբերյալ հ/կ ներկայացուցիչների կողմից վերջերս հնչեցրած մտահոգությունները քննարկելու նպատակով Արդարադատության նախարարությունն  այսօր Ծաղկաձորում կազմակերպել էր հանդիպում:

Հ/Կ-ների մասին օրենքի նոր նախագծով ենթադրվում է, որ հասարակական կազմակերպությունները պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնեն իրենց կատարած գործունեության վերաբերյալ, մինչդեռ հանդիպումից առաջ մեզ հետ զրույցում մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ համոզմունք հայտնեցին, որ եթե սկսեն պարտադիր հաշվետվություն ներկայացնել ցանկացած քայլի վերաբերյալ՝ կկորցնեն իրենց ինքնուրույնությունն, իսկ պետական վերահսկողությունը եւ  պետության կողմից իրենց գործունեության մեջ միջամտելու լծակներն էլ ավելի կուժեղանան: Միակ դրական կողմը, որ հ/կ ներկայացուցիչները տեսնում են նոր օրենքով՝ տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունն է:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք հասարակական կազմակերպությունների մտահոգությունը տեղին է, պատասխանեց, որ հ/կ-ների ֆինանսական ազատությունը եւ տնտեսական ինքնուրույնության մեխանիզմները պետք է անպայման համադրվեն եւ համակցվեն որոշակի վերահսկողական մեխանիզմների հետ. «Ցանկացած երկրում այդ մեխանիզմները պետք է գործեն, ուղղակի մենք պետք է հ/կ սեկտորի ներակայացուցիչների հետ փորձենք գտնել այնպիսի միջոցներ,  որ վերահսկողությունը չչարաշահվի»: Սակայն, նախարարը համոզված է, որ միեւնույն ժամանակ, հենց այդ հ/կ-ների կողմից  լինում են  ֆինանսական չարաշահումներ իրականացնելու դեպքեր, որոնք էլ հենց օրենքը պետք է կարգավորի:

Մանրամասն՝ տեսանյութում:

Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի ձեւավորման անհրաժեշտությունը ծագել է դեռ վաղուց. «Խնդիրները, որոնք պետք է կարգավորվեն, հիմնականում վերաբերում են ֆինանսական հաշվետվությանը, ֆինանսական ինքնուրույնության եւ տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորությանը, պետք է  պետություն եւ հասարակական կազմակերպություն հարաբերությունների վերահսկողական առանձին մեխանիզմներ եւս մշակվեն»,-նշում է նախարարը:

Հանդիպմանը ներկա «Բաց հասարակության հիմնադրամների» ծրագրային գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը Aravot.am-ի հետ զրույցում կիսեց նախարարի այն տեսակետը, որ անհրաժեշտ է օրենքում փոփոխություններ կատարելը, քանի որ 2001 թվականից ի վեր այն չի վերանայվել: Սակայն, Դավիթ Ամիրյանի խոսքով՝ նախորդ օրինագծում ֆինանսական հաշվետվության վերաբերյալ հստակ դիրքորոշում կար. «Այսինքն պետական ֆինանսավորում ունեցող կազմակերպություններն էին միայն ներկայացնում հաշվետվություն, սակայն հիմա այս հաշվետվությունը տարածվում է բոլորի վրա»: Նրա խոսքով՝ ամեն տարի կազմակերպությունը պետք է ներկայացնի հաշվետվություն, մինչդեռ կան կազմակերպություններ, որոնք չեն ցանկանում բացահայտել ֆինանսավորման աղբյուրը:

Դավիթ Ամիրյանն ասում է, որ օրենքում այն դրույթները, որոնք հիմք էին հանդիսանում օրենքի փոփոխության համար՝ կամավորության, տնտեսական գործունեության, դատարան դիմելու վերաբերյալ հարցերը, պետության ձեռքում դարձել են գործիքներ, որի արդյունքում էլ ստեղծել են այնպիսի նախագիծ, որ պետությանը մաքսիմալ հնարավորություն տրվի միջամտել հասարակական կազմակերպությունների գործունեությանը եւ վերահսկողություն իրականացնել:

Միակ բանը, ըստ մեր զրուցակցի, որը համապատասխանում է օրենքից առաջ մշակված հայեցակարգին՝ տնտեսական գործունեությամբ զբաղվելն է: Սակայն մեկ այլ խնդրահարույց կետ էլ այն է, որ նոր օրենքով անգամ կամավորությամբ զբաղվող անձանց մասին հաշվետվություն պետք է ներկայացնել. «Բայց, օրինակ, լինում են միջոցառումներ, որտեղ 2000 ուսանող կամավոր է ներկայացնում կազմակերպությունը, արդյո՞ք այդ ամենը պետք է ներկայացնել»:

Մեզ հետ զրույցում հ/կ ներկայացուցիչը նշեց, որ ոչ մի տնտեսական առավելություն չի տալիս օրինագիծը կազմակերպություններին. «Եթե օրենքն ընդունվեց, լինելու է ավելի վատ: Ակնկալում ենք, որ նման քննարկումներ կլինեն ավելի շատ եւ բաց»։

Աջակցություն Ժողովրդավարական Կառավարմանը Հայաստանում ծրագրի շրջանակներում կազմակերպած այս հանդիպմանը ներկա էին նաեւ Եվրամիության երկրներից փորձագետներ: Aravot.am-ը միջազգային փորձագետ Ֆրագան Գոլուբովիչից հետաքրքրվեց, թե արդյոք օրենքում նման փոփոխությունները կարող են վնասել հ/կ-ներին, ինչին մեր զրուցակիցը պատասխանեց, որ մեծ է այն վտանգը, որ, իրոք, կարող են վերահսկողություն հաստատել. «Շատ ճիշտ մտահոգություն է դա, սակայն այս քննարկումը հենց նրա համար է, որպեսզի միասնական համաձայնություն լինի խնդրի շուրջ»:

Արդարադատության Նախարարն էլ լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ նախագիծը քննարկումից հետո մինչեւ այս տարվա վերջ կներկայացվի կառավարությանը:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garegin says:

    Ում կողմից, ինչպիսի աղբյուրներից և ինչ նպատակով են ֆինանսավորվում հ/կ-ներն ու փաստացի Հայաստանում ինչպիսի խնդիրներ են իրականացնում, անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ չերեվացող ուժի հնարավորություններն ովքեր են գործի դնելու՝ հավանաբար նրանք, ովքեր ֆինանսավորում են: Այս և նմանատիպ այլ հարցեր հստակեցնելու համար է նաև, որ անհաժեշտ է օրենքով կանոնակերգել, ինչու չէ նաև խստացնել:
    Ռեալ ուսումնասիրել է պետք, թե այդ հ/կ-ներից մենք ավելի շատ կորցնում ենք թե ոչ, հաստատ չենք գտնում:

  2. Miko says:

    Լավ կլիներ նման ջանադրությամբ փորձեիք վերահսկել պետական գնումները, հանքարդյունաբերության վայրենի չարաշահումներով լի ոլորտն ու համայնքային բյուջեների ծախսերը… իսկ դրանք ում շահերին են ծառայում? հ/կ սեկտորը ամենհաշվետու սեկտորն է եղել մինչև հիմա, հստակ ֆինանսական հաշվետվությամբ… օրենքը նպատակ ունի ծրագրային գործունեության վերահսկողության, որ հանկարծ ոչ ձեռնտու մարդու իրավունքների խնդիրներ վեր բարձրացնող հ/կ ները հանգիստ փակելու հնարավորություն ունենան….

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031