Ահազանգում են աշխատակիցները
«Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ արհմիության կոմիտեի նախագահ Վարդուհի Կոստանդյանը «Հենարան» մամուլի ակումբում հավաքված լրագրողներին ցույց է տալիս ինստիտուտի վիճակը լուսանկարներով՝ այսօր և նախկինում: Շենքի պատերին ճաքեր են հայտնվել, աշխատակիցները մտավախություն ունեն, որ որոշ ժամանակ անց անցած դարի կեսերին կառուցված այս շենքն օգտագործման համար այլևս պիտանի չի լինի. «Քանդված է շենքի հենասյունը, 80 սանտիմետրից 60 սանտիմետրը տաշված է, այսօր ճաքեր կան արդեն առաջինից մինչև չորրորդ հարկերում: Մենք սեյսմիկ ծառայությունից աշխատակիցներ էինք հրավիրել, որոնք վթարային տեսքի ընդհանուր եզրակացությունը տվել են: Ճարտարապետներ նույնպես հրավիրել ենք, հենասյուներն ամբողջովին ամրացնելու անհրաժեշտություն կա: Ճաքերն առաջացել են ապամոնտաժման աշխատանքներից հետո: Սյունը քանդել է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, որպեսզի իր տարածքն ավելի մեծացնի»,- իր խոսքում նշեց Վարդուհի Կոստանդյանը:
Տեխնիկական տնօրեն Հասմիկ Փալանջյանն ավելի մանրամասն ներկայացրեց խնդիրը. «Իհարկե Հմայակ Հովհաննիսյանի կողմից անօրինական քայլ է կատարվել, որովհետև նա իրավունք չուներ կրող պատերը կամ սյուները թեթևացնել՝ առանց որևէ թույլտվության ու հետագայում սյուների ամրացման: Երբ քանդեցին նախասրահի մի մասը, որն իրեն չէր պատկանում ու ժամանակին վերցրել էր ապօրինի ճանապարհով, այդ ժամանակ նոր բացվեց պատերի կրողունակության թուլությունը, նրանց քանդված ու թեթևացրած վիճակը: Դրանք հենց առաջին հարկի սյուներն են, որոնք ընդհանրապես չի կարելի փոփոխել: Նկուղային հարկից պետք է սկսենք ամրացնել: Արդեն հրավիրել ենք մասնագետներ, որոնց առաջարկներն ու լուծումները կան»:
Վարդուհի Կոստանդյանն Aravot.am-ի հարցին պատասխանելով նշեց, որ պատկան մարմինների դիմել են, տարիներ շարունակ դատական գործընթաց է ընթանում, բայց ոչ մի կոնկրետության չեն հասնում: Հմայակ Հովհաննիսյանը չի ցանկանում շենքի՝ իրեն պատկանող հատվածի մուտքը փակել, որպեսզի տեխնիկական աշխատանքներ ընթանան՝ ժամանակավորապես օգտվելով ետնաբակի մուտքից. «Երբ հրավիրվեցին մասնագետներ, նրանք չափագրեցին, գծագրումներ կատարեցին, որտեղ պատկերված է, որ ոչ միայն առաջին հարկը, այլև մինչև վերջին հարկը շենքն ամրացնելու կարիք կա: Կազմվեց նախահաշիվ, որի արժեքը մոտավոր հաշվարկներով 170.000.000 դրամ է: Դրանից հետո Հմայակ Հովհաննիսյանը շատ դեմ էր մեր միջոցառումներին՝ չնայած հրավիրել էինք նաև իր ճարտարապետին, որը նույնպես համաձայն էր մեր հրավիրած մասնագետների հետ: Երբ սկսեցին նկուղում ամրացման աշխատանքները, Հովհաննիսյանի ահազանգով եկան ոստիկանները, Կենտրոն թաղապետարանի աշխատողները, արգելեցին որևէ աշխատանք կատարել: Այդտեղ արտասահմանից հրավիրված մասնագետները զուտ շենքի հիմքն էին նկարում՝ հասկանալու համար, թե ճաքերը մինչև ուր են իջնում: Բայց նա այս անգամ էլ խոչընդոտեց:
Կարդացեք նաև
Մեր միակ ցանկությունը շենքը փրկելն է: Այն կառուցվել է 1960 թվականին՝ կոլեկտիվ ջանքերով: Այսօր Հմայակ Հովհաննիսյանի նմանները եկել են ու տիրացել են շենքին՝ չգիտես ինչ ճանապարհով ու թույլ չեն տալիս այն ամրացվի, որպեսզի մենք շարունակենք աշխատել»:
Սյունե Սևադա