Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մեկուսացման վտանգի առջեւ

Դեկտեմբեր 13,2014 12:00

Հայաստանը կմիանա՞ արեւմտյան երկրների դեմ պատժամիջոցներին`
նոր թշնամիներ ձեռք բերելով

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը` Պետական դուման, գրեթե միաձայն վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը։ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին նշել է, որ լուծվել են Լեռնային Ղարաբաղի հետ կապված բոլոր տարաձայնությունները, եւ Հայաստանը միացել է Եվրասիական միությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի քվեարկությանը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչ Օլեգ Լեբեդեւն էլ նկատել է. «Վերջին տարիների ընթացքում որեւէ օրենք Հայաստանի խորհրդարանում չէր հաստատվել նման, փաստորեն, միահամուռ քվեարկությամբ»:

Այսպիսով, Հայաստանը պաշտոնապես ԵՏՄ անդամ կդառնա 2015թ. հունվարի 1-ից։ Մի կողմ թողնելով սպասվող ֆինանսատնտեսական ամենատարբեր խնդիրները, Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարների շարունակական դժգոհությունները ռուսական կողմից, որոնք արդեն իսկ ծագում են ԵՏՄ-ի անդամակցության ճանապարհին, այսօր կարեւոր խնդիր է Հայաստանի կողմից արտաքին քաղաքականություն վարելու ինքնուրույնության հարցը:
Առանց այն էլ Հայաստանը հաճախ է միջազգային կառույցներում Ռուսաստանին աջակցում այս կամ այն բանաձեւերի ընդունման պարագայում: Կարողանալո՞ւ են Հայաստանի իշխանությունները, որոնք հայտարարում են, թե պատրաստ են ԵՄ-ի հետ, Արեւմուտքի հետ հարաբերությունները խորացնել, վարել այդ ինքնուրույն քաղաքականությունը` գործնականում:

3-1
Երեկ ուշագրավ հայտարարություն է հնչել ՌԴ իշխանությունների կողմից: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Մոսկվան չի բացառում հավանականությունը, որ Մաքսային միության շրջանակներում կարող է անհրաժեշտություն առաջանալ հակադարձելու Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներին. «Մաքսային միության նորմատիվ իրավական դաշտը դրա մասնակիցներին թույլ է տալիս առեւտրական բնույթի համատեղ քայլեր ձեռնարկել՝ երրորդ երկրների կողմից միության անդամներից որեւէ մեկի վրա տնտեսական ճնշումներ գործադրվելու դեպքում։ Այնուամենայնիվ, ներկա դրությամբ Մաքսային միության օրակարգում այդ գործողությունների իրականացման հարցը դրված չէ։ Սակայն չենք բացառում, որ նման անհրաժեշտություն կարող է առաջանալ ապագայում»:

Դժվար է միանշանակ պնդել, որ Ռուսաստանի այսօրվա իշխանություններն, այնուամենայնիվ, խոհեմ կգտնվեն եւ դաշնակից երկրներին էլ չեն դրդի առճակատման արեւմտյան երկրների հետ: Այսօր Արեւմուտք-Ռուսաստան առճակատումն այն մակարդակի վրա է, անկանխատեսելիությունն այն աստիճանի է, որ ոչինչ բացառել չի կարելի: Հետեւաբար Հայաստանը դեպքերի նման ընթացքի դեպքում կարող է հայտնվել լրացուցիչ մեկուսացման մեջ: Մի կողմից՝ Թուրքիան ու Ադրբեջանն են շրջափակել Հայաստանը, մյուս դեպքում էլ, հնարավոր է, Ռուսաստանի ճնշումների արդյունքում Հայաստանը միանա արեւմտյան երկրների դեմ պատժամիջոցներին՝ դրանով, ինչպես ասում են, նոր թշնամիներ ձեռք բերելով:

Սա կլինի, թերեւս, ամենաբացասական բանը, որ կարող է իրեն թույլ տալ Հայաստանը: Այստեղ պետք է հաշվի առնել Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի միջեւ վերջին շփումները: Այսինքն` Հայաստանի հարեւան երկրները կհայտնվեն մի կողմում, իսկ Հայաստանը` Ռուսաստանի թեւի տակ` մեկուսացած աշխարհից:

Հիմա գանք Հայաստանի հարեւանների ծրագրերին: Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները Կարսում օրերս անդրադարձել են տարածաշրջանային հակամարտություններին: Սա արտաքին գործերի նախարարների հերթական՝ թվով չորրորդ հանդիպումն էր: «Հայաստանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի հարեւանների հետ հարաբերություններում առկա խնդիրները կարգավորելու համար»,- Կարսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն` հույս հայտնելով, որ Հայաստանը կսկսի համագործակցել տարածաշրջանի պետությունների հետ: Թուրքիայի ԱԳ նախարարը, սակայն, ընդգծել է, որ պաշտոնական Անկարան ճանաչում է թե՛ Ադրբեջանի եւ թե՛ Վրաստանի տարածքային ամբողջականությունը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի միջազգային համաձայնագրերի հիման վրա»,- իր հերթին նշել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլիի պնդմամբ էլ` «Կարսի հանդիպումը կարող է կենսական նշանակություն ունենալ տարածաշրջանում առկա սպառնալիքներին հակազդելու գործում»:

Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաեւ համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի իրագործումը, մասնավորապես՝ Հայաստանը շրջանցող Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղու շինարարության ընթացքը: Փաստացի, երեք երկրների նախարարները` անդրադառնալով տարածաշրջանային հակամարտություններին, արձանագրել են, որ Թբիլիսին, Բաքուն եւ Անկարան առանձնակի տարաձայնություններ այս խնդրում չունեն: Չավուշօղլուն նշել է, որ երեք երկրների միջեւ առկա են բազմակողմ հարաբերություններ, եւ դրա հետ կապված մատնանշել է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղը, «Անդրանատոլիական» գազատարի, TANAP-ի նախագծերը՝ ընդգծելով, որ Հայաստանը դուրս է մնացել դրանցից:

Վրաստանն ու Թուրքիան պայմանավորվել են ամեն տարի անցկացնել Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստ, որը կնախագահեն երկու երկրների վարչապետները: Նման որոշում ընդունվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլու հանդիպումների արդյունքում:

Բացի այդ, տպավորիչ էին վերջերս ռուս-թուրքական բարձր մակարդակի բանակցությունները: «Հարավային հոսք» գազատարի փոխարեն կառուցվելիք նոր գազատարը, որը պետք է Ռուսաստանից հասնի Թուրքիա, կարող է անվանվել «Թուրքական հոսք»՝ օրերս հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: «Նախագահ Պուտինի առաջարկով մենք որոշել ենք, որ նոր «Հարավային հոսքը» կարող է անվանվել «Թուրքական հոսք»: Այն Ռուսաստանից Սեւ ծովի հատակով ու Թուրքիայի տարածքով հասնելու է Հունաստանի հետ սահման: Թուրքիան ու Եվրոպան կվերցնեն այնքան գազ, որքան որ լինի դրա կարիքը: Այդպիսով՝ Թուրքիան կվերածվի ողջ տարածաշրջանի էներգետիկ հանգույցի»: Հիշեցնենք, որ Ռուսաստանը «Հարավային հոսք» գազատարի նախագծից հրաժարվեց դեկտեմբերի 1-ին, երբ Պուտինը Էրդողանի հետ բանակցություններից հետո այդ մասին անակնկալ հայտարարություն արեց: Անկարան, իհարկե, առաջնահերթ է համարում TANAP գազատարի կառուցումը, սակայն հայտնվել է բավական շահեկան վիճակում: Թուրքիայի արտգործնախարարը Վրաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո նկատել է, որ Թուրքիայի համար առաջնահերթը TANAP գազատարի կառուցումն է. «Մենք կդիտարկենք ու կգնահատենք Թուրքիայի տարածքով նոր գազատար անցկացնելու մասին Վլադիմիր Պուտինի առաջարկը, սակայն Թուրքիայի համար առաջնահերթը TANAP-ի նախագիծն է»: Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն էլ իր հերթին հավելել է, որ մինչեւ 2035 թվականը ԵՄ-ում գազային պահանջարկը ներկայիս 550 միլիարդ խորանարդ մետրից կհասնի մոտ 700 միլիարդ խորանարդ մետրի. «Եվրոպան կփորձի իր կարիքները ծածկել տարբեր նախագծերով: Դա կարող է լինել իսրայելական ու կիպրական գազը, կարող է լինել իրանական ու թուրքմենական գազը, ինչպես նաեւ ադրբեջանական ու ռուսական գազը»:

Հայաստանի շուրջ համագործակցության տպավորիչ եռուզեռ է, սակայն տարածաշրջանային ծրագրերից մեկուսացած Հայաստանը չի կարող իրեն շռայլություն թույլ տալ այժմ էլ արեւմտյան երկրներից մեկուսանալու` Ռուսաստանի դրդմամբ ու ճնշումներով:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031