Վերջերս «Առավոտ» օրաթերթում կարդացի, որ կառավարության որոշմամբ ալյուրը (նույնն է թե՝ հացը) Հայաստանում պետք է հարստացվի երկաթով եւ ֆոլաթթվով: Նման հաճելի լուր կարդալն, իհարկե, ուրախացրեց ինձ: Սակայն այս որոշմանը անմիջապես հաջորդեցին տարատեսակ հարցազրույցներ, մամլո ասուլիսներ, որտեղ հիմնականում մտահոգություններ էին հնչում այդ կապակցությամբ՝ նշելով, թե երկաթը եւ ֆոլաթթուն կարող են վնասակար ազդեցություն թողնել օրգանիզմի վրա: Ավելին՝ համացանցում լուրեր, մեկնաբանություններ տարածվեցին, թե իբր սա համաշխարհային կենտրոնների դավադրությունն է հայ ժողովրդի նկատմամբ, այդ օրինագիծը ունի 666 համարը եւ նմանօրինակ հիմարություններ: Ներողություն, բայց սա չափից դուրս պարզունակ է:
Նմանատիպ մի ասուլիսի էլ մասնակցում էր, օրինակ, հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը: Այս անուն-ազգանունը քաջ հայտնի է հայ հանրությանը: Այս մարդն իր «հեղինակավոր» կարծիքն արտահայտում է ամեն առիթով՝ լինի բնապահպանություն, «Նաիրիտ» գործարան, կրոնագիտություն, սոցիալական քարտեր, արցախյան ազատամարտ, «Ղարաբաղ» կոմիտե կամ բժշկություն: Եվ ակամա հարց է առաջանում՝ մի՞թե Հայաստանում համապատասխան մասնագետներ (բժիշկ, կենսաքիմիկոս, սննդաբան, տնտեսագետ) չկան, որոնք կարող էին պատշաճ եւ գրագետ քննարկում կազմակերպել այս թեմայի շուրջ: Ես այս հոդվածում չեմ ուզում անդրադառնալ ֆոլաթթվի խնդրին, դրա օգտակար կամ վնասակար կողմերին: Իմ մտահոգությունը բոլորովին այլ է: Ցանկալի է՝ եթե ոչ պարտադիր, որ այս կամ այն խնդրի վերաբերյալ հասարակության մեջ իշխող լինի մասնագետների, այլ ոչ թե սուրճի բաժակ նայողների կարծիքը: Անշուշտ, խոսքի ազատություն է, կարծիք կարող է հայտնել ամեն ոք՝ անկախ մասնագիտությունից, բայց մասնագիտական խոսքն, այնուամենայնիվ, կշիռ պետք է ունենա: Եվ երբ զանազան անհեթեթ կարծիքներ կամ տեսություններ են սկսում շրջանառել, մասնագետների գործը պիտի լինի քննարկումների միջոցով կանխել այդօրինակ զարգացումները:
Տարիների փորձը ցույց է տալիս, որ այս երեւույթը առկա է գրեթե բոլոր բնագավառներում: Բազում պաշտոնյաներ, որ հազիվ տառաճանաչ են, պարզվում է՝ նաեւ գիտնականներ են, դոկտորներ են: ՀՀ օրենսդիր մարմնում մասնագիտությունների իսկական խայտաբղետություն է՝ երգչուհի, բժիշկ, լրագրող, զինվորական, գործարար, ուսուցչուհի, տնտեսագետ, փառք Աստծո նաեւ՝ իրավաբան, էլ չեմ ասում՝ խորհրդարանի «զարդը» հանդիսացող միջնակարգ կրթությամբ երեսփոխանները:
Շարունակե՞մ ցանկը: Սիրո՛վ: Տարիներ առաջ իր իսկ կողմից կազմակերպված երգի մրցույթներում հանրապետության «սոխակներին» ընտրում էր Տիգրան Կարապետյանը: Մարդ, որը երգել չգիտի, երաժշտական կրթություն չունի, աջ ու ձախ ադամանդ ու զմրուխտ էր բաժանում:
Կարդացեք նաև
Ոչ մասնագետների գործունեության կարկառուն օրինակ են մեր դեսպանները: Վրաստանի՝ Հայաստանի համար հույժ կարեւոր երկրում, որտեղ բազմաթիվ աշխարհաքաղաքական շահեր են բախվում, մեր երկրի դեսպանը ծանրամարտիկ է: Սա ակնհայտ անլրջություն է դեսպանի ու առավել եւս՝ նրան նշանակողի կողմից: Այդ նշանակման առիթով ժամանակին կեսկատակ գրել էի, թե Լարսի անցակետը հերթական անգամ փակվելու դեպքում մեր ծանրամարտիկ դեսպանը բարձրացնելու է բեռնատարներն ու տեղափոխի Հայաստանի տարածք:
Հաջորդ մտահոգիչ փաստը, որ արդեն բացահայտ սպառնալիք է մեր ազգային ինքնությանը, հայերենի աղավաղումն է: Հեռուստառադիոեթերը, մամուլը «գրավել են» մարդիկ, որոնք, մեղմ ասած, հայերեն չգիտեն, ու ամեն անգամ այս մարդկանց ունկնդրելով՝ լսողական նյարդս, պատկերավոր ասած, սղոցվում է: Աղավաղումներն այնքա՛ն շատ են, որ հնարավոր էլ չէ բոլորը թվարկել: Անհարկի օտարաբանություն, սխալ (հաճախ՝ ռուսականացված) արտասանություն, անիմաստ շարահյուսություն եւ այլն: Վերջերս մի հաղորդավար ասում է «ներ է կրել այսքան տոննա ապրանք»: Փաստորեն, նույն տրամաբանությամբ պիտի ասենք «արտ է հանել» կամ որ ավելի զավեշտալի է՝ «ԾԻԾԱՂՈՒՄ Է»-ի փոխարեն պիտի ասենք «ԾԻԾ Է ԱՂՈՒՄ»: Ահա այսպիսի մարդիկ, որոնք անասելի մեծ թիվ են կազմում, հայտնվել են եթերում, ու չկա որեւէ վերահսկող մարմին, որ ասի «հարգելի՛ս, եթերը քո տեղը չէ, ավելի լավ է՝ դու շուկայում կանաչի վաճառես»:
Միով բանիվ, ծանրամարտիկը չի կարող դիվանագետ լինել կամ երգչուհին՝ պատգամավոր: Դա բնավ լուրջ չէ: Ես, լինելով մոլեկուլային կենսաբան, մի՞թե կարող եմ ռազմագիտության կամ միջազգային իրավունքի որեւէ հարցի շուրջ ծանրակշիռ կարծիք արտահայտել: Իհարկե՝ ոչ: Ես այնքա՛ն հեռու եմ ռազմագիտությունից, որքան, օրինակ, Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը՝ «ֆինանսներ եւ բանկային գործ» մասնագիտությունից:
ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆ
Ֆրանկֆուրտի համալսարան
«Առավոտ» օրաթերթ
12.12.2014
Համաձայն եմ: Ցանկացած օրենսդրական ակտ, գովազդ պետք է ունենան իրենց քննադատությունը, որ մարդիկ կողմնորոշվելու և գնահատելու ավելի մեծ հնարավորություն ունենան; Դրա համար կա մամուլ, հեռուստատեսություն, թող կազմակերպեն, վերջ ի վերջո դրանում է նրանց առաքելությունը: Դեսպաններ նշանակելու հարցում էլ կա ընդդիմություն, որը պետք է բերի հակափաստարկներ, թե ինչու այսինչը չի կարող նշանակվել դեսպան, կամ այլ պաշտոնի: բայց ավելի ճիշտ կլիներ ունենալ հաստատված ընթացակարգ, որը սահմանափակեր կամայական մոտեցումը և պարտադրեր ստուգել որոշակի անցյալի, գիտելիքների և ապացուցաված հմտությունների առկայությունը:
Տէ՜ր Աստուած, այս ինչ մղձաւանջ էր: Իմ գրած յօդուածը դասական ուղղագրութեամբ էր, ինչո՞ւ էք ուղղագրութիւնը փոխել: Խնդրում եմ բացատրութիւն տալ: Շնորհակալութիւն,,
Հարգելի Արթուր Ղազարյան,
Ալյուրը հարստացնելու խնդիրը իսկապես շատ լուրջ խնդիր է:
Խաչիկ Ստամբուլցյանին քննադատելուց առաջ անհրաժեշտ էր սկզբում բավարար գիտելիքներ ունենալ ֆոլաթթվի և երկաթի միացուցյունների կենսաբանական ազդեցության վերաբերյալ:
Որպես մոլեկուլյար կենսաբան հավանաբար քաջատեղյակ եք,թե ինչ մեծ նշանակություն ունեն նյութափոխանակության համար մոլեկուլների օպտիկական և տարածական իզոմերները (isomers):
(Ցավոք չկարողացա հիշել «isomer»-ի հայերեն հոմանիշը:)
Ձեզ հավանաբար կհետաքրքրի այս հոդվածը:
https://toxsci.oxfordjournals.org/content/110/1/4.full
Անուշ Կարապետյան
Ցավալին այն է որ Հանրապետության անկախության սկզբից, իրերի աննախադեպ բերումով, երկրի ղեկավարությունը մեծ մասամբ ( եվ ոչ միայն պետական շինարարության, այլեվ կյանքի համարյա բոլոր ոլորտներում) ստանձնել են մարդիկ որոնք ոչ միայն մասնագիտան պատրաստություն չունեին, այլեվ բարոյական մարդկային ներաշխարհ…: Կարծում եմ Խորհրդային տարիների իրականությունը ցավալիորեն արտահայտվեց հետագա բացասական զարգացումների վրա…Միակ պայծառ երեվույթը մեր ազատամարտիկների իսկապես հերոսական, անշահախնդիր սխրանքն էր Արցախի ազատագրման համար…որոնք այսօր վարձատրվում են ծեծ ու ջարդով…եվ սա պատահական չէ…թագավորական գահին թվերը «խփելով» բազմել է մեր ժողովրդի սիրված «հերոսներից» մեր օրերի իսկական Քաջ Նազարը …չգիտես լացես թե ծիծաղես…
Իհարկե ճիշտ հայերենով վերեվում պիտի լինի «խնդաս թե լաս» բայց իմ տարիքում էլ ոչ հիշողություն է մնացել ոչ խելք…