Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախկին հնոցապանին արտոնյալ կենսաթոշակ չեն տալիս

Դեկտեմբեր 13,2014 14:00

ՀՀ կառավարության որոշումը վտանգավոր արտադրությունների աշխատողներին դուրս է թողնում արտոնյալ կենսաթոշակի իրավունքից

Վլադիմիր Մելքոնյանը 60-ամյա տղամարդ է, ով աշխատել է գործարանում եւ պետք է ստանար արտոնյալ կենսաթոշակ: Հայաստանում արտոնյալ կենսաթոշակի են անցնում այն քաղաքացիները, ովքեր աշխատել են ծանր, առանձնապես ծանր արտադրություններում: Արտոնյալ կենսաթոշակը նշանակվում է 59-ամյա քաղաքացիներին, որոնք արտոնյալ կենսաթոշակի շահառու են համարվում մինչեւ հիմնական կենսաթոշակ նշանակելը:

Վլադիմիր Մելքոնյանն արտոնյալ կենսաթոշակ նշանակելու խնդրանքով դիմել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության աշխատակազմի Շենգավիթի սոցիալական ապահովության տարածքային բաժին (ՀՀ ԱՍՀՆ): 14.09.2013թ. փոստային ծրարով ստացել է 15.07. 2013թ. թիվ 552 գրությունը, որով ՀՀ ԱՍՀՆ ծառայությունը տեղեկացրել է, որ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ չունենալու պատճառով Վլադիմիր Մելքոնյանն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք չունի»:

Այդ ամենին հակառակ՝ «Առավոտի» մոտ է գտնվում Վլադիմիր Մելքոնյանի աշխատանքային գրքույկը, որտեղ նշված է նրա աշխատանքային ստաժը:
Ըստ Վլադիմիր Մելքոնյանի աշխատանքային գրքույկի՝ նա աշխատել է որպես մեքենավար-օպերատոր՝ հնոցապան, հնոցապան ընդհանուր, ապա՝ կաթսայատան հնոցապան, շոգեկաթսայի մեքենավար: Այդպիսով, 19.10.1983թ. մինչեւ 03.05.2013թ. Վլադիմիր Մելքոնյանի մասնագիտական ստաժը կազմում է 250 ամիս, այսինքն՝ 20 տարի եւ 10 ամիս:

Արտոնյալ կենսաթոշակ նշանակել պարտավորեցնելու խնդրանքով Վլադիմիր Մելքոնյանը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի վարչական դատարան: Նախագահող դատավորն էր Արթուր Ծատուրյանը: Նախնական դատական նիստը կայացել է եւ նշանակվել դատաքննության օր, որը 2014թ. դեկտեմբերի 16-ն է:

Վլադիմիր Մելքոնյանի հայցը դատարանում ներկայացնում է փաստաբան Աշխեն Եսայանը: Աշխեն Եսայանը դիմում է գրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որտեղ գրում է. «ՀՀ կառավարության 06.02.2012թ. 12-Ն եւ 13.10.2005թ. 1987-Ն որոշումների թիվ 2 ցուցակի կետով սահմանվել է, որ արտոնյալ կենսաթոշակի իրավունք ունեն կաթսայատան (ածխով եւ թերթաքարով աշխատող) մեքենավարները (հնոցապաններ), այդ թվում` մոխիր հեռացնողները: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 31.10.2014թ. թիվ ԱԳ/ԱՆԳ-1-1/880914 գրության համաձայն՝ գազով աշխատող կաթսայատան հնոցապաններին արտոնյալ կենսաթոշակի իրավունք ունեցող չեն համարում, քանի որ նրանց նկատմամբ կիրառում են ՀՀ կառավարության 06.02.2012թ. թիվ 12-Ն որոշման 2 ցուցակի համապատասխան կետը, որը մեկնաբանվում է հետեւյալ կերպ. միայն ածխով եւ թերթաքարով աշխատող կաթսայատան հնոցապաններն են համարվում արտոնյալ կենսաթոշակի իրավունք ունեցողներ…»:

Վարչապետից պատասխան դեռ չի ստացվել:

Այն, որ ՀՀ կառավարության 06.02.2012թ. թիվ 12-Ն որոշման մեջ ասվում է, թե՝ միայն ածխով եւ թերթաքարով աշխատող կաթսայատան հնոցապաններն են համարվում արտոնյալ կենսաթոշակի իրավունք ունեցողներ, այդ մասին Աշխեն Եսայանն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց. «Նշված կառավարության որոշման համաձայն՝ Վլադիմիր Մելքոնյանը չի համարվում արտոնյալ կենսաթոշակի իրավունք ունեցող անձ, սակայն ՀՀ-ում գործարանների կաթսայատները կամ երբեւէ չեն աշխատել ածխով կամ թերթաքարով, կամ աշխատել են մինչեւ 1960-ականները: Այսինքն, ստացվում է՝ կա նորմ, որից ոչ ոք չի կարող օգտվել, քանի որ արտոնյալ կենսաթոշակը նշանակվում է մինչեւ հիմնական կենսաթոշակի տարիքի հասնելը եւ դադարեցվում է հիմնական կենսաթոշակ նշանակելիս: Կառավարության որոշումն ընդունվել է 2012 թ., իսկ պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի համաձայն՝ արտոնյալ կենսաթոշակի իրավունք ունեն 59 տարին լրացած քաղաքացիները, այսինքն՝ 2012թ. հետո պետք է անձի 59 տարին լրացած լինի, կամ 1953-1954թթ. ծնված անձինք, այն դեպքում, երբ 1960 -ականներից հետո ընդհանրապես ածխով կամ թերթաքարով աշխատող գործարան հարցումների արդյունքում չգտանք ամբողջ Հայաստանի տարածքում:

Ստացվում է՝ նշված նորմի անհրաժեշտությունը չի եղել, իսկ արդյունքում գազով աշխատող կաթսայատների հնոցապանները զրկվել են արտոնյալ կենսաթոշակի իրավունքից: Նույն կառավարության որոշումը գազի հետ աշխատող այլ մասնագետների համարում է վնասակար աշխատանք կատարողներ, իսկ կաթսայատան հնոցապանները դուրս են մնացել ցուցակից, այն դեպքում, երբ նույնիսկ գազով աշխատող հիմնարկների բանվորներն են համարվում վնասակար աշխատանք կատարողներ: Թե ինչո՞ւ են առանձնացվել ածխով եւ թերթաքարով աշխատող, նույնիսկ մոխիր հեռացնող աշխատողները, չեմ կարող պատասխանել, այդ կապակցությամբ դիմել ենք ՀՀ կառավարությանը՝ պարզաբանելու նպատակով, քանի որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պնդում է, որ գազով աշխատողները ցուցակում ընդգրկված չեն, հետեւաբար՝ իրավունք չունեն: Կարծում եմ՝ դա խտրական վերաբերմունք է գազով աշխատող կաթսայատան հնոցապանների նկատմամբ»:

ՀՀ կառավարության թիվ 12- Ն որոշման համաձայն՝ առանձնացվում է ածխով եւ թերթաքարով աշխատող, այդ թվում՝ մոխիր հեռացնողները՝ որպես արտոնյալ կենսաթոշակառուներ, բայց որոշման մեջ նաեւ նշվում է առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների մասին: Թռուցիկ նշելով՝ ծանր կամ առանձնապես վնասակար արտադրություններին եւ դրանց միջից առանձնացնելով ածխով եւ թերթաքարով աշխատողներին, որոնք իրականում չկան, ՀՀ կառավարության թիվ 12- Ն որոշումը վտանգավոր արտադրությունների աշխատողներին դուրս է թողնում արտոնյալ կենսաթոշակի իրավունքից:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում` Փաստաբան Աշխեն Եսայանի դիմումը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

 

«Առավոտ» օրաթերթ
12.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031