Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմաստուն մարդիկ չեն մեծամտանում, կծկվում-միայնակ են մնում»

Դեկտեմբեր 13,2014 13:30

Անկեղծ զրույց կյանքի, Հարություն Խաչատրյանի կինոլեզվի
ու նրա ֆիլմերի՝ «տողատակում» ասվածի մասին

Ճանաչված ռեժիսոր Հարություն Խաչատրյանի համար 2015 թվականը հոբելյանական է: Հունվարի 9-ին լրանում է նրա ծննդյան 60-ամյակը: Ասում է միայն մի վախ ունի. «Բա որ հանկարծ կանայք սկսեն էլ չսիրել, էդ ո՞ր արվեստագետը կկարողանա առանց սիրո ապրել»:

«Առավոտի» հետ զրույցում անվանի արվեստագետն ասում է, որ 60-րդ տարեդարձն ընդամենը միջանկյալ մի տարի է ու արտառոց ոչինչ չկա: «Թվում է՝ մեծ տարիք է, բայց մյուս կողմից էլ՝ լիքը ծրագրեր ունեմ, օրինակ, սցենար՝ Վահան Տերյանի մասին, դա էլ պետք է նկարեմ, մինչեւ 65 տարեկանը լիքը գործ ունեմ, հետո կմտածեմ…»,-ասում է հեղինակավոր կինոփառատոներից շուրջ 5 տասնյակ մրցանակ Հայաստան բերած ռեժիսորը:

Տառացիորեն օրերս Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» վավերագրական հեղինակային կինոշարքի առաջին ֆիլմը՝ «Հայկ. փախուստ»-ը, արժանացել է Թուրինի 33-րդ միջազգային կինոփառատոնի «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգի գլխավոր մրցանակին:

«Հայկ. փախուստի» համաշխարհային պրեմիերան այս տարվա ապրիլին կայացել էր Շվեյցարիայի Նյոն քաղաքի Vision du Reel կինոփառատոնում: Մինչ օրս ֆիլմը մասնակցել է շուրջ տասը միջազգային կինոփառատոների, Կոսովոյի կինոփառատոնում էլ արժանացել ժյուրիի հատուկ մրցանակին:

«Նյոնի փառատոնը դոկումենտալ ֆիլմերի աշխարհի լավագույն փառատոներից է, այնտեղ իմ 4-5 ֆիլմը ցուցադրվել է. «Սպիտակ քաղաքը» «Արծաթե սեստերցի» մրցանակի է արժանացել, «Կոնդը»՝ ժյուրիի հատուկ մրցանակի… Ճիշտ է, փառատոների տնօրենները շուտ-շուտ փոխվում են, բայց իրենք հետեւում են այն ռեժիսորներին, որոնց սիրում են…Համաշխարհային պրեմիերան էլ արեցին «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձի», ու երբ իմացան, որ վաթսունամյակս է, ցանկություն հայտնեցին իմ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը կազմակերպել: Ի դեպ, իմ ռետրոսպեկտիվներն արել են Ուրուգվայում, Մեքսիկայում, Արգենտինայում, Իսպանիայում, Իտալիայում, Իսրայելում, Ռուսաստանում, Վրաստանում…Գուցե մի քիչ մեծամիտ հնչի, Փարաջանովի ու Փելեշյանի ռետրոսպեկտիվներն արել են մեկ-երկու ֆիլմով …Իրենք երեւի ինձ նման էդքան լկտի չեն եղել, որ այդքան շատ ռետրոսպեկտիվներ ունենան»,-ասում է Հարություն Խաչատրյանը: Նաեւ փաստում է՝ իր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններից շատերն իրականացվել են այն ժամանակ, երբ դեռ երիտասարդ էր ու ոչ այսչափ ճանաչված, ասում է. «Ստրասբուրգից սկսվեց, երեք-չորս ֆիլմ ցուցադրեցին, հետո Ճապոնիա, Ավստրալիայի արվեստի թանգարան ու այդպես շարունակ …Ինչ-որ մի բան կա այդ ֆիլմերում, զարմանալի է, որ դրանք չեն հնանում, դա ինձ համար մեծ հպարտություն է, որովհետեւ պահպանվել է ժամանակի շունչը, մթնոլորտը, ով նայում է, կապվում է այդ ֆիլմերի հետ: Անչափ հպարտ եմ՝ ունեմ երեխեք, թոռներ, որոնց լավ դաստիարակություն ու կրթություն եմ տվել ու ֆիլմեր, որոնց մեջ պահպանել եմ ժամանակի մթնոլորտը: Քանի տարի հետո էլ նայեն, հետաքրքիր է լինելու, որովհետեւ մեջը սուտ չկա: Այ վերցնենք «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձը»: Իմ կարծիքով՝ չարչրկված, բայց խելացի ֆիլմ է, մենք խելացի ֆիլմեր համարյա չունենք, փոխարենն ունենք լիքը էմոցիոնալ ֆիլմեր… Հայկական կինոն չունի ռեալ ճշմարիտ հերոս, ամեն ինչ հորինված է, հեքիաթային հերոսներ են…Դրա համար էլ սա է վիճակը»:

Հետաքրքրվեցինք՝ «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի հերոսը ավարտուն վիճակում տեսե՞լ է ֆիլմը: «Մոսկվայի կինոփառատոնի ժամանակ ինքս չկարողացա ներկա լինել ցուցադրությանը, բայց իրեն հրավիրատոմս էի ուղարկել: Դահլիճը ճանաչել էր, ծափահարել որպես դերասանի, բայց ինքը դերասան չէ, ինքը չի խաղացել, ամեն ինչ իրական էր, ճիշտ էր… Ինքը հուզվել էր, սկսել էր գլուխ տալ հանդիսատեսին, հետո էլ զանգեց ու ասաց՝ կլինի՞ մի հատ էլ նկարես, կատակով ասացի՝ 25 տարի է՝ նկարում եմ, զզվել եմ քեզանից, եւս մի քսանհինգ տարի է՞լ նկարեմ»,- ժպտալով պատմում է մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է այդ ֆիլմին, ասում է՝ տառապած ֆիլմ է, մեջը լիքը համբերություն կա, դժվար է նկարվել:

«Ռեժիսորները հիմնականում մեծամիտ մարդիկ են, ուզում են ֆիլմը շուտ նկարել ու ցույց տալ, ամեն անգամ թիթիզանալու ցանկություն են ունենում, բայց գլուխ գովելու բան չկա, ուղղակի ոնց որ մի նոր անիվ ստեղծես, չարչարվես՝ իմանալով, որ էդ անիվը գլորվելու է՝ գնա իր ճանապարհով: Հիմա իմ էս անիվը՝ «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձը» գնում է իր ճանապարհով: Այս շարքում չորս ֆիլմ է լինելու: Օրինակ, երկրորդ ֆիլմը նկարել եմ Ամերիկայում: Ոչ մի մարդ չկա, որ ֆիլմ նկարի Ամերիկայում, ու էդ ֆիլմը նույնքան կարեւոր լինի ճապոնացու կամ արգենտինացու համար, ինչպես հայաստանցու համար է: «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմը մի գաղութի մասին է, իրական կյանքն է նկարված…Մի էպիզոդ ասեմ՝ թմրամոլների 30 հոգանոց խումբը բանտից դուրս է թողնվել տեր հոր ղեկավությամբ: Ու այդ 30 հոգանոց խմբում 28-ը հայ է, 26-ը՝ հայաստանցի: Ամեն մեկը խոսում է այն մասին, թե ինչպես է ընկել այդտեղ ու հիմա ինչպես է զղջում իրականում կամ գուցե արտաքուստ… Նկարել եմ Լոս Անջելեսի բանտը, որտեղ դատապարտյալների Նոր տարին շնորհավորելու են գնում հոգեւորականն ու հյուպատոսը, դատապարտյալ հայերը նստած են, մեկի գլխի վրա գրված է Արմենիա…

Հաճախ չգրված խոսքերի մեջ մի մեծ սցենար կա, կա այն պատմությունը, որ ես եմ նկարում: Դու քսանհինգ տարի աշխատում ես, մարդիկ նայում են՝ ոնց որ էդպես էլ պետք է լիներ, մտածում են՝ էս ի՞նչ ֆիլմ է որ: Դա շատ լավ է, որովհետեւ կյանքի պես ճիշտ գնում է, այնքա՜ն հասարակ ու ճիշտ, որ իրենց թվում է՝ այդպես էլ նկարել ես, իրականում ամեն կադրը մտածված է …Երկրորդ ֆիլմս ժամանակին անվանել եմ «Գրին քարտ» կամ «Լեւոն. փակուղի»: Լեւոնը ավտոմեխանիկն էր, երրորդը ֆիլմիս հերոսը նկարիչ է, չորրորդը կլինի Ռուբեն Հախվերդյանը: Քաղաքում ապրելով՝ ինքն իր արվեստից, ճշմարտություններից փախած մարդ է՝ իր բոլոր ձեւերով. խորամանկ, ճարպիկ, տաղանդավոր, ճկուն…Մեկ հավանում է էդ ֆիլմը, մեկ հայհոյում…բայց դե ինքը Ռուբենն է…»,- նշում է արվեստագետը:
«Առավոտի» հարցին՝ ե՞րբ են ռեժիսորները սկսում մեծամտանալ, Հարություն Խաչատրյանը պատասխանում է. «Երբ իրենց վրա վստահ չեն: Ռեժիսորները խաղալիք սիրող երեխեք են, հենց մի խաղալիք են գտնում, այսինքն՝ մրցանակ, սկսում են գովերգել:

Ես բոլորին նման բաները ներում եմ, հասկանում եմ, թող ստանան մրցանակ եւ գլուխ գովեն ինչքան ուզում են, բայց չեմ սիրում, երբ ուրիշի հաշվին են անում: Որպեսզի իրենց լավ զգան, սկսում են ուրիշների ֆիլմերը, վաստակը ոտնակոխ անել: Առաջ մեծերից էինք վախենում, մեծերը ճնշում էին երիտասարդներին, խափանում նրանց մրցանակները, որպեսզի միշտ մնան իրենց բարձունքում, հիմա երիտասարդներն են սկսել ոտք մեկնել մեծերի հետ: Հիմա հեշտ է ոտնատակ տալը, գրելը, ելույթ ունենալը, կարող է մի հիմար դեղնակտուց, որը մի գյուղում մրցանակ է ստացել, պատմություն սարքի, որ տվել-անցել է բոլորին, դա նորմալ է, բայց չպետք է փորձի ստորացնել մարդկանց… Իմաստուն մարդիկ երբեք չեն մեծամտանում, իմաստուն մարդիկ կծկվում են, միայնակ են մնում, կոմպլեքսավորում են անգամ տաղադավոր ֆիլմի դեպքում, վախը ամենակարեւոր բանն է արվեստագետի համար, վախով ես ստեղծում ճիշտ արվեստը: Հայկական կինոն, ունենալով լուրջ հենասյուներ, չի աճում որպես տեսակ, որովհետեւ այնքա՝ն զգացմունքային է, որ պրոֆեսիոնալիզմը ոտնակոխ է անում: Ռեժիսորներ կան, որ պրոֆեսիոնալ են նկարում, բայց դա էլ բոլոր ժամանակների համար չէ: Եթե ֆիլմը համամարդկային տխրության կամ համամարդկային ուրախության մասին է, կապրի երկար, բայց եթե այն մասին է, որ էսօր մեկին գողացավ, մյուսին ծեծեց, որովհետեւ ուժեղ էր, մկանուտ, դա չի անցնի: Քաղաքական ֆիլմերն էլ են շատ շուտ հնանում, մարդկային պրոբլեմը, մարդն է մնայուն»:
Իսկ հատկապես իր ո՞ր ֆիլմերը կառանձնացնի: Ռեժիսորի ձեւակերպմամբ, երեք ֆիլմ կա, որ իր սիրած ձեւի մեջ են՝ «Սպիտակ քաղաքը», «Վերադարձ ավետյաց երկիր», «Պոետի վերադարձը». «Ինչ իմ մեջ կա, ճիշտ դրված է այդ ֆիլմերում, դա իմ ձեռագիրն է, իմ մտածողությունը…»:

Մեր զրույցի ընթացքում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանն իր հոբելյանն առանձնապես չէր շեշտադրում, ասում էր՝ տարիքը պատասխանատվության, շնորհքի եւ այլնի հետ կապ չունի. «Կան մարդիկ, որ ծնվում են որպես հայր, որպես պապա: Ես ի սկզբանե իմ ծնողների, իմ ավագ քույրերի, բարեկամների, բոլորի համար հայր եմ եղել եւ մնում: Անկախ տարիքից՝ ես միշտ բոլորի պապան եմ եղել, ու դա հեշտ չէ, որովհետեւ լուրջ պատասխանատվություն է ենթադրում…Պատանեկան տարիքում ես փոստատար էի Ախալքալաքում, պայուսակը՝ թերթերով, նամակներով լի, կախում էի ուսերիցս, ուսերս ահավոր ցավում էին, ցուրտ էր սարսափելի, ձեռքերս, ոտքերս մրսում էին: Մինչեւ հիմա ուսերս ցավում են, ինձ թվում է, թե դա մանկության ուսապարկից մնացած ցավն է… Ախալքալաքը կիսաբուրժուական քաղքենի մի քաղաք էր, ու եթե փոստատար էիր, ոչ մի աղջիկ չէր կարող սիրահարվել քեզ, ամաչում էին, մտածում էին՝ պոչտալյոնին ո՞նց կարելի է սիրահարվել, ու ուսերս հենց դրանից էին ցավում: Քառասուն տարուց ավելի է, ապրում եմ Երեւանում: Ուսերս դեռ ցավում են: Ինձ թվում է՝ Երեւան եկող մարդկանց չեն սիրում, շատ դժվար է, երբ առաջին անգամ գալիս ես Երեւան, հիմա էլ դեռ ասում են՝ էրեւանցին ուրիշ ա՜…Չեմ կարծում, որ Վահան Տերյանից, Եղիշե Չարենցից կամ Մարտիրոս Սարյանից մեկն ավելի շատ բան արած լինի Երեւանի համար, քան էն մարդիկ, որ Երեւանը կործանել են ամբողջ կյանքում, ու չեն հարգում ուրիշների արած գործը: Օրինակ, ես Երեւանում չեմ ծնվել, բայց Երեւանում երկու փառատոն եմ ստեղծել՝ Դեբյուտների փառատոնը եւ «Ոսկե ծիրանը», ստեղծել եմ աշուղ Ջիվանու արձանը, որը Երեւանից գնաց Ախալքալաք, «Ոսկե ծիրանի» 11 փառատոն եմ արել, «Եվրանյուզով» 10-ից ավելի հաղորդում՝ Երեւանի մասին: Այսինքն եւ գումարային, եւ բարոյական, եւ մտավոր առումով, չեմ կարծում, թե մեկնումեկն ավելին արած լինի: Բայց չնայած սրան, մի տեսակ, ասես Երեւանից վռնդված լինեմ, երբեմն վատ եմ զգում ինձ, փախչում եմ արտերկիր, որ մարդ զգամ ու վերադառնամ Երեւան… Միայնակությունը Երեւանում սարսափելի է, դու իրենց տեսակը չես, սորտը չես: Երեւանում իրենք մի տարօրինակ սորտ ունեն: Առաջ ԿԳԲ-ի սորտն էր, կինեմատոգրաֆիստներ կային, ասում էին՝ ես ԿԳԲ-ի աշխատող եմ նաեւ, զգույշ եղիր, կամ ասենք, Պուշկինի դպրոցի աշակերտների ընկերություն եմ, որոնք ուրիշ մարդ ներս չէին թողնում: Շա՜տ տխուր է… կարող ես ամենալավ բանն անել, բայց միեւնույն է՝ քեզ չեն սիրի, չեն գնահատի քո արածը Երեւանի ու երեւանցիների համար… Երբեմն ոմանք ասում են՝ էս ոնց թողեցինք էս գավառցուն սենց լկտի բաներ անի: Լկտի բաներն էլ ֆիլմ նկարելն է ու փառատոն անելը…»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում` Հարություն Խաչատրյանը՝ Թուրինի փառատոնի իր գլխավոր մրցանակով:

«Առավոտ» օրաթերթ
12.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031