Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆունդամենտալ աշխատանքս այստեղ է՝ Երեւանում»

Դեկտեմբեր 13,2014 13:00

Ազգային օպերային թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր
Կարեն Դուրգարյանն «արդարացնում» է հյուրախաղային իր խիտ գրաֆիկը

Միջազգային մշակութային դաշտում պահանջված արվեստագետները կյանքի մի մասն էլ անցկացնում են ինքնաթիռների մեջ: Նման արտիստների մասին խոսելիս հաճախ կատակում են՝ իբր նրանց ամսական թռիչքների ժամային տեւողությունը երբեմն կրկնակի ավելի է, քան սահմանված է օդաչուների կամ ուղեկցորդուհիների համար: Տարակուսանք է առաջացնում հատկապես այն փաստը, որ այդ ցանկալի հյուր հանդիսացող արվեստագետների շրջանում կան նաեւ այնպիսիները, որոնք պատասխանատու պաշտոն են զբաղեցնում: Դատելով վերջին երկու ամիսների հյուրախաղերից, ասվածը կարող ենք վերագրել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանին:
Դիրիժորը նոյեմբերին եվրոպական թատրոններում ղեկավարեց երեք պրեմիերա. Լայպցիգի օպերային թատրոնում՝ Ռախմանինովի երկրորդ եւ երրորդ դաշնամուրային կոնցերտների հիման վրա, ճանաչված խորեոգրաֆ Մարիո Շրույդերի բեմադրությամբ բալետային ներկայացումը, Լիոնի Ժան Նուվելի անվան օպերային թատրոնում Պրոկոֆեւի «Մոխրոտը»՝ Մագույ Մարինի խորեոգրաֆիայով եւ Մարիինյան թատրոնում Լեոնիդ Կլինիչեւի «Opera Bela» օպերային ներկայացումը՝ նվիրված Լերմոնտովի ծննդյան 200-ամյակին: Կարեն Դուրգարյանը նաեւ համերգով հանդես է եկել գերմանական հանրահայտ Gewandhaus նվագախմբի հետ:

Դեկտեմբերի12-ին նա դարձյալ Լայպցիգի օպերային թատրոնում կղեկավարի ռախմանինովյան բալետային ներկայացումը: Դուրգարյանի «հյուրախաղային» գործունեությունը, որ սկսվել է 2001 թվականից, ժամանակին այսչափ խիտ չէր: Այս տարիներին նա հանդես է եկել այլ թատրոններում նույնպես, այդ թվում՝ իտալական Կարյարիի, Վենետիկի, Լոնդոնի «Kolizey», Սանկտ Պետերբուրգի Միխայլովյան եւ այլն:
Մինչ մեկնումը «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Կարեն Դուրգարյանն ասաց, որ դեկտեմբերի 17-ին Մարիինյան թատրոնում իր ղեկավարությամբ կընթանա Վերդիի «Պարահանդես- դիմակահանդեսը», որից հետո անմիջապես կմեկնի Լայպցիգ՝ 18-ին բալետային ներկայացմանը մասնակցելու համար: Ժպտալով էլ հավելեց, թե հետո արդեն կգա տուն՝ Երեւանի օպերային թատրոն: Դիտարկմանը՝ իր «տանը» վերջին օպերային պրեմիերան կայացել է 4 տարի առաջ (Վերդի՝ «Աիդա»), 3 տարի առաջ էլ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետային ներկայացումը, մեր զրուցակիցը հիշեցրեց, որ նախորդ թատերաշրջանում օպերան վերազինվում էր ժամանակակից տեխնիկայով, որից անմիջապես հետո հանդիսատեսին ներկայացել են Բիզեի «Կարմեն» օպերային կատարումով: Առանց մանրամասնելու հավելեց, որ 2015թ. Ազգային օպերային թատրոնում նախատեսված են մի քանի օպերաների համերգային կատարումներ, հավանաբար նաեւ պրեմիերա, բալետային ներկայացումների վերականգնում եւ պրեմիերա, ճանաչված արտիստների, այդ թվում՝ դիրիժորների հյուրախաղեր:

«Պաշտոնական հրավեր ունենք հունիս-հուլիսին՝ մասնակցելու Գերգիեւի հիմնած հայտնի «Սպիտակ գիշերների աստղերը» փառատոնին: Այս պահին մտածում ենք այնտեղ ներկայացնել Տերտերյան: Թատրոնի նվագախմբի եւ մեներգիչների մասնակցությամբ կազմել ենք շուրջ 30 միջոցառում՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ոչ միայն մեզ մոտ, այլեւ արտերկրում: Անձնական հյուրախաղերիս մի մասն արդեն հայտնի է՝ Մյունխենի ֆիլհարմոնիկ եւ Իտալիայի Տրիեստե քաղաքի սիմֆոնիկ նվագախմբերի հետ նաեւ Դրեզդենի օպերային թատրոնում»,- հայտնեց Կ. Դուրգարյանը: Նրա ձեւակերպմամբ, իր ֆունդամենտալ աշխատանքն այստեղ է՝ Երեւանում: Դիրիժորը հավաստիացնում է, թե միջազգային իր կարիերան ինչ-որ առումով օգնում է արտերկրում ճանաչելի դարձնել մեր օպերային թատրոնը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031