Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պետք է պահենք ոչ թե տարածքը, այլ ժողովրդին` տարածքի վրա»

Դեկտեմբեր 13,2014 12:30

Վստահեցնում է ռեժիսոր Ռուբեն Բաբայանը՝
նկատի ունենալով սահմանամերձ գյուղերը

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ սիրված ռեժիսոր Ռուբեն Բաբայանն օրերս կայացած ասուլիսում անդրադառնալով սահմանամերձ գյուղերում ապրողներին՝ ասաց, որ մեր պարտքն է այդ մարդկանց կյանքը լիարժեք դարձնել բոլոր առումներով, քանի որ հայրենիքի սահմանի պաշտպանության թիկունքում նախ եւ առաջ սահմանին ապրող մարդիկ են:

Ռուբեն Բաբայանն «Առավոտի» հետ զրույցում էլ հայտնեց, որ ինքն օժանդակում է «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությանն ու տեղեկացրեց, որ դեկտեմբերի 20-21-ը նախաձեռնության անդամները պատրաստվում են ամանորյա ծրագրով այցելել սահմանամերձ Բաղանիս եւ Դովեղ համայնքներ:

Արվեստագետը նաեւ նշեց, որ իրենք` Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն այս անգամ չի գնալու սահմանամերձ գյուղեր՝ «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության հետ, որովհետեւ այս անգամ ուրիշ խումբ են տանում, բայց ավելացրեց, որ պայմանավորվածություն ունեն տարեկան մի քանի անգամ այցելել սահմանամերձ գյուղեր՝ ներկայացումներ խաղալու:

Ռեժիսորը տեղեկացրեց, որ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը նոյեմբերի 16-ին այցելել է սահմանամերձ Մովսես գյուղ, որտեղ էլ խաղացել է «Անխելք մարդը» ներկայացումը: Արվեստագետը կարծում է, որ ամենահետաքրքիր նախաձեռնությունները, գաղափարները, որպես կանոն, միշտ ծնվում են հասարակական կազմակերպությունների կողմից. «Այս առումով, պետության դերն այն կլինի, որ դրանք վերցնի, դնի կայուն հիմքերի վրա: Կայուն հիմք ասելով՝ նկատի ունեմ որոշակի ծրագրերի մեջ ներառելը, որպեսզի սահմանամերձ ոչ մի գյուղ դուրս չմնա, եւ ոչ միայն թատրոնները գնան այնտեղ, նաեւ ֆիլմեր տանեն, թանգարաններն իրենց նմուշները տանեն ցուցադրեն եւ այլն»:
Ռուբեն Բաբայանի խոսքով` «Մեր խնդիրը ժողովրդին պահելն է, մենք պետք է պահենք ոչ թե տարածքը, այլ ժողովրդին` տարածքի վրա: Այդ ուրիշ երկրներն են Հայաստանն ընկալում իբրեւ տարածք եւ իրենց համար կարեւոր չէ ժողովուրդը, բայց մեզ համար հակառակը պետք է լինի: Եթե այնտեղ ժողովուրդ ապրի, մենք այդ հողը կպաշտպանենք, եթե չապրի, շատ դժվար կլինի պահելը»:

Ու քանի որ սահմանամերձ գյուղերում մշակութային կայք չկա, ապա, ըստ Ռուբեն Բաբայանի, պետք է ամեն ինչ անել, որ այնտեղի մարդիկ ոչնչից զրկված չլինեն: «Իրենց երկրորդ կարգի մարդ չհամարեն: Պետությունը պետք է ուշադրության կենտրոնում պահի նրանց, որ նրանք էլ պետության մասին մտածեն: Չէ՞ որ ամեն ինչ փոխադարձ է», – վստահեցնում է նա:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031