Այսօր լրագրողների հետ զրույցում հարցին՝ չե՞ք կարծում, որ այսքան դեպքերից հետո ոստիկանապետը պիտի հրաժարական տա՝ ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը չհամաձայնեց. «Ինչի՞ պետք է: Օրական հազարավոր դեպքեր են լինում: Օրական նման խուլիգանական հարյուրավոր դեպքեր են լինում շրջաններում, ուրիշ բան, որ պետք է անպայման բացահայտվի: Բա մյուս օրն էլ ինձ են ծեծելու, ամոթ չի՞, այս տարիքում բռնեն ինձ ծեծեն»:
Նա ասաց, որ կատեգորիկ դեմ է այն կարծիքին , որ սա իշխանության ձեռքի գործն է, ընդհակառակը, իշխանության դեմ է հատուկ արված. «Իշխանությունը ո՞նց կարող է անի, երբ գիտի, որ ով էլ անի, իր վրա են գցելու»:
Նա վստահեցրեց, որ մթնոլորտը Հայաստանում անպատժելի չէ:
Մեր հարցին՝ վարկած կա, որ դրսի ուժերն են այս ամենը՝ ազատամարտիկների ծեծը նաեւ կազմակերպել՝ երկրում խառնակչություններ մտցնելու համար՝ Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Իհարկե, այդ դրսի ուժերն են հենց մեր տունը քանդողները: Ամենաշատ վնասը, որ մենք կրում ենք, այդ դրսի ուժերի կազմակերպած կամ ֆինանսավորած գործողությունների արդյունք է: Ես սա համարում եմ մեր դեմ կատարված քայլ»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ստացվում է այնպես, որ իշխանությունը ՀՀ-ում այն աստիճան չի վերահսկում իրավիճակը, որ դրսի ուժերը կարողանում են իշխանության դեմ գործողություն կատարե՞լ՝ նա պատասխանեց. «Եթե առանձին խուլիգանական դրսեւորումներով որոշենք իշխանության կայունությունը, ապա մենք սխալ կլինենք: Փողոցով գնալուց ցանկացած երկու վարորդ իրար ինչ ասես ասում են՝ կամ շչակի պատճառով, կամ այլ բանի, սա համարենք, որ իշխանությունը չի՞ կարողանում տիրապետել իրավիճակը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ