«Սասուն» ջոկատի հիմնադիր հրամանատար, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը կարծում է, որ հրամանատարներին ծեծի ենթարկելով՝ իշխանություններն ավելի են արագացնում ազատամարտիկների համախմբումը։
– Պարոն Միքայելյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ազատամարտիկների՝ մասնավորապես արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատարների նկատմամբ վերջին օրերին տեղի ունեցած բռնության ու ծեծի դեպքերը։ Ի՞նչ է դա նշանակում։
– Ես մեծ ցավ եմ ապրում այդ դեպքերի առթիվ ու իմ զորակցությունն եմ հայտնում հրամանատարներ Մանվել Եղիազարյանին, Ռազմիկ Պետրոսյանին եւ, առհասարակ, բոլոր այն ազատամարտիկներին, որոնց նկատմամբ այս կամ այն կերպ բռնություն է կիրառվել կամ երբեւէ կկիրառվի։ Ես կանգնած եմ նրանց կողքին եւ պատրաստ եմ ոչ միայն խոսքով, այլեւ գործով՝ հնարավոր բոլոր միջոցներով պատժել նման կարգի ստոր դավադրություն իրականացնողներին։ Այդ ստահակների կատարած քայլը բնորոշում եմ որպես թուրքից էլ դաժան արված արարք, որովհետեւ նրանք ձեռք են բարձրացրել ողջ արցախյան պատերազմն ուղն ու ծուծով անցած այն լեգենդար հրամանատարների վրա, որոնք կազմավորել ու իրենց հրամանատարությամբ մարտի են տարել 400-500 նվիրյալ ազատամարտիկների, որոնցից շատերն այսօր ննջում են Եռաբլուրներում, իսկ ոմանք էլ նույնիսկ հայրենի հողում գերեզմանի չեն արժանացել։
Մենք՝ ազատամարտիկներս, եղբայրներ ենք, արյունակից եղբայրներ, որովհետեւ մեր երակներով հոսում է Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, բանակի, զինանշանի, եռագույնի, մեր 7.000 նահատակների, ազգովի հաղթանակ կռած ու ազատ ապրող ժողովրդի արյունը։
Կարդացեք նաև
Եվ այսօր՝ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի նախաշեմին, մեր պետության համար բախտորոշ այս ժամանակաշրջանում ձեռք բարձրացնել նման կարգի հրամանատարների վրա, այն հրամանատարների, ովքեր մեր եղեռնազարդ պապերի չկրակած փամփուշտը ետ վերադարձրին մեր դարավոր ու նենգ թշնամուն՝ դրանով իսկ փրկելով մեր ազգին նոր եղեռնից, հայոց մայրերին ու կանաց՝ անպատվությունից։
Ես ուզում եմ հիշեցնել թուրքին վայել այդ արարքի հեղինակ ստահակներին, որ Մեծ եղեռնի ժամանակ թուրքերը հայ կանանց կրծքի պտուկներից թզբեխ էին պատրաստում կամ գրազ էին գալիս հղի կանանց փորը թրով բացելուց առաջ։ Իմ կարծիքով հրամանատարների վրա ձեռք բարձրացրածների արարքը չի տարբերվում թուրքերի արարքներից, իսկ ինձ համար թուրքը մնում է թուրք։ Իրեն հայ համարող յուրաքանչյուր ոք պետք է պաշտպանի հենց այդ տղաներին եւ ոչ թե մեր երկիրն ու ժողովրդին կործանման տանող իշխանություններին հաճոյանալու համար՝ ձեռք բարձրացնի նրանց վրա։
Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում