Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը հաշմանդամային սպորտով զբաղվելու ցանկություն չունի՞

Դեկտեմբեր 11,2014 21:30

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանն ու համակարգող Վարդուհի Արամյանը հանգամանալից խոսեցին հանրապետությունում հաշմանդամային սպորտ անմխիթար վիճակի, պետության կողմից անուշադրության մատնված լինելու մասին:

Սամվել Ռոստոմյանի խոսքերով իրենց ֆեդերացիան, որ հիմնադրվել է 2009 թվականին, պետական աջակցություն չի ստանում: «Հաշմանդամային սպորտ հասկացությունը Հայաստանում սկսվեց 90-ականների սկզբին, երբ դեռ չէր կազմավորվել Պարալիմպիկ խաղերի ազգային ֆեդերացիան: Սակայն ստեղծվեց թիմ, որը պարալիմպիկ երկու խաղերում Հայաստանը ներկայացրեց պատվով: Բայց 2000 թվականից դա վերջացավ: Դրանից հետո մեր պատվիրակությունները Պարալիմպիկ խաղեր մեկնում էին տուրիստի կարգավիճակով: Դա ինձ ստիպեց ավելի խորն ուսումնասիրել միջազգային փորձը եւ պրակտիկան, անգամ՝ իմ վրա: Աչքերս փակ իջել եմ սարից, գիշերը առագաստանավ եմ վարել, լեզու չիմանալով փորձել եմ կույրին սարից իջեցնել… դրանից հետո համոզվեցի եւ որոշեցի, որ այս ամենը Հայաստանում կարելի է վերստին կյանքի կոչել եւ 2009-ին ստեղծեցինք Հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիան: 90-ականներից մինչեւ 2009 թվականը հաշմանդամային սպորտի Հայաստանի առաջնություն չէր անցկացվել: Մենք առանց պետության աջակցության վեց մարզաձեւից Հայաստանի առաջնություն կազմակերպեցինք: Բայց եղած միջոցները սպառվեցին, դրանց հետ միասին նաեւ՝ առաջնությունները: Առանց պետական աջակցության հաշմանդամային սպորտը չի կայանա: Մեկ կազմակերպության շրջանակներում դա վերածվում է մեկ թիմի, մեկ մարդու սպորտի կամ ժամանցի: Մրցակցություն չի ստացվի, մասսայականություն չի լինի», – ասաց Սամվել Ռոստոմյանը:

Ֆեդերացիայի համակարգող Լաուրա Արամյանն էլ հավելեց, որ 2000 թվականից ի վեր հաշմանդամային սպորտը պետությունից ֆինանսավորվում է ընդամենը 9 մլն. դրամ, որը բաշխվում է չորս ՀԿ-ների մեջ: «Մենք թե ֆինանսական, թե կազմակերպական, թե օրենսդրական, թե համակարգային, հայեցակարգային փոփոխությունների բազում այլ առաջարկություններ ենք ներկայացրել, բայց սառույցը տեղից չի շարժվում», – ասաց բանախոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031