«Գասպարյան արտ-ստուդիայի» պատանի սաներն այսօր Մանկական արվեստի զարգացման մշակութային կենտրոնում իրենց աշխատանքների ցուցահանդես էին բացել «Շախմատը երեխաների հեքիաթային աշխարհում» խորագրով: 4-16 տարեկան երեխաները շուրջ երկու տարվա ընթացքում պատրաստել էին շուրջ 60 աշխատանքներ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, գոբելեն, պաննո, որոնք շուտով նվիրելու են «Շախմատի ակադեմիային»:
«Գասպարյան արտ-ստուդիա» ՀԿ նախագահ Հովհաննես Գասպարյանն Aravot.am-ին ասաց, որ այս գաղափարը ծնվել է դեռ մի քանի տարի առաջ, երբ իրենք ծանոթանալով «Շախմատի ակադեմիայի» տնօրեն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ՝ ակադեմիա այցելելու առիթ ունեցան: «Մենք հիացել էինք ակադեմիայի շենքով, եղած պայմաններով: Բայց մի բան էինք նկատել. պատերը դատարկ են: Հենց այդ ժամանակ էլ մտածեցինք մեր երեխաների ուժերով շախմատային թեմաներով աշխատանքներ ստեղծել, մեր ստուդիայում ցուցահանդես կազմակերպել, այնուհետեւ աշխատանքները նվիրել ակադեմիային: Այսօր այդ առիթն ստեղծվեց ու դա կլինի մեր ամանորյա նվերը «Շախմատի ակադեմիային», – ասաց Հ. Գասպարյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով. «Այն, ինչ երեխաներն են ստեղծագործում, ստանդարտներից դուրս է: Դա վերաբերում է թե շախմատին, որտեղ երեխան խաղատախտակի առջեւ ստեղծագործում է, թե արվեստին՝ նկարչությանը, քանդակին եւ այլն: Այս առումով մեր կենտրոնի եւ շախմատային ակադեմիայի երեխաները շատ ընդհանրություններ ունեն եւ մենք վստահ ենք, որ մեր սաների՝ ակադեմիայի պատերը զարդարող աշխատանքները կօգնեն ակադեմիայի պատանի շախմատիստներին նորարար նոր կոմպոզիցիաներ մտածել»:
Ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվող «Շախմատի ակադեմիայի» տնօրեն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը աշխատանքներին ծանոթանալով՝ ասաց. «Այս ցուցադրությունները ջերմություն են առաքում, քանի որ երեխաների հոգին շատ ջերմ է եւ շատ սիրելի: Ես ուրախ եմ, որ շախմատը ճանաչված եւ սիրված է թե մեծահասակների, թե երեխաների շրջանում: Ամեն դեպքում շախմատը լավ, օգտակար խաղ է եւ ինքն էլ արժանի է ուշադրության, ջերմության: Պատկերացնում եմ, թե երեխաները, որքան է փորձել պատկերացնել, զգալ շախմատի էությունը, իսկ դուք՝ մանկավարժներդ, օգնել ցանկությամբ, մտքով, որի արդյունքում ստեղծվել են այսքան գեղեցիկ ու ջերմ աշխատանքներ»: