Լրահոս
Օրվա լրահոսը

Իրակլի Ղարիբաշվիլի. «Մեկ կամուրջ կկառուցվի, որն անվանեցինք Բարեկամության կամուրջ»

Դեկտեմբեր 11,2014 19:29

Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:

Ստորև ներկայացվում է Հայաստանի և Վրաստանի վարչապետների հայտարարությունների տեքստն ամբողջությամբ.

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան – Քիչ առաջ ավարտվեց Վրաստանի վարչապետ, հարգարժան պարոն Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումը, որն անցավ շատ ջերմ և բարեկամական մթնոլորտում: Վերահաստատելով երկու երկրների միջև առկա ամուր բարեկամական կապերը և պատրաստակամությունը՝ էլ ավելի զարգացնելու առկա հարաբերությունները, քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին առևտրատնտեսական հարաբերություններին, ենթակառուցվածքների զարգացմանը, տրանսպորտային կապի բարելավմանը, հումանիտար և մշակութային կապերի խորացմանը:

Հատուկ ընդգծվեց հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և կանոնավոր հանդիպումների անհրաժեշտությունը, որը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցն է:

Շահագրգիռ քննարկումներ կայացան ենթակառուցվածքների զարգացման և տրանսպորտային կապի բարելավման հետ կապված հարցերի շուրջ: Մանրամասն քննարկվեց սահմանային անցակետերի արդիականացման խնդիրը, մասնավորապես, Բագրատաշեն-Սադախլո անցակետում նոր՝ Բարեկամության կամուրջի շինարարության հարցը, ինչի համար շնորհակալ եմ Վրաստանի վարչապետից:

Մեծապես կարևորվեց Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեությունը: Էներգետիկ ոլորտում կարևորվեց Հայաստան-Վրաստան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցումը: Զբոսաշրջության զարգացման առումով ընդգծվեց Երևան-Թբիլիսի, Երևան-Բաթումի կանոնավոր չվերթների իրականացման անհրաժեշտությունը: Երկուստեք կարևորվեց նաև պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման և վերականգնման խնդիրը:

Ամփոփելով խոսքս՝ կարող եմ նշել, որ բանակցություններն ընթացան բարեկամ երկրներին բնորոշ ջերմ և կառուցողական մթնոլորտում: Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը հրավերի և ջերմ ընդունելության համար:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի  – Ցանկանում եմ նշել, որ ընթացիկ տարին Վրաստանի և Հայաստանի հարաբերությունների հարցում առանձնապես ակտիվ դինամիկայով է աչքի ընկնում: Օգոստոսին պաշտոնական այցով գտնվում էի Հայաստանում: Այցի ժամանակ մենք քննարկեցինք մեր երկրների միջև հարաբերությունների լայն շրջանակ և նախանշեցինք դրանց հետագա զարգացման հեռանկարներ: Այսօրվա հանդիպումը մեր ընդհանուր շահերի հետ կապված հարցերի շուրջ Երևանում սկսված երկխոսության շարունակությունն է:

Մենք նշեցինք, որ Հայաստանի և Վրաստանի միջև գոյություն ունեն սերտ հարաբերություններ ՝ և´ քաղաքական, և´ տնտեսական, և չնայած նրան, որ հունվարից Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ, իսկ Վրաստանն ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագիր, մեր հարաբերությունների վրա դա չի ազդի. ընդհակառակը, մենք դա կկիրառենք մեր երկրների շահերի համար:

Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում երկու երկրների միջև գոյություն ունեցող առևտրային ռեժիմի պահպանմանը և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը: Ցանկանում եմ նշել նաև, որ այսօրվա հանդիպումը մեկ անգամ ևս հավաստեց, որ Հայաստանի և Վրաստանի՝ որպես բարեկամ երկրների միջև կա կամք՝ էլ ավելի զարգացնելու մեր փոխշահավետ հարաբերությունները: Մենք այսօր հավաստեցինք, որ մեկ կամուրջ կկառուցվի, որն անվանեցինք Բարեկամության կամուրջ: Շնորհակալություն Հայաստանի վարչապետին և պատվիրակությանը Վրաստան կատարած այցի համար:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031