Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

Դեկտեմբեր 11,2014 18:24

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին՝ դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտելու կապակցությամբ:

Նախագահը Հայաստանի իշխանությունների և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել դեսպան Պավլյուկին Հայաստանում իր պաշտոնավարման ժամանակաշրջանը պատվով և հաջողությամբ ավարտելու համար՝ ընդգծելով, որ պարոն Պավլյուկի վրա, որպես Հայաստանում ԵԽ գրասենյակի առաջին ղեկավարի, մեծ պատասխանատվություն էր դրված: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հաջորդ դեսպանը նույն նվիրումով և եռանդով կշարունակի իր նախորդի գործը: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում և բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Նախագահի խոսքով, ինչպես Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ դառնալուց տարիներ առաջ, այնպես էլ այսօր, որպես ԵԽ անդամ, Հայաստանն օգտվել և օգտվում է կազմակերպության փորձագիտական ներուժից, ինչն էական նշանակություն ունի մեր երկրի օրենսդրությունն ու պրակտիկան եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելու, Հայաստանի հատուկ և կանոնադրային պարտավորությունները կատարելու առումով:

Օլեքսանդր Պավլյուկը ևս արդյունավետ է համարել Հայաստանի հետ իր գլխավորած գրասենյակի համագործակցությունը և անցած երկու տարիներին Հայաստան-ԵԽ Գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ մեծածավալ աշխատանքը՝ նշելով, որ ժողովրդավարական գործընթացները խորացնելու և ամրապնդելու նպատակով, ՀՀ արտգործնախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ քննարկվում է նոր՝ 2015-2017թթ. Գործողությունների ծրագիր մշակելու հարցը:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ դառնալուց հետո առաջին անգամ, 2013թ. մայիսի 16-ին վեց ամիս ժամկետով ստանձնելով ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը, Հայաստանը հաջողությամբ իրականացրեց իր առաքելությունը, որը ԵԽ-ում արժանացել է նաև կազմակերպության ղեկավարության դրական գնահատականներին:

ԵԽ-ի հետ մեր երկրի արդյունավետ համագործակցությունը Նախագահ Սերժ Սարգսյանը պայմանավորել է նաև այն հանգամանքով, որ Հայաստանի և ԵԽ-ի նպատակներն ամբողջությամբ համընկնում են:

Նախագահը հաջողություններ է մաղթել Օլեքսանդր Պավլյուկին՝ հետագա գործունեության մեջ և հույս հայտնել, որ նա Հայաստանից կտանի լավագույն հիշողություններ և կշարունակի լինել Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031