Լրահոս
Օրվա լրահոսը

Համաժողովրդական շարժումը խստորեն դատապարտում է ազատամարտիկների նկատմամբ իրականացված նողկալի արարքը

Դեկտեմբեր 11,2014 17:42

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության նիստում քննարկվել է ազատամարտիկների վրա կատարված հարձակման հարցը։ Երեք կուսակցությունների անունից տարածվել է հետեւյալ հայտարարությունը։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայ հասարակությանը ցնցեց դեկտեմբերի 9-ին արցախյան ազատամարտի հրամանատարներ, Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամներ Ռազմիկ Պետրոսյանի («Ապարան» ջոկատի հրամանատար) եւ Մանվել Եղիազարյանի («Արաբո» ջոկատի հրամանատար), իսկ դեկտեմբերի 10-ին Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամ եւ մամլո խոսնակ Սուրեն Սարգսյանի վրա ավազակային հարձակումները։

Ռեժիմը, դավադրաբար, ձեռք է բարձրացնում մարդկանց վրա, որոնք ոչ միայն 1988-ից Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներ էին, այլեւ այդ Շարժման այն հերոսներից, որ ինքնակամ, անձնազոհաբար գնացին պաշտպանելու Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանի սահմանները։ Ռեժիմը դրանով անարգում է ազատամարտի երեւույթը որպես այդպիսին՝ մահացու վիրավորելով նրա բոլոր մասնակիցներին ու ներկայացուցիչներին։ Փոքրոգի ու զազրելի այս արարքով Սերժ Սարգսյանի վարչախումբը նաեւ ցուցադրում է իր վախը ամբողջական իշխանափոխության օրակարգով ծավալված Համաժողովրդական շարժման նկատմամբ, որին աջակցում է նաեւ Ազատամարտիկների դաշինքը։ Այս քայլով վարչախմբը մատնում է սեփական հոգեվարքային վիճակը, երբ առողջ բանականությունն ու տրամաբանությունը անվերադարձ տեղի են տալիս։

Համաժողովրդական շարժումը խստորեն դատապարտում է ազատամարտիկների նկատմամբ իրականացված նողկալի արարքը, կոչ անում հասարակության բոլոր շերտերին ու անդամներին համախմբվել Համաժողովրդական շարժման շուրջ՝ օր առաջ լուծելու համար ամբողջական եւ համակարգային իշխանափոխության առաջնահերթ խնդիրը։

 

Հայ ազգային կոնգրես

Հայաստանի ժողովրդական կուսակցություն

Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցություն

 

11.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031