Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքա՜ն քաղցած ազգ ենք մենք. մի՞թե ստամոքսը այդպես էլ չի հագենում». Վարդան Մկրտչյան

Դեկտեմբեր 11,2014 17:14

Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի շենքի կառուցման համար, նախնական հաշվարկներով, մոտ 4 մլն դոլար է անհրաժեշտ: Սակայն այս տարվա մայիսից սկսված համազգային դրամահավաքի արդյունքում ընդամենը 4000 դոլար է հավաքվել. «Դրամահավաքը դեռ չի կարողանում հասնել կամ նույնիսկ մոտենալ մեր երազած արդյունքին: Գործնականորեն շատերն են արձագանքում, ու թեև հաճախ շատ փոքր չափերով, բայց կարևորն այն է, որ այս դրամահավաքը, իրավամբ, համազգային բնույթ է ստանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը՝ հավելելով, որ այս ընթացքում երկու խոշոր նվիրատվություն է եղել (մեկական միլիոն դրամ՝ ամերիկաբնակ Խաչիկ և Արմինե Թիթիզյանների և «Անելիք բանկ» ՓԲԸ-ի կողմից), որոնցից մեկը տրամադրել են Պանթեոնում Սոս Սարգսյանի հուշարձանի կառուցմանը:

Թատրոնի տնօրենը, սակայն, խոստովանում է, որ դրամահավաք կազմակերպելու ուղղությամբ խոշոր միջոցառումներ չեն արել այս տարի: Նախատեսում են 2015-ին՝ հուսալով առավել ակտիվորեն գործն առաջ տանել:

Դրամահավաքը՝ դրամահավաք, բայց Համազգայինի տնօրենը շենքի կառուցումն առանց պետական աջակցության ի սկզբանե անիրատեսական է համարում. «Իմ կանխատեսմամբ՝ դրամահավաքի արդյունքում մենք, լավագույն դեպքում, կարող ենք ունենալ մինչև 1 մլն դոլար, իսկ մնացած մասն արդեն ակնկալում ենք պետությունից»,- ասաց Վ. Մկրտչյանը: Ուշագրավ է, սակայն, որ մշակույթի նախարարության՝ 2015 թ. բյուջեով որևէ գումար նախատեսված չէ թատրոնի շենքի համար:

Դիտարկմանը, որ ՀՀ նախագահը Սոս Սարգսյանին խոստացել էր լուծել թատրոնի շենքի հարցը, Վ. Մկրտչյանը պատասխանեց, որ այս ընթացքում նախագահը որևէ կերպ չի արձագանքել այդ հարցին. «Վերջին ամիսներին ուզում էինք դիմել նախագահին, բայց այդ ժամանակահատվածի խառն իրադարձությունները մեզ բարոյական իրավունք չտվեցին նման իրավիճակում անհանգստացնել նախագահին մեր շենքի հարցով»,- հավելեց նա:

Հարցին՝ արդյո՞ք տարօրինակ չէ, որ քաղաքում օր օրի ավելանում են խանութներն ու սննդի կետերը, բայց մի թատրոնի շենք կառուցել այդպես էլ չի հաջողվում, Վ. Մկրտչյանը պատասխանեց, որ և´ տարօրինակ է, և´ ցավալի. «Մեկ-մեկ մտածում եմ` ինչքա՜ն քաղցած ազգ ենք մենք. անընդհատ սննդի կետեր են բացվում: Մի՞թե մարդիկ այդքան սոված են մեր երկրում, մի՞թե ստամոքսը այդպես էլ չի հագենում: Այդ կառույցները սնկի նման աճում են, և, հավանաբար, դրա կարիքը, պահանջը կա, որ աճում են, բայց, գիտե՞ք, թատրոնի պահանջ էլ կա, թատրոն գնացողներ ու մշակույթի կարիք ունեցողներ էլ կան: Ցավոք, հիմա վերջիններս մի քիչ խեղճացել են, բայց ես չեմ կարծում, որ այդ խեղճությունը երկար կտևի: Վերջին շրջանում հասարակությունը մի տեսակ քաղաքականացված ու ագրեսիվ է դարձել: Նկատե՞լ եք, որ մշակութային իրադարձությունները, որևէ գեղեցիկ բանի ծնունդը բավականին ուշ են հասնում մեր հանրությանը, իսկ մարդասպանությունները, գռեհիկ լուրերն անմիջապես տարածվում են երկրով մեկ»,- մտահոգվում է արվեստագետը:

Եվ չնայած այս ամենին՝ Ս. Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնն այս տարի 3 պրեմիերա է ունեցել (Վ. Շեքսպիրի «Համլետ», Դանիել Խարմսի «Любовь» և Ռեյ Կունի «Ծիծաղելի փողեր» պիեսի հիման վրա բեմադրված «Ջեք-փոթ» ներկայացումները), իսկ 4-րդը՝ Գուրգեն Խանջյանի «Արտավազդ-Շիդար» պիեսը (բեմադրության հեղինակ՝ Արմեն Մեհրաբյան), նախատեսվում է դեկտեմբերի 19-ին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031