ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում այսօր տեղի ունեցավ «Երեւանում զբոսավարների միջազգային ուսումնական կենտրոնի հիմնման մասին» համաձայնագրի ստորագրման արարողությունը:
Փաստաթղթի ստորագրումը ենթադրում է, որ Հայաստանում բացվելու է զբոսավարների վերապատրաստման միջազգային 3-րդ կենտրոնը, իսկ արդեն գործող երկու կենտրոնները գտնվում են Կիպրոսում եւ Մալայզիայում:
Համաձայնագիրը ստորագրեցին «Հայ զբոսավարների գիլդիա» հասարակական կազմակերպության նախագահ Լիա Բախշյանը եւ Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ֆելիսիտաս Վրեսնիգը:
Ինչպես ներկայացրեց «Հայ զբոսավարների գիլդիա» հասարակական կազմակերպության նախագահ Լիա Բախշյանը՝ զբոսավարների վերապատրաստման կենտրոնի բացումը հնարավորություն կտա զարգացնել տուրիստական գիդերի պրոֆեսիոնալ հատկությունները. «Դասընթացները կազմակերպվելու են ոչ միայն հայաստանցի, այլեւ աշխարհի բոլոր երկրների զբոսավարների համար»:
Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ֆելիսիտաս Վրեսնիգի խոսքով էլ՝ կենտրոնի բացումը կնպաստի Հայաստանի՝ որպես զբոսաշրջային երկրի, միջազգային ճանաչմանը:
Արդյունքում, Հայաստանում կազմակերպվելու է զբոսավարների միջազգային դասընթացների երկու փուլ: Դասընթացների առաջին փուլը մեկնարկեց հենց բացման արարողությունից հետո, իսկ երկրորդ փուլը կլինի 2015 թվականին:
Ինչպես ներկայացվեց փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ՝ վերապատրաստման միջազգային 3-րդ կենտրոնի հիմնման գործընթացը մեկնարկել էր 2011 թվականից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության եւ USAID-ի աջակցությամբ: Ուսումնական կենտրոնը գործելու է Երեւանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ